ԱշխարհԼուրեր

Արդյո՞ք ռուսները գողացել են «AstraZeneca» պատվաստանյութի բանաձևը

The Sun տաբլոիդը հայտնում է, որ ռուս լրտեսները գողացել են բրիտանաշվեդական «AstraZeneca» պատվաստանյութի բանաձևը` ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ստեղծման համար։

Մեծ Բրիտանիայի անվտանգության ծառայությունն, իբր, ձեռք է բերել բավարար չափով ապացույցներ։

Ըստ տաբլոիդի՝ ռուսական «Sputnik V» պատվաստանյութն օգտագործում է տեխնոլոգիա, որը նման է բրիտանական Օքսֆորդում մշակված «AstraZeneca» պատվաստանյութի բանաձևին: Հետևաբար, անվտանգության ծառայությունը վստահ է, որ տվյալները գողացվել են «Պուտինի լրտեսների» կողմից։

Լրագրողները նաև հիշեցում են, որ մեկ տարի առաջ բրիտանական հետախուզությունն արդեն հայտնել էր, որ ռուս հաքերները թիրախավորել են Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում և Կանադայում գտնվող այն կազմակերպությունները, որոնք COVID-19-ի դեմ պատվաստանյութ էին մշակում:

Անցյալ տարվա պնդումներին Ռուսաստանը պատասխանել էր, որ ռուսական պատվաստանյութը շատ ավելի արդյունավետ է և իրենք «պատճառ չունեն» գողանալու բրիտանականը։

Հիմա նույնպես Կրեմլը հերքում է բոլոր մեղադրանքները: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով The Sun-ի հոդվածը, տաբլոիդին անվանել է ոչ գիտական ​​թերթ:

«The Sun-ը շատ հայտնի, խորապես ոչ գիտական ​​թերթ է: Եվ մենք այդպես էլ վերաբերվում ենք այդ հրապարակումներին»,- ասել է Պեսկովը:

Հետաքրքրական է, որ անցյալ տարի Հյուսիսային Կորեայի հաքերները նույնպես մեղադրվում էին Օքսֆորդի համալսարանի և «AstraZeneca» ընկերության` պատվաստանյութի ստեղծման նախագիծը թիրախավորելու մեջ:

Հաքերները, ովքեր գրանցվել էին LinkedIn-ում և WhatsApp-ում որպես կադրային գործավարություն, աշխատանքի կեղծ առաջարկներով դիմում էին «AstraZeneca» ընկերության աշխատակիցներին։ Այնուհետև նրանք ուղարկում էին փաստաթղթեր, որտեղ, իբր, նկարագրվում էին աշխատանքային պայմանները։ Սակայն, այդ ֆայլերը պարունակում էին ծածկագրված վնասակար կոդ` նախատեսված զոհի համակարգիչ ներթափանցման համար: Կարծիք կա, որ զգայուն տեղեկատվության հայթայթման նման փորձերով թիրախավորվել են մի շարք հետազոտական ​​կազմակերպությունների աշխատակիցներ:

«AstraZeneca»-ն վեկտորային պատվաստանյութ է, որի դեպքում SARS-CoV-2 վիրուսի գենետիկական տեղեկատվությունը մարդու օրգանիզմ է փոխանցվում շիմպանզեի ադենովիրուսի վրա հիմնված հատուկ կրիչի միջոցով: Այն սկսվեց արտադրվել 2020 թվականի հունիսին՝ նախքան թեստերի ավարտը, և Բրիտանիան պաշտոնապես հաստատեց պատվաստանյութն անցած դեկտեմբերին:

Ռուսական Գամալեայի անվան Կենտրոնի «Sputnik V»  պատվաստանյութը նույնպես վեկտորային է, բայց աշխատում է մարդկային ադենովիրուսի երկու տեսակի հիման վրա: Պատվաստանյութը գրանցվեց 2020 թվականի օգոստոսի 11-ին: Այս տարվա մարտին Կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգն ասել էր, որ ռուսական պատվաստանյութը տարբերվում է անգլո-շվեդականից` մաքրման տեխնոլոգիայի աստիճանից, որը ռուսականի դեպքում ավելի բարձր է:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել