ԱշխարհԻրադարձություններԼուրեր

CNN-ը հայտնել է, որ ԿՀՎ ղեկավարն այցելել է Մոսկվա՝ Ռուսաստանի Դաշնությանը Ուկրաինայի հարցով նախազգուշացնելու նպատակով

Օրերս ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսի՝ Մոսկվա այցի նպատակն էր հասկանալ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի մտադրությունները և նախազգուշացնել այն մասին, որ Վաշինգտոնն ուշադիր հետևում է ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորքերի տեղաշարժին, հաղորդում է CNN-ը։

«Նախագահ Ջո Բայդենն այս շաբաթվա սկզբին ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսին ուղարկեց Մոսկվա՝ զգուշացնելու Կրեմլին, որ Միացյալ Նահանգները ուշադիր հետևում է Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակմանը և փորձելու է պարզել Ռուսաստանի գործողությունների դրդապատճառները»,- ասվում է CNN-ի հաղորդման մեջ՝ հղում անելով իրենց սեփական աղբյուրներին։

Ըստ CNN-ի՝ «ԱՄՆ-ն ավելի ու ավելի է անհանգստանում Ուկրաինայի հյուսիսային սահմանի մոտ ռուսական զորքերի և տեխնիկայի անկանոն տեղաշարժով»:

Հեռուստաալիքը նշում է, որ «Բայդենի վարչակազմը վերջին օրերին ակտիվացրել է իր ջանքերը՝ Մոսկվայի և Կիևի միջև աճող լարվածությունը թուլացնելու համար»։

«Ռուսաստանում իր հանդիպումներից հետո Բերնսը «հեռախոսով խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ փորձելով թուլացնել այդ լարվածությունը»,- հաղորդում են հեռուստաալիքի աղբյուրները։

ԿՀՎ ղեկավարը նաև հայտնել է ԱՄՆ-ի մտահոգությունը, որ Ռուսաստանը «մոտ է» գազի արտահանումը որպես լծակ օգտագործելուն, մինչդեռ կանխատեսվում է, որ Ուկրաինան և եվրոպական այլ երկրներ ձմռանը կբախվեն էներգետիկ ճգնաժամի:

«Սահմանին զորքերի կուտակումը, որը զուգորդվում է էներգետիկ շանտաժի հետ, իսկապես ենթադրում է Ռուսաստանի ավելի ագրեսիվ դիրքավորում»,- CNN-ին ասել է Զելենսկիի խորհրդականը:

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ուրբաթ ասել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հետևել «ռուս զինվորականների անսովոր գործունեությանն Ուկրաինայի հետ սահմանի մոտ»:

Հանրապետական ​​կոնգրեսականներ Մայք Ռոջերսը և Մայք Թերներն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ են արել ընդլայնել Ուկրաինային զենքի մատակարարումները և ռազմական ներկայություն ապահովել Սև ծովում, հայտնում է Defense News-ը։ Նախագահին ուղղված նամակում օրենսդիրները նշել են, որ այդ միջոցներն անհրաժեշտ են «ռուսական զորքերի նոր ներխուժման» սպառնալիքը կանխելու համար։

Այս շաբաթվա սկզբին ամերիկյան լրատվամիջոցները հաղորդագրություններ տարածեցին ռուս-ուկրաինական սահմանին ռուսական զորքերի ենթադրյալ կուտակման մասին: Այդ հարցին անդրադարձել էր նաև հայկական մամուլը:

The Washington Post թերթը, հղում անելով իր աղբյուրներին, նույնպես հայտնել էր, որ Միացյալ Նահանգների և Եվրոպայի պաշտոնյաները վերջին շաբաթներին նշում են ռուս-բելառուսական «Запад-2021» զորավարժություններից հետո «Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակման փաստը», ինչը «մտահոգություն է առաջացնում»:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close