1ԳլխավորԼուրեր

«Россияне помогите нам». Քրեյգ Ֆրեյզեր՝ MH17 չվերթի վթարի զոհերից մեկի հայր

Նիդեռլանդներում շարունակվում է մալայզիական MH17 ինքնաթիռի կործանման գործով դատավարությունը: Սեպտեմբերի 6-ին մեկնարկած նիստերի բլոկը նվիրված էր Դոնեցկի մերձակայքում MH17 չվերթի վթարի զոհերի հարազատներին, ովքեր օգտվում են դատարանին դիմելու իրենց իրավունքից: Ընդհանուր առմամբ՝ մոտ 90 հարազատներ դատարանի դահլիճում կկիսվեն իրենց անձնական պատմությամբ:

Նշենք, որ դատարանը ևս մեկ անգամ ընդգծել էր, որ այս քրեական դատավարության նիստերը կարող են խորը հուզական ազդեցություն ունենալ հարազատների վրա: Այս մի քանի շաբաթների ընթացքում դատարանն ուշադիր կլսի հարազատներին: Նրանք կխոսեն իրենց սիրելիների մասին, նրանց կորցնելու, յոթ տարի առաջ տեղի ունեցած այս ողբերգության հետևանքների մասին, և թե ի՞նչ են մտածում այս քրեական դատավարության մասին:

Հարազատներից շատերը ելույթ են ունենում դատարանի դահլիճում: Որոշ հարազատներ՝ այլ վայրից կամ տեսաուղերձի միջոցով: Մյուսները, ինչպես օրինակ՝ Հարազատների խորհրդականի փաստաբանները կամ Զոհերի աջակցության Նիդեռլանդներ կազմակերպության աշխատակիցները, նույնպես կխոսեն իրենց անունից:

Նշենք, որ գործով մեղադրյալների անուններն են՝ երեք ռուսներ Օլեգ Պուլատով, Իգոր Գիրկին (Ստրելկով), Սերգեյ Դուբինսկի և Ուկրաինայի քաղաքացի Լեոնիդ Խարչենկո: Հոլանդական հետաքննությունը կարծում է, որ Boeing-ը խոցվել է Ռուսաստանից բերված «Бук» տեսակի հակաօդային պաշտպանության համակարգով, և որ մեղադրյալները դրանում կարևոր դեր են խաղացել: Նրանցից չորսն էլ չեն ներկայացել դատավարությանը և մերժում են իրենց մեղքը, ինչպես Մոսկվան է հերքում իր մասնակցությունն այս ողբերգությանը:

Ի դեպ, օրեր առաջ դատարանը հայտարարեց, որ քննող դատավորը հայտնել է, որ Ռուսաստանի իշխանությունները մերժել են մեղադրյալներից մեկին՝ քրեական գործով մեղադրյալ ներգրավված Պուլատովին որպես վկա հարցաքննելու միջնորդությունը: Ռուսաստանի իշխանությունները նշել են, որ ՌԴ քրեական դատավարության օրենսգիրքը բացառում է քրեական գործով կասկածյալին նույն գործով որպես վկա հարցաքննելու հնարավորությունը: Հետևաբար Պուլատովի քրեական գործով դատաքննության ընթացքում մեղադրյալների հարցաքննությունը որպես վկա անհնար էր:

Այդ կապակցությամբ հարազատներից ոմանք իրենց ելույթներում դիմեցին ուղիղ ռուս ժողովրդին: Շատերին հուզեց հոլանդացի Քրեյգ Ֆրեյզերի ելույթը, ով վթարի հետևանքով կորցրել է իր դստերը՝ Կառլինին: Իր ելույթի վերջում Քրայզերը բոլորի համար անակնկալ անցավ ռուսերենի և դիմեց բոլոր ռուսներին.

«Мы стремимся не к мести или возмездию, а к правде. Россияне помогите нам.

Наша дочь Карлин оказалась просто не в том месте и не в то время.

Мы понимаем, что это не произойдет без сотрудничества русского народа. Поэтому мы просим: россияне, помогите нам»:

Թե որքան ժամանակ կպահանջվի դատարանին այս գործի վերաբերյալ իր կարծիքը կազմելու համար, դեռևս դժվար է գնահատել: Հետևաբար դատարանը որոշել է իր որոշումը կայացնելու երեք հնարավոր օր: Դատավճռի առաջին հնարավոր ամսաթիվը 2022 թվականի սեպտեմբերի 22-ն է: Այն դեպքում, եթե դատարանը դեռ պատրաստ չլինի, երկրորդ հնարավոր ամսաթիվը վերապահված է 2022 թվականի նոյեմբերի 17-ին: Երրորդ հնարավորությունը նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերի 15-ին:

Տեսանյութն՝ այստեղ:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել