Լուրեր

Ուսուցիչների պատվաստումներն իրականացվում են կամավոր. չկա որևէ պարտադրանք. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ուսուցիչների պատվաստումներն իրականացվում են կամավոր. չկա որևէ պարտադրանք, սակայն խրախուսվում է պատվաստվելը` հաշվի առնելով համավարակի դեմ պայքարի առողջապահական կանոնները և հանրային առողջապահության նկատմամբ ունեցած յուրաքանչյուրի, այդ թվում՝ նաև ուսուցիչների պատասխանատվությունը:

«Առողջապահության նախարարության նոր պահանջների և կանոնների հրապարակումից հետո ավելի հստակ ու պարզ կլինի, թե պատվաստումների և թեստավորման հակացուցում ունեցող անձանց համար ինչ կարգավորումներ են տրվելու»,- նշել է Ժ. Անդրեասյանը` փաստելով, որ ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական հայտարարության՝ առողջապահական նոր պահանջները կիրառվելու են հոկտեմբերի 1-ից:

Խոսելով անցյալ տարվա իրավիճակի մասին` Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կան բազմաթիվ մեծաքանակ աշակերտներով դպրոցներ, որոնք, 10 տոկոսից ավելի վարակվածության ցուցանիշով պայմանավորված, ողջ տարվա ընթացքում չեն անցել հեռավար կրթության: Փոխարենը կան դեպքեր, երբ փոքրաթիվ աշակերտներով դպրոցները հեռավար կրթության են անցել, քանի որ առաջ են եկել վարակի տարածման ակտիվ օջախներ:

Հարցին, թե որքանով դրական կամ բացասական է ազդել հեռավար կրթությունն աշակերտների առաջադիմության վրա, փոխնախարարը պատասխանել է. «Այս հարցն ունի հատուկ ուսումնասիրության կարիք: Ակնհայտ է, որ որքան շատ են երեխաները դպրոց հաճախում, այնքան ավելի բարձր է արդյունավետությունը: Սակայն մանկավարժներ կան, որոնք նշում են, թե մեծ դասարանների դեպքում կիսված դասարաններով աշխատելն ավելի արդյունավետ է եղել, քանի որ երեխաների նկատմամբ ուսուցիչների ուշադրությունն ավելի մեծ է եղել: Հարցի հետազոտությունը կարևոր է նաև մեզ համար, որը կիրականացվի Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի կողմից»:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել