ԼուրերՔաղաքականություն

Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ. ովքե՞ր են առաջադրված թեկնածուները

Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Գավառ համայնքում ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 3 քաղաքական ուժ, ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով։ Համայնքներում ամենաշատ քվե ստացած քաղաքական ուժի ցուցակի առաջին համարի թեկնածուն կդառնա համայնքապետ:

Գավառ համայնքում իր թեկնածուին է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ առաջադրելով ԱԺ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի թեկնածությունը: Նարեկ Գրիգորյանը ծնունդով Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է: 2018-2020թթ. եղել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի տեղակալը: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ազատվել է ծառայությունից ինքնավնասման պատճառով։

«Մեր համայնքը» դաշինքն առաջադրել է Լավրիկ Արևշատյանի թեկնածությունը: Վերջինս 2005 թվականից ՀՅԴ կուսակցության անդամ է: 

Լավրիկ Արևշատյանը Գավառից է։ 2018 թվականի սկզբից մինչև 2021 թվականի սկիզբը եղել է Գավառի Սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետը: Նա ՀՅԴ ցուցակից պատգամավորի թեկնածու է առաջադրվել 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին։ Ներկայում որևէ պաշտոն չի զբաղեցնում։ Դաշինքը կազմված է «Համերաշխություն» և «ՀՅԴ» կուսակցություններից։

«Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը առաջադրել է գործող համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանին: Վերջինիս ղեկավարման տարիներին ՀՀ ոստիկանությունը խոշոր չափերի չարաշահումների դեպքեր էր գրանցել։ Ոստիկանության հայտարարությունում, մասնավորապես, նշվում էր. «Չարաշահելով պաշտոնեական լիազորությունները՝ առանց փաստաթղթային ձևակերպման թույլատրել է մասնավոր շինանյութի առևտրով զբաղվող իր մտերիմ անձին ապամոնտաժել Գավառի Ազատության 2-րդ փողոցի մանկապարտեզի շենքը և տնօրինել ապամոնտաժման արդյունքում գոյացած շուրջ 3 միլիոն 500 հազար դրամ շուկայական արժեքով իրացված շինանյութը»։

Մարտունի համայնքում ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 6 քաղաքական ուժ։

«Ալաշկերտ» դաշինքի ցուցակը գլխավորում է Սեդրակ Սահակյանը, 1997թ.-ից աշխատում է «Մարտունու ծննդատուն» ՊՓԲԸ-ում որպես բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ: Դաշինքի ցուցակում առաջադրված է 43 թեկնածու։

«Ապրելու երկիր» կուսակցությունն ընտրություններին առաջադրել է Արամ Մանուկյանի թեկնածությունը, նա 2016 թվականից շուրջ հինգ տարի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ավագանու անդամ է եղել։ Մասնագիտությամբ տնտեսագետ է, այժմ շինարարական ընկերության տնօրեն է։

Կուսակցության ցուցակում առաջադրված է 19 թեկնածու։

«Արդար Հայաստան» կուսակցությունն առաջադրել է Արարատ Խաչատրյանի թեկնածությունը։ Կուսակցության ցուցակում առաջադրված է 23 թեկնածու։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջադրել է Նաղաշ Հակոբյանի թեկնածությունը: Վերջինս ատամնաբույժ է։ Կուսակցության ցուցակում առաջադրված է 14 թեկնածու։

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն առաջադրել է Ռադիկ Հարությունյանի թեկնածությունը։ Կուսակցության ցուցակում ընդգրկված է 17 թեկնածու։

«Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է Վարդենիկ գյուղի գյուղապետ Հովհաննես Հովեյանի թեկնածությունը։ Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 76 թեկնածու։

Սևան համայնքում իրենց թեկնածուներին են առաջադրել 3 քաղաքական ուժ։

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունն առաջադրել է 14 թեկնածուի, ցուցակը գլխավորում է ՀՅԴ Գեղարքունիքի մարզային կոմիտեի նախագահ Արտակ Վարդանյանը։

«Հանրապետություն» կուսակցության ցուցակում ընդգրկված է 23 թեկնածու։ Ցուցակը գլխավորում է Սևան համայնքի ավագանու անդամ Աշոտ Նարդարյանը։

«Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքն առաջադրել է 37 թեկնածուի, ցուցակը գլխավորում է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։

«Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունն այս համայնքում չունի թեկնածու, բայց ինչպես նշում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Սևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտպանում է «Սարգիս Մուրադյան» դաշինքի առաջին համար Սարգիս Մուրադյանի թեկնածությունը»։

Վարդենիս համայնքում իրենց թեկնածուներին են առաջադրել 3 քաղաքական ուժ։

«Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է Գեղարքունիքի մարզի Տորֆավան համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի թեկնածությունը, դաշինքը բաղկացած է «Համերաշխություն» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություններից։

«Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքն առաջադրել է նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանի թեկնածությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է համայնքի ղեկավար Արամ  Մելքոնյանի թեկնածությունը։ 

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել