ԼուրերՏնտեսություն

«Մուդիս»-ն ընդգծում է ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության արդյունավետությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Նիստի սկզբում փոխվարչապետը, ինչպես տեղեկացնում են Կառավարության մմաուլի ծառայությունից, շնորհավորանքի խոսք է հղել Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ՝ նշելով. «Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 2-ը մեզ համար շատ կարևոր և հիշարժան օր է: Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ արցախահայությանը մաղթելով տոկունություն և կամք առկա մարտահրավերներին դիմագրավելու համար»։ Սուրեն Պապիկյանը նաև շնորհավորել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին ծննդյան օրվա առթիվ և մաղթել քաջառողջություն։

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, փոխվարչապետը տեղեկացրել է, որ օգոստոսի 31-ին «Մուդիս» միջազգային հեղինակավոր վարկանիշավորման կազմակերպությունը հրապարակել է հերթական զեկույցը, որով Հայաստանին տրված վարկանիշը թողել է նույնը՝ ընթացիկ վարկանիշը սահմանելով Ba3, իսկ հեռանկարը՝ կայուն։

Այս կապակցությամբ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է. «Հաշվի առնելով, որ «Մուդիս»-ի կողմից նախորդ գնահատումը կատարվել էր 2019 թվականին, որից հետո 2020 թվականին Covid-ի համավարակի տարածման և պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանի տնտեսության համար ի հայտ էին եկել էական տնտեսական ռիսկեր՝ «Մուդիս»-ի այս գնահատմամբ արձանագրվում է նման ռիսկերի նկատմամբ Հայաստանի տնտեսության դիմակայունության բարձրացումը, և ընդգծվում է, որ Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է այդ տեսանկյունից։

Նշվածը շատ կարևոր ազդակ է միջազգային ներդրողների համար, քանի որ վերահաստատում է Հայաստանի տնտեսական աճի կայուն հեռանկարը և կառավարության տնտեսական քաղաքականությունների բարենպաստությունը ներդրումների համար։ Այն ընդգծում է նաև Հայաստանի բարձր տնտեսական աճի սպասումների և Կառավարության հարկաբյուջետային կարողությունների վերականգնման վերաբերյալ «Մուդիս»-ի կանխատեսումը։

Հրապարակման մեջ կարևոր տեղ են գրավում պետական պարտքի կառավարմանն առնչվող հարցերը։ Չնայած 2020 թվականի արդյունքներով Կառավարության պարտք-Համախառն ներքին արդյունք ցուցանիշը աճել է և կազմել 63,5 տոկոս, «Մուդիս»-ն այս զեկույցով ընդգծում է, որ կարևորում է առաջիկա 5 տարվա ընթացքում հիշյալ ցուցանիշը 60 տոկոսից նվազեցնելու վերաբերյալ Հայաստանի կառավարության քաղաքականությունը։

«Մուդիս»-ն ընդգծել է այն գործոնները, որոնք կարող են նպաստել Հայաստանի վարկանիշի հետագա բարձրացմանը: Դրանք են՝ տնտեսության մրցունակության բարձրացմանը և կառավարման ինստիտուտների արդյունավետությանն ուղղված բարեփոխումների արագացումը, ընթացիկ հաշվի պակասուրդի բարելավումը, այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների միջոցով, հարևան երկրների հետ հարաբերությունների լարվածության թուլացումը։ Զեկույցի հրապարակումը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ դրանում ընդգծված հարցերը վերահաստատում են Կառավարության գործունեության ծրագրում տեղ գտած քաղաքականությունների մեծ նշանակությունը Հայաստանի տնտեսական զարգացման բարձր և կայուն արդյունքները երաշխավորելու հարցում»։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել