ԱշխարհԼուրերՏեսանյութ

NASA-ի զոնդը 6,4 կիլոմետր վայրկյան արագությամբ կբախվի մոտ 150 մետր տրամագիծ ունեցող աստերոիդին

Այս առաքելությունը Երկիր մոլորակը տիեզերական վտանգավոր օբյեկտներից պաշտպանելու փորձ է:

Ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը և Իլոն Մասկի հայտնի SpaceX տիեզերական ընկերությունը Կալիֆորնիայի տիեզերակայանից արձակել են Falcon 9 հրթիռը՝ հատուկ անօդաչու ապարատով, որը պետք է փորձարկի Երկիր մոլորակի պաշտպանությունը պոտենցիալ վտանգավոր տիեզերական օբյեկտներից: Հրթիռի արձակմանը կարելի էր հետևել NASA-ի կողմից հատուկ կազմակերպված հեռարձակման միջոցով։

NASA-ի այս առաքելությունը ստացել է DART (Double Asteroid Redirection Test) անվանումը և դարձել աշխարհի առաջին նախագիծը, որը նախատեսված է փոխել վտանգավոր տիեզերական օբյեկտների, այդ թվում՝ աստերոիդների հետագիծը:

Իլոն Մասկի SpaceX ընկերության հանրահայտ Falcon 9 հրթիռը տիեզերք է բարձրացրել մոտ 600 կիլոգրամ կշռող զոնդը։ Սպասվում է, որ 10 ամսից այդ զոնդը մոտ 6,4 կիլոմետր վայրկյան արագությամբ կբախվի մոտ 150 մետր տրամագիծ ունեցող Երկրին մոտ գտնվող «Դիմորֆ» կոչվող աստերոիդին, ինչի արդյունքում աստերոիդի ուղեծիրը պետք է փոքր-ինչ շեղվի։

«Մենք պատրաստվում ենք բախվել աստերոիդին։ Անգամ հավատս չի գալիս, որ մենք դա անում ենք»,- Falcon 9-ի արձակումից առաջ ասել է NASA-ի ծրագրի թոփ մենեջեր Օմար Բաեզը։

NASA-ի մոլորակագիտության ստորաբաժանման ղեկավար Լորի Գլեյզը նշել է. «Աստերոիդը, որին մենք ուզում ենք բախվել, ֆուտբոլի մարզադաշտի չափ է: Եվ մենք պետք է խփենք դրան սովորական սառնարանի չափի առարկայով»։

Գլեյզը բացատրել է, որ կոնկրետ այդ աստերոիդը՝ «Դիմորֆը», չի սպառնում մեր մոլորակին, բայց ապագայում ինչ-որ աստերոիդ կամ այլ տիեզերական մարմին կարող է վտանգավոր լինել մոլորակի և նրա վրա կյանքի համար: Այդ իսկ պատճառով է, որ NASA-ն ներկայումս մշակում է մեր մոլորակն այդ վտանգից պաշտպանելու տեխնոլոգիա:

DART առաքելությունը NASA-ին կարժենա մոտ 330 մլն դոլար։ Դրանցից 69 միլիոնը ստացել է SpaceX-ը, որը 2019 թվականին շահել էր տիեզերք զոնդի արձակման կոնտրակտը։ Ընկերության համար սա առաջին նման փորձն է։

«Սա «ամենաթույն» առաքելությունն է»,- հայտարարել է Ջուլիանա Շեյմանը՝ SpaceX-ի քաղաքացիական արբանյակային առաքելությունների գծով տնօրենը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել