Ինչպիսի՞ն էին միջազգային արձագանքները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական հարձակման շուրջ

Նախորդ օրը՝ նոյեմբերի 16-ին, Ադրբեջանի ԶՈւ-երը մարդկային ուժի և զինտեխնիկայի ներգրավմամբ լայնածավալ հարձակման էին անցել Հայաստանի հարավ-արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Ընթացած մարտական գործողությունների արդյունքում, ըստ ՀՀ ՊՆ-ի հաղորդած վերջին տվյալների, հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։
ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգույի նախաձեռնությամբ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի և ԱՀ ՊՆ Զաքիր Հասանովի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցներից հետո երեկոյան ժամը 18:00-ից կողմերը դադարեցրեցին ռազմական գործողությունները՝ համաձայն հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածության:
ՀՀ ՊՆ հաղորդմամբ՝ մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Ինչպես նաև հաղորդվում է երկու մարտական հենակետի հակառակորդի վերահսկողության տակ անցնելու մասին։
Մարտական գործողությունների ընթացքում և դրանից հետո չուշացան նաև միջազգային արձագանքները, որոնք կրկին ունեին լղոզված, անհասցե և երկիմաստ տեքստեր՝ չնայած այն հստակ հանգամանքին, որ ադրբեջանական բանակի հարձակումը տեղի էր ունեցել հենց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա:
Այսպես, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը խիստ մտահոգություն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վատթարացման կապակցությամբ՝ պաշտոնական հաղորդագրությունում նշելով. «Ֆրանսիան խորը անհանգստություն է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում անվտանգային իրավիճակի վատթարացման և ծանր զրահատեխնիկայի ենթադրյալ կիրառման առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել, հատկապես հայկական կողմից»:
Փարիզը հավասարապես դիմել էր թե՛ Հայաստանին, թե՛ Ադբեջանին՝ հրադադարը հարգելու հորդորով՝ նշելով. «Կոչ ենք անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը, որի հանձնառությունը նրանք ստանձնել էին 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»:
Ֆրանսիական դիվանագիտական գերատեսչությունը նաև ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացները պետք է իրականացվեն բանակցությունների հիման վրա, որոնք «հեռու կլինեն տեղում կատարված փաստերից»։ Ֆրանսիական արտգործնախարարությունը նաև հիշեցրել է, որ պաշտոնական Փարիզը պատրաստ է իր ներդրումն ունենալ սահմանազատման և սահմանագծման գործընթացներում։
Կողմերին հավասարապես զսպվածության և կրակի դադարեցման կոչ է արել նաև Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: Իրանի ԱԳ նախարարության կայքէջի պաշտոնական հաղորդագորությունում նշվում է, որ «խոսնակ Սաիդ Խատիբզադեն մտահոգություն է հայտնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում նոր ռազմական բախումների կապակցությամբ և կոչ է արել երկու երկրներին զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ հակամարտության ընդլայնումից ու սրումից»:
Ըստ հաղորդագրության՝ Խատիբզադեն ընդգծել է երկրների կողմից միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը և կոչ արել երկու կողմերին լուծել իրենց տարաձայնությունները երկխոսության ճանապարհով ու խաղաղ միջոցներով։
«ԱԳՆ խոսնակը ներկա լարվածությունը վտանգավոր է որակել տարածաշրջանում խաղաղության և առաջընթացի հասնելու աստիճանական գործընթացի համար։ Նա հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես նախկինում, պատրաստ է օգնել երկու կողմերին՝ լուծելու վեճերը և տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատել»,- նշվում է Իրանի ԱԳ նախարարության հաղորդագրությունում։
Նշենք նաև, որ մինչ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական արձագանքը հեռախոսազրույց էր տեղի ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:
Իրանի նախագահականի կայքում նշվում է, որ «նախագահը ողջունել է կովկասյան տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման Ռուսաստանի նախաձեռնությունը»,-և ընդգծվել, որ հեռախոսազրույցում երկու կողմերն ընդգծել են նաև աշխարհաքաղաքական իրավիճակի ցանկացած փոփոխություն և տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխության անընդունելիությունը:
Իրանի նախագահականի պաշտոնական հաղորդագրությունում նաև ավելացվում է, որ Պուտինը, մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի հարցում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, նշել է. «Տարածաշրջանում վստահության և համագործակցության մակարդակը բարձրացնելու համար մենք ձգտում ենք գործարկել 3+3 խորհրդատվական մեխանիզմ և հուսով ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կաջակցի դրան»:
