1ԱշխարհԳլխավորԻրադարձություններԼուրեր

Պուտինը և Լուկաշենկոն ստորագրել են Միութենական Հանրապետության 28 ինտեգրացիոն ծրագիր. կա նաև հավանականություն, որ Բելառուսը Ղրիմը կճանաչի ՌԴ մաս

Նախորդ օրը՝ հոկտեմբերի 4-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Միութենական Հանրապետության Գերագույն պետական խորհրդի տեսակապային եղանակով անցկացրած նիստի ընթացքում ստորագրել են ՌԴ-ի և Բելառուսի միջև Միութենական Հանրապետության (ՄՀ) ինտեգրացիոն ծրագրերին առնչվող հրամանագիրը։

Հրամանագրով հաստատվում են այս տարվա սեպտեմբերին երկու երկրների նախագահների հանդիպման ընթացքում հաստատված բոլոր 28 միութենական ծրագրերը, ինչպես նաև 2021-2023 թվականների ՄՀ ստեղծման պայմանագրի դրույթների իրականացման հիմնական ուղղությունները։

Միութենական պետության ծրագրերը ենթադրում են արժութային համակարգերի ինտեգրում, անուղղակի հարկերի գանձման ընդհանուր սկզբունքներ, կենսաթոշակային և սոցիալական ապահովության հարցերի միասնական մոտեցումներ, ահաբեկչության դեմ պայքար, պետական ​​գնումների և պետական ​​պատվերների փոխադարձ հասանելիություն։ Բացի այդ, մակրոտնտեսական քաղաքականությունը կդառնա ընդհանուր, երկրները կմիավորեն վճարային համակարգերը և կհամատեղեն դրամավարկային քաղաքականությունը, կձևավորեն նավթի ու գազի համատեղ շուկաներ և այլն։

Բացի այդ, առաջնորդներն ընդունել են Միութենական պետության ռազմական դոկտրինը և երկու երկրների միգրացիոն քաղաքականության հայեցակարգը։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Միության պետքարտուղար Դմիտրի Մեզենցևը, նոր ռազմական դոկտրինը կբարձրացնի պաշտպանական քաղաքականության հետևողականության մակարդակը և ժամանակին կհարմարեցնի երկրների պաշտպանության նախարարության խնդիրները։

Իսկ ահա միգրացիոն քաղաքականության հայեցակարգը կորոշի ներքին գործերի նախարարության, անվտանգության մարմինների, սահմանային ծառայությունների, արտաքին գործերի գործակալությունների գործունեության ուղղությունները միգրացիայի ոլորտում՝ հաշվի առնելով միգրացիոն հոսքերի աճը, նշել է Մեզենցևը։

Փաստաթղթերն առաջինը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այնուհետև Բելառուսի նախագահ Լուկաշենկոն՝ հայտարարելով․ «Ես տեսնում եմ, որ ձեր ստորագրությունը կա հրամանագրի տակ, Գերագույն պետական ​​խորհրդի բոլոր անդամներ, եթե դեմ չեք, ես կստորագրեմ հրամանագիրը, բայց պատասխանատու ենք բոլորս, ոչ միայն ես»։

«Մենք հաստատել ենք ինտեգրացիոն փաստաթղթերի լայնածավալ փաթեթ։ Դրանք ուղղված են երկու երկրների տնտեսական ներուժի ամրապնդմանը։ Խնդրում եմ [Միության Պետության] Գերագույն պետական խորհրդի գլխավոր անդամներին, կառավարություններին և խորհրդարաններին և մշտական ​​հանձնաժողովին իրենց իրավասության սահմաններում ապահովել Միության ծրագրերի և որոշումների գործնական իրականացումը»,- ստորագրումից հետո ասել է Լուկաշենկոն։

Վեջինիս խոսքով՝ Բելառուսի և Ռուսաստանի միջև միության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումից 25 տարի անց կողմերը «մեկ այլ կարևոր քայլ են անում միության կառուցման ճանապարհին»։ Լուկաշենկոն նշել է, որ միության կառուցման մեջ առանձին խնդիր է քաղաքացիների շահերի պաշտպանությունը։ Նախագահի գնահատմամբ՝ Բելառուսը և Ռուսաստանը առավել նշանակալից արդյունքների են հասել հենց համակարգված սոցիալական քաղաքականություն վարելու հարցում, որն ապահովում է արժանապատիվ կյանք և ազատ մարդկային զարգացում։

Նախագահ Պուտինն էլ հայտարարել է, որ «այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել մեր կառավարությունների կողմից նախորդ ժամանակահատվածում, և որոնք մենք այսօր պաշտոնակացրել ենք՝ ստորագրելով այն փաստաթղթերը, որոնց համար հավաքվել ենք, լուրջ առաջընթաց է»։ Այնուհետև Պուտինը հավելել է, որ «սա բացարձակապես կապ չունի մեր երկրների ներքաղաքական օրակարգերի հետ։ Դա կապված է մեր տնտեսությունների արդյունավետ գործունեության և մրցակցային առավելություններ ստեղծելու անհրաժեշտության հետ՝ մեր աշխատանքի արդյունավետությունը բարելավելու համար, որը վերջնարդյուքնում ուղղված է մեր քաղաքացիների բարեկեցությունը բարելավելուն»։

Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է, որ նման մեծ արագությամբ ինտեգրումն այս կամ այն ​​չափով բնորոշ է, գրեթե, բոլոր ինտեգրացիոն միություններին:

«Այստեղ առանձնահատուկ բան չկա, իսկ այն, որ մենք առաջ ենք գնացել,-ինչպես ասաց Ալեքսանդր Գրիգորիևիչը, միայն խոսում է այն մասին, որ մենք լավ օրինակ ենք ծառայում ԵԱՏՄ-ում մեր գործընկերների, հետխորհրդային տարածքի այլ կառույցների համար»,- նշել է նա։

Նիստի ընթացքում հիմնական թեմաների քննարկումներից հետո Լուկաշենկոն նաև բողոքել է, որ չնայած «Վլադիմիր Պուտինը խոստացել է ամեն ինչ, խոստացել է իր հետ տանել Ղրիմ, ցույց տալ նորություները, թե ինչ նոր բաներ են արվել», սակայն գնացել էին ու իրենց չէին հրավիրել։ Նա նաև ցանկություն էր հայտնել տեսնել Սևաստոպոլում նոր տեղադրված հուշահամալիրը, որը նվիրված է 1918-1922 թվականների քաղաքացիական պատերազմի ավարտին։ Բելառուսի նախագահը նաև ավելացրել է, որ «Ուկրաինան փակել է երկինքը Բելառուսի համար, գիտեք, և մենք չենք կարող Ուկրաինայի տարածքով հասնել Ղրիմ, և այնտեղ մենք ունեցվածք ունենք, և կան այլ խնդիրներ։

Պուտինն, արձագանքելով Լուկաշենկոյի խնդրանքին, վստահեցնելով նշել է, որ նա միշտ ուրախ կլինի նման այցի համար։

«Այո, իհարկե, մենք միշտ ուրախ կլինենք տեսնել ձեզ, և որպեսզի դուք տեսնեք այս հուշահամալիրը»,- պատասխանել է ՌԴ նախագահը։

Եթե Բելառուսի նախագահն իսկապես վճռի այցելել Ղրիմ, ապա այն կարող է փաստացի նշանակել, որ Բելառուսը պաշտոնապես Ղրիմը ճանաչում է որպես Ռուսաստանի Դաշնության մաս։

Հոկտեմբերի 4-ին Բելառուսի կողմից թերակղզին որպես ՌԴ մաս ճանաչելու մասին YouTube-յան Соловьев Live ալիքի եթերում խոսել էր նաև Բելառուսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերի մշտական ​​հանձնաժողովի անդամ Անդրեյ Սավինիխը։

Հարցին, թե արդյո՞ք Լուկաշենկոյի հայտարարությունները նշանակում են ճանաչել Ղրիմի՝ որպես Ռուսաստանի մաս լինելու հանգամանքը, պատգամավորը պատասխանել է՝ «անկասկած»։

Իր խոսքում Սավինիխնն ընդգծել է, որ Բելառուսը վաղուց Ղրիմը համարում է Ռուսաստանի տարածք, այն պարզապես «ռուսական լրատվական տարածքի համար ֆորմալացված չէր»։

«Այնուամենայնիվ, մի քանի անգամ նախագահի հայտարարությունը եղել է այն մասին, որ սա [Ղրիմը որպես Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ] քաղաքական իրողություն է։ Այսօր դրա մասին միանշանակ հայտարարվեց, իսկ մեզ համար Ղրիմը, այսպես ասենք, մեկ ամիս առաջ արդեն Ռուսաստանի Դաշնության անբաժան մասն էր»,- հավելել էր պատգամավորը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը և Բելառուսը Միութենական պետության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրել են դեռևս 1999 թվականի դեկտեմբերի 8-ին։ Փաստաթղթի 20-ամյակի կապակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ արդյունաբերության ճանապարհային քարտեզների մշակման համար: Այնուհետև Մոսկվան և Մինսկը դրանք վերափոխեցին միության ինտեգրացիոն ծրագրերի։ Դրանց մեծ մասը հաշվարկված է մինչև 2025 թվականը, մի մասը՝ մինչև 2027 թվականը։ Ե՛վ Մոսկվան, և՛ Մինսկը բազմիցս ընդգծել են, որ միության ծրագրերը չեն պարունակում ինքնիշխանության կորստի հետ կապված քաղաքական հարցեր։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close