ԱշխարհԺամանցԼուրերԿարևորՆորաձևություն

«House of Gucci» նորաձևության տոհմի թշնամանքի և սպանության մասին ֆիլմը Լեդի Գագայի մասնակցությամբ

Նորաձևության տոհմի թշնամանքի, ցնցող սպանության մասին է պատմում ռեժիսոր Ռիդլի Սքոթի «House of Gucci» ֆիլմը, որի գլխավոր դերերում կտեսնենք Լեդի Գագային և Ադամ Դրայվերին։

Ռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմն արդեն իսկ դարձել է տարվա ամենաքննարկվող ֆիլմերից մեկը։ Լրագրող Սառա Գեյ Ֆորդենի գրքի հիման վրա ստեղծված ֆիլմը պատմում է Պատրիսիա Ռեջիանիի կյանքի պատմությունը, ով 1997 թվականին մեղադրվել է իր ամուսնու՝ Մաուրիցիո Գուչիի սպանությունը կազմակերպելու մեջ:

Սյուժեն իրական պատմության հիման վրա է ստեղծվել։ Ռեջիանին՝ մատուցողուհու և բեռնատարի վարորդի դուստրը, հանդիպել է Մաուրիցիոյին՝ «Gucci» նորաձևության տան հիմնադրի թոռանը 70-ականների սկզբին մի երեկույթի ժամանակ։ Զույգն ամուսնացել է 1972 թվականին՝ չնայած Մաուրիցիոյի հայրը՝ Ռոդոլֆոն, կտրականապես դեմ էր իրենց միությանը։ Նա նույնիսկ փորձել է չեղարկել զույգի հարսանիքը, քանի որ կարծում էր՝ հարսը միայն փողի համար է ցանկանում ամուսնանալ երիտասարդի հետ։

Իտալական մամուլը Ռեջիանիին անվանել է «Լեդի Գուչի», նա սիրում էր շռայլ ապրել, ճամփորդում էր, «Լեդի Գուչի»-ի հայտնի արտահայտություններից է՝ «Ես գերադասում եմ լաց լինել Rolls-Royce-ով, քան երջանիկ լինել հեծանիվով»:

Երբ Ռոդոլֆոն մահանում է 1983 թվականին, Մաուրիցիոն ժառանգում է նորաձևության տան 50%-ը և փորձ է կատարում հեռացնել իր հորեղբայր Ալդոյին տնօրենների խորհրդի կազմից, ինչի պատճառով ընտանիքը դատավարության առաջ է կանգնում:

Ի վերջո, Մաուրիցիոն ձեռք է բերում «կայսրության» վերահսկողությունը, բայց ապրանքանիշի համար բարդ շրջան է սկսվում, 1985 թվականին Մաուրիցիոն մեկնում է Ֆլորենցիա և նոր կյանք սկսում ինտերիերի դիզայներ Պաոլա Ֆրանկիի հետ։

1995 թվականի մարտի 27-ին Գուչին, որը մոդելավորողի ընտանիքից վերջինն էր, ով ղեկավարում էր ընկերությունը, գնդակահարվեց նորաձևության ապրանքանիշի՝ Միլանի գրասենյակի նախասրահում։ Ողբերգությունը տեղի է ունեցել Ռեջիանիից բաժանվելուց չորս տարի անց։ Նա չէր կարող ներել նրա դավաճանությունը և վախենում էր, որ իր երկու դուստրերը ստիպված կլինեն կիսել ամուսնու ժառանգությունը Մաուրիցիոյի նոր ընտրյալի՝ Պաոլա Ֆրանկիի և այլ պոտենցիալ ժառանգների հետ։ Դատական գործընթացը շարունակվում էր երկու տարի, մինչ իտալական ոստիկանությունն ապացույցներ ստացավ, ըստ որի՝ մեղադրանք առաջադրվեց Ռեջիանին, նա ձերբակալվեց և մեղադրվեց սեփական ամուսնու սպանությունը կազմակերպելու մեջ։

Պատրիսիան, նրանք նաև անվանում էին Սև այրի, ամեն օր դատարանում էր հայտնվում «Gucci»-ի հագուստով և հայտարարում էր իր անմեղության մասին։ Այնուամենայնիվ, մեղադրող կողմը պնդեց, որ նա աշխատել է չորս հանցակիցների հետ՝ իր վստահելի և անձնական աստղագուշակ Պինա Աուրիեմմայի, մարդասպան Բենեդետտո Սերաուլոյի, վարորդ Օրացիո Չիկալայի և բեռնակիր Իվանո Սավիոնիի հետ:

Նա 29 տարի պետք է անցկացներ բանտում։ Նրա դուստրերը, փորձելով փրկել մորը, դատարանում հայտնել էին, որ իրենց մայրը գլխուղեղի ուռուցքի պատճառով խելքից դուրս է եկել։ Չնայած այդ փաստին՝ դատարանն ընդամենը երեք տարով էր կրճատել ժամկետը։ Բայց լավ պահվածքի համար Ռեջիանին ավելի վաղ ազատ է արձակվել (2016-ի հոկտեմբերին), այժմ նա ապրում է Միլանում։ Նա բանտից դուրս է եկել որպես միլիոնատեր։ Պատրիսիան ստացել է 900,000 ֆունտ ստերլինգ եկամուտ «Gucci»-ի ունեցվածքից և տարեկան ավելի քան 16 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցում, երբ նա բանտում էր:

Ֆիլմի սցենարը գրել է Ռոբերտ Բենտիվենան, գրական հիմքը Սառա Գեյ Ֆորդենի 2001 թվականի «House of Gucci: A Sensational Story of Murder, Madness, Glamour and Greed» գիրքն է, որը հրատարակվել է 2000-ականների սկզբին։ Ռիդլի Սքոթը ժապավենի վրա սկսել է աշխատել դեռ 15 տարի առաջ:

Գլխավոր դերերում կտեսնենք Լեդի Գագային և Ադամ Դրայվերին։ Դերասանական կազմի մնացած մասը նույնքան տպավորիչ է, Ալ Պաչինոն կվերամարմնավորվի որպես Ալդո Գուչի՝ բրենդի հիմնադրի որդուն, իսկ Ջարեդ Լետոն՝ իր որդի Պաոլոյում (այս դերի համար դերասանը կրել է հատուկ պրոթեզներ և ճաղատ գլուխ), Ջերեմի Այրոնսը կխաղա ձեռնարկատեր Ռոդոլֆո Գուչիի դերը, իսկ Ջեք Հյուսթոնը կմարմնավորի «Gucci Group»-ի նախկին նախագահ և գործադիր տնօրեն Դոմենիկո Դե Սոլեին: Ապրիլի 4-ին հայտնի դարձավ, որ Սալմա Հայեկը միացել է դերասանական կազմին. նա էկրանին կհայտնվի պայծառատես Պինա Օրյեմմայի՝ գլխավոր հերոսուհի Պատրիսիա Ռեջիանիի ընկերուհու կերպարով։

2021 թվականի մարտին Պատրիսիա Ռեջիանին The Independent-ին տված հարցազրույցում ասել է. «Ես զայրացած եմ, որ Լեդի Գագան պատրաստվում է ինձ մարմնավորել նոր ֆիլմում, նա չուներ բավարար պարկեշտություն կամ պատճառ նույնիսկ ինձ հետ խոսելու համար: Դա փողի հետ կապ չունի, քանի որ ես այս ֆիլմից մի լումա չեմ ուզում։ Խոսքը ողջախոհության և հարգանքի մասին է»:

Ռեջիանին նշել է, որ Լեդի Գագան պետք է հանդիպեր նրան, որպեսզի ավելի լավ ճանաչեր նրան որպես մարդ։

Վերջին 30 տարվա ամենահռչակավոր սպանություններից մեկի մասին պատմող ֆիլմի պրեմիերան, ըստ The Hollywood Reporter-ի տարածած տեղեկության, ամբողջ աշխարհում տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 24-ին։ «House of Gucci» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ԱՄՆ-ի կարևորագույն տոներից մեկի՝ Շնորհակալության օրվա նախօրեին:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close