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն էլ կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել բախումներն ու անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։
«Կոչ եմ անում հրատապ դեէսկալացիայի և կրակի ամբողջական դադարեցման։ Իրավիճակը տարածաշրջանում բարդ է․ Եվրամիությունը հավատարիմ է գործընկերների հետ աշխատանքին՝ տարաձայնությունները հարթելու համար՝ հանուն բարգավաճող ու կայուն Հարավային Կովկասի»,- այս մասին Twitter-յան իր էջում գրել էր եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը՝ հայտնելով նաև, որ սահմաններին ստեղծված իրավիճակի լույսի ներքո զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Նոյեմբերի 16-ի երեկոյան Նյու Յորքում կայացած ասուլիսի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանն անդրադարձել էր նաև ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։
«Մենք տագնապով ենք հետևում վերջին բռնարարքների մասին տեղեկություններին։ Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ առաջնորդվել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներով, բոլոր առկա մտահոգությունները լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով։ Մենք ցանկանում ենք խուսափել իրադրության հետագա վատթարացումից»,- հայտարարել էր ՄԱԿ-ի ներկայացուցիչը։
Ավելի վաղ հայ-ադրբեջանական բախումներին անդրադարձել էր նաև ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դը Ռիվերը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռևս չի պատրաստվում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող ռազմական գործողությունների թեմայով հատուկ նիստ հրավիրել։ Դրա հետ մեկտեղ Ռիվերը չէր բացառել, որ նման հարց, այնուամենայնիվ, կարող է քննարկվել։
Իսկ ահա արդեն այսօր Սյունիքի արևելյան հատվածում տեղ գտած հայ-ադրբեջանական բախումներին արձագանքեց ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ կրկին երկու կողմերին կոչ անելով միջոցներ ձեռնարկել հետագա սրացումներից խուսափելու համար:
«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր տեղի ունեցած ակտիվ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններից»,- հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ավելացրել. «Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ կոնկրետ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար։ Մենք նաև կոչ ենք անում երկու կողմերին ուղիղ և կառուցողականորեն ներգրավվել մնացյալ բոլոր խնդիրների լուծման գործում՝ ներառյալ սահմանների դեմարկացիան»:
Ինչպես նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարությունում, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող մնացյալ հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- ասվում է Բլինկենի պաշտոնական հայտարարությունում:
Նախորդ օրը տեղի ունեցած մարտական գործողությունների շուրջ բավականին թույլ էր միջազգային մամուլի արձագանքը, և ավելին՝ որոշ միջազգային հեղինակավոր լրատվականներ մինչև հիմա դեռևս չեն էլ անդրադարձել տեղ գտած իրադարձություններին:
Սյունիքի արևելյան հատվածում տեղ գտած ռազմական գործողությունների շուրջ խոսեցին միջազգային մի քանի լրատվականներ, որոնք, սակայն, կրկին ունենին ոչ հստակ, անհասցե և անգամ անհասկանալի վերնագրեր: Բրիտնական BBC-ին իր հոդվածը վերանագրել էր «Ադրբեջանի հետ սահմանային բախումների հետևանքով զոհվել են հայ զինծառայողներ»: Իսկ ահա նույն լրատվականի ռուսական ծառայությունն էլ թեմայի շուրջ երեկոյան կատարած իր անդրադարձը վերնագրել էր «Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվել է: Մարտերը դադարել են Մոսկվայի միջամտությունից հետո»: Էլ ավելի անհասկանալի էր քաթարյան Al-jazeera-ի հոդվածի վերանագիրը՝ «Հայաստանը հրադադար է հայտարարել Ադրբեջանի հետ սահմանային բախումներից հետո»:
Այսպես ասած՝ որոշակիորեն չեզոք վերնագիր էլ ստեղծված իրավիճակին կատարած անդադարձում տվել էր ֆրանսիական France24-ը՝ այդ մասին պատմող նյութը վերնագրելով «Հայաստանը հաղորդում է Ադրբեջանի հետ սահմանային բախումների ընթացքում զոհերի մասին»:
Կարելի է ասել, որ իրավիճակին անդրադարձող հոդվածին իրական և ճիշտ գնահատական տվող վերնագիրը միայն տվել էր հունական Greek city times-ը՝ «Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, հաղորդվում է զոհերի մասին»:
Բորիս Ղազարյան