ԼուրերԿարևորՀարցազրույց

Աժ-ում լրագրողների տեղաշարժի սահամանփակումը միտված է իշխանության ներկայացուցիչներին անակնկալներից զերծ պահելուն․ իրավապաշտպան

Օգոստոսի 2-ից խորհրդարանի շենքում լրագրողները տեղաշարժի որոշ սահմանափակումներ ունեն: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօրվա նիտի ժամանակ հայտարարեց,   որ ներդրվելու է նոր համակարգ, խորհրդարանի աշխատանքը լուսաբանող լրագրողների համար հատկացվելու է առանձին երկու սենյակ, ճեպազրույցների վայր, միայն այդտեղ են անցկացվելու ճեպազրույցները, հարցազրույցները:

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու Հակոբ Արշակյանն էլ խոսելով  խորհրդարանի շենքում լրագրողների աշխատանքի կազմակերպման հետ կապված փոփոխությունների մասին, դրանք  համարեց ոչ թե սահմանափակման, այլ ինստիտուցիոնալ վերափոխման գործողություն:

Թեմայի վերաբերյալ 365news.am-ը զրուցել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ։

Հովհաննիսյանը դժվարացավ ասել, թե իրականում ինչի՞ն է միտված իշխող ուժի  կողմից լրագրողններին աշխատանքներին խոչընդոտելը՝ նշելով, որ մինչև ամբողջապես նրանց կողմից առաջարկված փոփոխության մանրամասներին տեղյակ չլինենք, հստակ գնահատականներ չեն կարող տալ, սակայն այն, որ իշխող ուժի կողմից իրականացվող կանոնակարգումներն այս պահին հստակորեն  սահմանափակում են լրագրողների աշխատանքը, դա  անհերքելի  է։

«Կարծում եմ՝ իշխանության նման քայլերը միտված են մասնավորապես իշխանական ֆրակցիայի ներկայացուցիչներին անակնկալներից զերծ պահելուն և նրանց որևէ կերպ անցանակալի իրավիճակներում չտեսնելուն։ Դա բնականաբար իր հետքն է թողնելու մամուլի ազատության վրա»,-ընդգծեց իրավապաշտպանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ չնայած  Հայաստանում  խոսքի ազատության և մամուլի ազատության ինդեքսը  2018 թվականին  կտրուկ բարձրացավ, 2019 թվականին պահպանվեց, սակայն 2020-2021 թթ-ին մենք անկում ունեցանք՝ կապված համավարակի շրջանակներում  հաստատված սահմանափակումների, լրագրողներին  անհրաժեշտ գրություններ չտալու և պատերազմի ընթացքում լրագրողական աշխատանքների սահմանափակումների հետ, իսկ ահա ԱԺ-ում   լրագրողների տեղաշարժի սահմանափակումն ավելի է նպաստում, որպեսզի խոսքի ու մամուլի  ինդեքսն էլ ավելի  անկում ապրի։

«2018 թվականին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարության նիստերն այլևս չեն լուսաբանվելու, փակ են լինելու լրագրողների համար,  մեծ դժգոհության պատճառ դարձավ լրագրողների, հասարակական գործիչների շրջանում և  դա ևս քիչ խթան չէր հեղափոխական դրսևորումների համար։ Հասարակությունը համարում էր, որ նման դրսևորումներն անընդունելի են ու  ժողովրդավարական երկիր համարվելու հետ անհամատեղելի։ Կարծում եմ՝ հիմա էլ, չնայած, որ հասարակությունը ջլատված է, մի շարք  սարսափելի խնդիրներ կան, մենք քայլ առ քայլ գնում ենք  նմանատիպ գործընթացների։ Իշխանությունը փորձում է իր ու հասարակության միջև անջրպետ ստեղծել  »,-նշեց Հովհաննիսյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ցավոք սրտի, լրագրողական համայնքը որպես այդպիսին այդքան էլ ազատ չէ, այլապես արդեն իսկ մեծ  բողոքի ակցիաններ կլինեին՝ կապված իրենց  տեղաշարժի սահմանափակման հետ․ «Ցավոք, միայն կուսակցական որոշումից է կախված՝ լրագրողների իրավունքները կպաշտպանվե՞ն, թե՝ ոչ»։

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ ընդդիմությունը չի շարժվի իշխող քաղաքական ուժի որդեգրած ուղով, քանի որ նրա հիմնական գործիքը հանրային քաղաքականության մեջ ակտիվ լինելն է ու, եթե չօգտագործի այդ գործիքը, ապա դժվար կլինի «պայքարը»։

«Իշխանության ցանկացած ներկայացուցիչ կարող է հրաժարվել  հանրային քաղաքականության մեջ ակտիվ լինելու գործիքից, քանի որ ինքն արդեն իշխանություն ունի, սակայն  ընդդիմադիրները  չեն կարող, քանի որ  դա կարևորագույն գործիք է  իրենց ձայնը բարձրացանելու համար»,-եզրափակեց   Հովհաննիսյանը։

 Մելինե Պետրոսյան

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել