ԼուրերԿարևոր

ՔՊ-ի ինչի՞ն է պետք պողպատե մանդատը

Նիկոլ Փաշինյանի վիճակը լուրջ է։ Մարդը պողպատե մանդատ է ստացել 600 հազար քաղաքացուց, իսկ այդ մանդատը կարծես թե կիրառելու պատճառ չկա, հազիվ մի երկու քաղաքապետ է ձերբակալված, նրանք էլ անկասկած էսօր-էգուց ազատ կարձակվեն։ Դատարանները հիմա գիտեն իրենց ինչպես պահել, որպեսզի պողպատի զոհ չդառնան։

Հիմա ամբողջ իշխանությունը գիտի իր տեղը, իսկ ընդդիմությունն էլ այնքան լկտիացած է, որ պողպատից ավելի պողպատյա է երևում։ Փաշինյանը սա կարծես թե հասկացել է, հիմա նա Հայաստանում մարդ չունի, որի վրա կարող է պողպատ բանեցնել։ Պողպատե մանդատով հիմա ներսում ոչ մեկին օգտակար չես լինի։ Մարտի 1-ի դատավարության տապալումից հետո կոռուպցիայի գործով են դատում Քոչարյանին։ Դիցուք, ի՞նչ իմաստ ունի Քոչարյանի դատավարությունը, եթե մարդը քաղաքական ոչ փոքր ուժի առաջնորդ է ու ընտրություններով գրեթե ռեաբիլիտացված։ Հեղափոխությունը հաստատ կոռուպցիայի գործով Քոչարյանին դատելու համար չէր արվել, այն էլ այս տեսքով, երբ արդեն հասկանալի չէ, թե ով է ում դատում։ Նոր ԱԺ-ում հնչող ձայների դեցիբելներից դատելով, իշխանության կրկին նախկիններն են։

Ուրեմն այսօր իշխանության ինչի՞ն է պետք պողպատե մանդատը։ Պողպատե մանդատը Փաշինյանին պետք է գալու, ասենք, Ամուլսարը բացելուն։ Այսինքն, նախկինների դեմ պողպատե մանդատ կիրառելու ոչ մի պատճառ այսօր չկա, նախկինները հիմա նույնքան նորեր են, որքան Նիկոլ Փաշինյանը և Քաղաքացիական պայմանագիրը 2018-ին։ Նա, ով կասի, որ հեղափոխությունը 2018-ին հենց սա էր երազում, թող առաջինն ինձ վրա քար նետի։ Փաշինյանի վիճակն իսկապես լուրջ է։ Նրա քաղաքական ուժը նոր մանդատ է ստանում կառավարելու ու առաջինը հարձակվում է լրագրողների վրա, նախկիններից ոչ մեկի դատապարտում նույնիսկ հորիզոնում չի ուրվագծվում, հիմա հասարակությունը չի էլ մտածում հակաքոչարյանական կամ հակասերժական լինելու մասին, որովհետև այսօր «հակա» հնարավոր է լինել միայն իշխանությանը։

Այսօր ՊՆ-ում Փաշինյանի այն խոսքը, թե «Ադրբեջանը ուզում է, որ իրադարձություններն այնպես զարգանան, որ կոմունիկացիաների բացում տեղի չունենա», գիտե՞ք ինչի մասին է։ Ներքին օրակարգ գոյություն չունի, Փաշինյանը գտել է, թե ումով պիտի փոխարինի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նման հակառակորդներին։ Այո, միայն Ադրբեջանով։ Որովհետև երկրի ներսում այլ հակառակորդ չկա, որով պետք է վախեցնել հեղափոխության կողմնակիցներին։ Դիցուք, եթե վաղը Փաշինյանն ուզենա Ամուլսարը բացել, բացի սեփական քաղաքացիների հանդեպ ուժ գործադրելուց մոտավորապես պետք է ասի հետևյալը՝ Ամուլսարը չբացելու հետևանքը կարող է լինել սեփական արտադրության ԱԹՍ-ներ չունենալը, կամ ևս 4 հազար զոհ ունենալը․ միայն թե ցանկացած ներքին մարտահրավերի վրա կարողանա կպցնել ադրբեջանական սպառնալիքը։

Կարճ ասած, հեղափոխական իշխանությունը ներքին մարտահրավերներ չունի։ Այսինքն, չունի մի թեմա, որով կկերակրի ընտրողին կամ որի համար կկիրառի պողպատե մանդատ ու ժողովուրդը նրան կծափահարի։

Արսեն Գրիգորյան

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել