1ԳլխավորԼուրերՔաղաքականություն

Շիրակի մարզի Արթիկ, Ախուրյան, Ամասիա, Աշոցք համայնքներում շուտով կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Շիրակի մարզի Արթիկ, Ախուրյան, Ամասիա, Աշոցք համայնքներում։

Արթիկ համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնում իրենց թեկնածուներին են առաջադրել 6 քաղաքական ուժ՝ Ազատական, «Ապրելու երկիր», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հանուն Հանրապետության Ժողովրդավարության պաշտպանների դաշինք», «Միասնական Արթիկ» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Ազատական կուսակցությունը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Արթիկի քաղաքապետի տեղակալ Արտակ Հարությունյանի թեկնածությունը։ Կուսակցության ցուցակում ընդգրկված է 34 թեկնածու։

«Ապրելու երկիր» կուսակցությունն առաջադրել է Արթուր Ասոյանի թեկնածությունը, վերջինս «Վոլյում Գրուպ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Կուսակցության ցուցակում ընդգրկված է 28 թեկնածու։

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունն առաջադրել է նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Մաթիլյանի թեկնածությունը։ Կուսակցության ընտրացուցակում ընդգրկված է 22 թեկնածու։

«Հանուն Հանարապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունն առաջադրել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանի թեկնածությունը։ Կուսակցության ցուցակում առաջադրված է 36 թեկնածու։

«Միասնական Արթիկ» կուսակցությունների դաշինքն առաջադրել է Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանի թեկնածությունը։ Դաշինքը բաղկացած է «Արդարություն» և «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցություններից, ցուցակում ընդգրկված է 55 թեկնածու։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է Պեմզաշեն համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի թեկնածությունը։ Կուսակցության ցուցակում ներառված է 40 թեկնածու։

Ախուրյան համայնքում պայքարը կընթանա «Ախուրյան», «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև։

«Ախուրյան» կուսակցությունների դաշինքն առաջադրել է Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանի թեկնածությունը։ Դաշինքը բաղկացած է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Բարգավաճ Հայաստան», «Համերաշխություն» և Երկիր Ծիրանի կուսակցություններից։ Դաշինքի ցուցակում ընդգրկված է 51 թեկնածու։

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքն առաջադրել է Մարմարաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանի թեկնածությունը։ Դաշինքը կազմված է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Վերածնվող Հայաստան» կուսակցություններից, դաշինքի ցուցակում ներառված է 38 թեկնածու։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է Առափի համայնքի ղեկավար Ալբերտ Այվազյանի թեկնածությունը։ Կուսակցության ցուցակում ընդգրկված է 38 թեկնածու։

Ամասիա համայնքում իրենց թեկնածուներին են առաջադրել 3 քաղաքական ուժ՝ «Ամասիա-Արփի» կուսակցությունների դաշինքը, Հայաստանի Հանրապետական և«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

«Ամասիա-Արփի» կուսակցությունների դաշինքն առաջադրել է Ամասիա համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ջեմմա Հարությունյանի թեկնածությունը։ Դաշինքը կազմված է «Համերաշխություն» և «Ազատություն» կուսակցություններից։ Դաշինքի ցուցակում ընդգրկված է 38 թեկնածու։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Ամասիա համայնքի ղեկավարի օգնական Արթուր Մկրտումյանի թեկնածությունը։ Կուսակցության ցուցակում ընդգրկված է 28 թեկնածու։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է Արփի համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանի թեկնածությունը։ Կուսակցության ցուցակում առաջադրված է 32 թեկնածու։      

Աշոցք համայնքում իրենց թեկնածուներին են առաջադրել «Բարգավաճ Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջադրել է Վարուժան Հարությունյանի թեկնածությունը, վերջինս Գետահովիտի միջնակարգ դպրոցի մանկավարժ է։ Կուսակցության ցուցակում ընդգրկված է 17 թեկնածու։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի թեկնածությունը։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան դեկտեմեբրի 5-ին 36 համայնքներում։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել