
Tesla-ի հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկը Twitter-ի իր հաշվում հարցում է իրականացրել՝ արդյո՞ք նա պետք է վաճառի իր բաժնետոմսերի 10%-ը։
Twitter-ում Մասկն ունի ավելի քան 62 մլն հետևորդ, նա խոստացել է հետևորդներին, որ կանի այնպես, ինչպիսին կլինեն հարցման արդյունքները։ Ավելի քան 3.5 մլն մարդ մասնակցել է հարցմանը, որի արդյունքում 57.5% քվեարկել են՝ պետք է վաճառել, իսկ 42.5%-ը դեմ են վաճառքին։
Եթե Մասկը հետևի այս արդյունքներին, ապա պետք է վաճառի Tesla-ի 21 մլրդ դոլարի բաժնետոմսերը։
Tesla-ի հիմնադրի նման որոշումը պայմանավորված է ԱՄՆ Օրեգանո նահանգի դեմոկրատ սենատոր Ռոն Ուայդենի առաջարկով, ըստ որի՝ նոր հարկ պետք է մտցնել, որը կազդի միայն ամենահարուստ մարդկանց վրա։
«Միլիարդատերերի նոր եկամտահարկը կապահովի, որ նրանք ամեն տարի հարկ վճարեն, ինչպես մյուս աշխատող ամերիկացիները: Ոչ մի աշխատող ամերիկացի չի համաձայնում, որ ինքը պետք է հարկեր վճարի, իսկ միլիարդատերերը՝ ոչ»,- ասել է նա՝ ներկայացնելով իր օրինագիծը Սենատում։
Նրա ծրագիրն է՝ պարտավորեցնել ամենահարուստ մարդկանց վճարել, այսպես կոչված, չիրացված շահույթի 23,8%-ը, այսինքն՝ արժեթղթերի արժեքի բարձրացումը՝ անկախ նրանից՝ վաճառել են իրենց ակտիվների մի մասը, թե՝ ոչ։
Մասկը դեմ է այս օրինագծին, Twitter-ում նա գրել է, որ աշխատավարձ կամ բոնուսներ չի ստանում, միայն բաժնետոմսեր ունի։
«Անձամբ ինձ համար հարկեր վճարելու միակ ճանապարհը բաժնետոմսերի վաճառքն է»,- ասել է նա։
Մասկի խոսքով՝ վերջերս ԱՄՆ-ում շատ է խոսվում, որ չիրացված շահույթը հարկերից խուսափելու միջոցներից մեկն է և այս իրավիճակում իրեն այլ բան չի մնում, քան վաճառել իր ընկերության բաժնետոմսերի 10%-ը էլեկտրական մեքենաների արտադրության համար։
Ենթադրվում է, որ հարկը կանդրադառնա Միացյալ Նահանգների 700 ամենահարուստ մարդկանց վրա: Սակայն նրա քննադատներն ասում են, որ բաժնետոմսերի գինը կարող է թե՛ բարձրանալ, թե՛ իջնել, հետևաբար այդ հարկը չի կարող լինել մշտական և անվերապահ։
Սա առաջին դեպքը չէ, երբ Մասկը խոսում է բաժնետոմսերի հնարավոր վաճառքի մասին։
Դեռևս նոր օրինագծի ներկայացումից առաջ նա հայտարարել էր, որ մտադիր է վաճառել Tesla-ի բաժնետոմսերի մի մասը 6 մլրդ դոլարի չափով և ամբողջ հասույթը տրամադրել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին, համաշխարհային սովի դեմ պայքարի համար։