ԼուրերԿարևորՀարցազրույց

Ներկայիս խորհրդարանը լինելու է Հայաստանի երրորդ Հանրապետության ամենավատ խորհրդարանը․ քաղաքագետ

Այսօր կայացավ Հայաստանի Հանրապետության 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: ԱԺ առաջին նիստն արդեն իսկ  հարթ չէր ընթանում, իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության չէին գալիս։

365news.am-ը նոր ձևավորված խորհրդարանից ունեցած սպասելիքների, ընդդիմության հնարավորությունների ու իշխանություն-ընդդիմություն հնարավոր համագործակության մասին զրուցել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի հետ։

-Պարո՛ն Հովհաննիսյան, ի՞նչ սպասելիքներ  կարող ենք ունենալ  8-րգ գումարման ԱԺ-ից

-Նախ նշեմ, որ բովանդակային առումով որևէ տարբերություն չենք տեսնելու ներկա ու նախորդ խորհրդարանների միջև։ Ավելին ասեմ՝ համոզված եմ, որ Երրորդ հանրապետության պատմության  մեջ սա ամենավատ խորհրդարանն է, որ մենք ունենալու ենք։  Շոուի առումով՝ վստահ եմ, որ լավ է լինելու՝  «գեղեցիկ» ելույթներ կլիներ, միմյանց կհայհոյեն, կվիրավորեն, բռնության տարբեր դրսևորումների ականատես կլինենք։ Իմ տպավորությունն այն է, որ այս գումարման խորհրդարանն իր ամբողջ կազմով ստեղծված է, որպեսզի բոլորիս  շեղի նոյեմբերի 10-ի հետևանքներից։ Ըստ իս, մինչ  ԱԺ-ում դեմոնստրատիվ միմյանց վիրավորելու են, այդ ժամանակ գործադիր իշխանությունն իր  ցանկությունները քայլ-քայլ իրականացնելու է։

-Այսինքն արդյունավետ գործունեությամբ խորհրդարանի ականատես չե՞նք լինելու

Իհարկե ականատես չենք լինելու։  Չեմ ուզում ասել, որ 107 պատգամավորներն էլ ապիկար ու ապաշնորհ են, քանի որ նրանց մեջ կան շատ  պատրաստված ու խելացի մարդիկ և՛ ընդդիմությունում և՛ իշխանությունում, չնայած, որ վերջինում այդքան էլ շատ չեն, բայց երևի մի քանի հոգի կլինեն։ Խնդիրը դրվածքում է՝ այսինքն ինչի համար են նրանք աշխատում։ Ճիշտ է, ընդդիմության և իշխանության տեսլականները պետք է միմյանցից տարբերվի, այնուամենայնիվ պետք է ունենան ընդհանուր արժեք, որը մեզ մոտ չկա։  Ընդդիմությանն ու իշխանությանը միավորում է միայն մեկ բան՝ անել ամեն բան, որպեսզի տեղյակ չլինեն կարևորագույն հարցերից ու դրանց հետ կապված որևէ գործընթացից։ Ես որևէ լավ սպասելիք չունեմ  մեր խորհրդարանից։ Կրկին նշեմ, որ շոուի տեսանկյունից կարող է մի շարք սերիալների հետ մրցել, սակայն դա որևէ բան չի ասում  դրա գործունեության արդյունավետության մասին։

-Ըստ Ձեզ, Ձեր ասած շոուի կազմակերպչներն ովքե՞ր կլինեն՝ ընդդիմության, թե՞ իշխանության ներկայացուցիչները

-Կարծում եմ՝ փոխեփոխ կլինի։  Երբ որ հանրային ուշադրությունը պետք լինի շեղել որևէ գործընթացից, հնարավոր է սադրանք տեսնենք կառավարող ուժի կողմից, իսկ հակառակ պարագայում, արդեն ընդդիմության սադրանքներին ականատես կլինենք։ Կարծում եմ՝ իրար երկար յոլա կտանեն, քանի որ իրար արժեն։

– Պարո՛ն Հովհաննիսյան, այսօրվա առաջին նիստն արդեն իսկ  հարթ չէր ընթանում, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք ընդդիմությունն իշխանության հետ որևէ կերպ կհամագործակցի

-Չեմ կարծում՝ խորհրդարանական աշխատանքների շրջանակներում մենք կտեսնենք ընդդիմության և իշխանության  համագործակցությունը, ես  բավականին դժվար եմ պատկերացնում։ Ամեն դեպքում, «Հայաստան» դաշինքը տրամադրված չի, «Իմ Քայլ»-ն ուրախ է, որ  ընդդիմությունը տրամադրված չի։ Սրանք  փոխլրացնող համակարգեր են։ Այստեղ որևէ պատահականություն չկա ու այն, որ «Հայաստան»  ու «Պատիվ ունեմ» դաշինքներն են մեր ընդդիմությունը, ասեմ, որ սա շատ լավ  պլանավորված գործընթացի արդյունք է, քանի որ միայն դասակարգային ատելության վրա հիմնված ընտրությունների դեպքում էր հնարավոր ՔՊ-ին ներել մի բան, որը երբեք չի կարելի ներել։

-Իսկ Ձեր նշած պլանավորումը ո՞ր քաղաքական ուժի կողմից էր, իշխանակա՞ն

-Իհարկե։ Ընդդիմադիր ուժերն էլ կարողացան այդ պլանավորումից  ստանալ առավելագույն հնարավորը։

-Պարո՛ն Հովհաննիսյան, արդյո՞ք այս ամբողջի համատեքստում կարող ենք ենթադրել, որ վաղ թե ուշ մենք կրկին գնալու ենք արտահերթ ընտրությունների, մանավանդ, որ  փորձագիտական դաշտի որոշ ներկայացուցիչներ դրա մասին  հենց ընտրությունների անցկացումից հետո էին խոսում

Նոր արտահերթ ընտրությունների մասին ես լսում էի դեռևս  ընտրություններից 2 ամիս առաջ և  ես դա չեմ բացառում, սակայն չեմ հասկանում իմաստը, թե ինչու էին քաղաքական  դաշտը կրկին ապականում, եթե  2 տարի հետո նորից արտահերթ ընտրություններ պետք է  անեն։  Ես հասկանում եմ, որ իշխող քաղաքական ուժը զուրկ է ռազմավարական մտածելակերպից և իր ողջ շնորհքն ուղղում է հարցերի տակտիկական լուծումների վրա, բայց այդ աստիճան տակտիկակա՞ն։ Եթե այո, ապա թող երկու շաբաթով ընտրեին ու երկու շաբաթ հետո մտածեին, թե ինչ են անելու։ Երկրը նման կերպ կառավարելը, արդեն դուրս է բոլոր կարմիր գծերից։

-Փաստացի, ուզենք, թե չուզենք մենք ունենք խորհրդարանական կառավարման համակարգ ու, եթե, ըստ Ձեզ,  ականատես ենք լինելու միայն շոուների ու գործնականում խորհրդարանն  իր գործառույթները չի կատարելու, ապա  այս ամենը երկիրն ու՞ր կտանի

Երկիրը գնում է նոյեմբերի 10-ի ողբերգությունը օրինականացնելու ճանապարհով, իսկ մնացած ամեն ինչն ուղղակի արտաքին շոու է։  Սա շատ ցավալի է ու հարակից գործողություններն ուղղակի դառն իրականությունը մի փոքր մեղմելու միջոցներ են։ Պարզ երևում է, որ մեր այս խորհրդարանը  նոյեմբերի 10-ը սպասարկող խորհրդարան  է՝ իր բոլոր 3 խմբակցություններով։ Պետության համար այս ամենը դրամա է, քանի որ ողբերգությունը նոյեմբերի 10-ն էր։ Խնդիրը գիտեք որն է, որ խորհրդարանական համակարագն առաց  զարգացած կուսակցական համակարգի չի աշխատում  և մեր բոլոր կառավարությունները 30 տարի անընդմեջ արել են ամեն ինչ, որպեսզի   մեր կուսակցական համակարգը չզարգանա՝ իրենց իշխանության պահելու կամ զավթելու շահերից ելնելով։  Նույնը բացահայտ կերպով անում է այս իշխանությունը։ Մինչև 2017 թվականը մենք խորհրանական հանրապետություն չէինք, դրա համար կուսակցական չզարգացած համակարգի հետևանքներն այդքան էլ ակնհայտ չէին։ Իսկ ահա  2017 թվականից ի վեր, երբ մենք անցանք կառավարման խորհրդարանական ձևին ու չփորձեցինք զարգացնել մեր կուսակցական համակարգը, դա մեզ համար ունեցավ վատ հետևանքներ, միգուցե նաև կունենա աղետալի հետևանքներ։ Ամեն դեպքում՝ հուսով եմ՝ մեկ տարի հետո մենք կլսենք, որ գոնե մասամբ, բայց հրաժարվելու ենք խորհրդարանական համակարգից։

 Զրուցեց Մելինե Պետրոսյանը

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել