ԼուրերԿարևորՀարցազրույց

Գրողներին ոճով են առանձնացնում, ոչ թե պատմածի, շարադրածի բովանդակությամբ միայն. Դավիթ Սամվելյան

365news.am-ի զրուցակիցն է աստվածաբան, գրող, արձակագիր Դավիթ Սամվելյանը

Վերջերս լույս տեսավ Ձեր վեցերորդ գիրքը՝ «Հայելապատում»-ը: Դուք նշել եք, որ այն ինքնահայեցման մասին է, խնդրում եմ մի փոքր մանրամասն ներկայացնել ստեղծագործության գլխավոր ուղերձը:

– Ինքնահայեցում բառը չեմ ուզի, որ թյուրըմբռնման տեղիք տա և շփոթության մեջ գցի ընթերցողին: Հիմա այդ բառն առավել օգտագործում են բուդդիստական մեդիտացիա բառը հայացնելու համար, սակայն այս ինքնահայեցումը սեփական անձի ինքնաճանաչման մասին է: Այսօրվա հասարակության մեջ երբեմն մարդը կորցնում է ինքն իրեն, դառնում է գերին ամեն րոպե, ամեն օր նորովի ու նոր առաջ եկող ցանկություններին, առաջարկներին ու մոլություններին և բավականին քիչ ժամանակ է տրամադրում ինքն իր անձին, ավելին՝ կեղծում է, տարվում է պատրանքներով ու հեռանում իրենից՝ ձուլվելով ու դառնալով անդեմ մի էակ:

Վիպակի հերոսը, որին Արցախյան առաջին պատերազմի տարիներին Հայաստանից տարել էին արտերկիր, վերադառնում է, սակայն ողջ կյանքում փնտրում է երկրից դուրս անցկացրած մանկության գույները: Այստեղ մանկությունն անգամ կարելի է այլաբանորեն ընկալել, նա ուղղակի չի համակերպվում մեր հասարակությանը, բարքերին և ամեն ինչ անում է, որ հեռանա այստեղից: Ի վերջո, նրա մոտ ստացվում է դա, սակայն հենց այդտեղ էլ սկսվում է ամեն ինչ…

Սյուժեն ամբողջությամբ չպատմելու համար նշեմ միայն, որ անդրադարձներ կան փախստականների կյանքին, միջկրոնական, միջմշակութային տարբերություններին, ծնող-զավակ հարաբերություններին, վերլուծվում և ներկայացվում են տարբեր քաղաքային միջավայրերը, սերը, նաև այնպիսի վնասակար կախվածությունն, ինչպիսին է թմրանյութը: Բայց ինչո՞ւ «Հայելապատում», որովհետև սեփական անձի հետ առերեսումները հենց հայելու առջև են տեղի ունենում, հենց այդժամ են բացվում հոգու, ներքին հայելիներն ու այդ ընթացքում է հերոսն ազնիվ գտնվում ինքն իր հետ:

Վերջ ի վերջո, սեփական ինքնության, եսի փնտրտուքի հանգուցալուծումը պետք է լինի հատուցումը և այդ հատուցման միջոցով, ամեն ինչ-կորցնելու միջոցով իրական սեփական անձի գտնելը: Բայց թե ի՞նչ հատուցումների, առերեսումների, հիասթափությունների և վայրիվերումների մասին է խոսքը, ընթերցողը կիմանա միայն գիրքը կարդալու ընթացքում:

Բեսթսելլերներ «ՀակաՔԱՂԱՔական», «Ռոդենի ձմեռը», «Արտագաղթած կարոտ», «Զգուշացեք, դռները չեն փակվում» և արդեն «Հայելապատում» գրքերը սիրվեցին հայ ընթերցողի կողմից, ըստ Ձեզ, ի՞նչն է ընթերցողին հարազատ դարձնում այս ստեղծագործությունները:

– Արձագանքներից հասկացել եմ միայն, որ, օրինակ՝ «Արտագաղթած կարոտ»-ի դեպքում ընթերցողների մի մասը գրքում գտնում է իրեն, այսինքն՝ դա ևս առերեսում է, մյուս՝ «Ռոդենի ձմեռը» գրքի դեպքում շատերին գրավել է, դուր է եկել անցած-գնացած, դժվար տարիների կյանքի մասին պատումները, ներկայացվող հերոսները, սերը ու հիշողությունները, «ՀակաՔԱՂԱՔական»-ը գիրք է քաղաքի մասին, որն այլևս նույնը չէ, սկզբում մտածում էին, թե քաղաքականության մասին է, անգամ հակա բառին ուշադրություն չէին դարձնում, բայց քաղաքականությունը կամ քաղաքական թեման, թերևս, վերջին բանն է, ինչին կուզեմ անդրադառնալ իմ ստեղծագործություններում, այսպես, թե այնպես մեր առօրյան լի է քաղաքական՝ երբեմն անգամ զզվելի երևույթներով ու հետևանքներով:

Ինչպե՞ս ծնվեց սերը գրականության հանդեպ, ի՞նչը Ձեզ մղեց գրել առաջին գիրքը:

– Գրականության հանդեպ սերը միանշանակ ծնվում է ընթերցելու արդյունքում: Իմ բախտը բերել է՝ այն ժամանակ, երբ սկսել եմ կարդալ, գիրքը, թերևս, ամենահետաքրքիր ու գրավիչ ալտերնատիվն էր գորշ ու տխուր առօրյայից կտրվելու համար. 90-ականներն էին: Իրականում առաջին գիրքը գրքույկ էր, որն անգամ վաճառքի չի հանվել, տարբեր տարիներին գրված մանր-մունր բանաստեղծությունների ժողովածու էր, որոնք թղթերի վրա էին և չկորցնելու համար ի մի բերեցի: Հետագայում արդեն երբ գրական բլոգ ունեի, հասկացա, որ գրածներս հետաքրքրություն են առաջացնում, սիրվում են որոշ ընթերցողների կողմից: Մնացածն արդեն ընթացք էր, որն արդեն իր հունով գնաց:

Գրող դառնո՞ւմ են, թե՞ դա բնատուր է լինում:

– Հիմա երկուսից մեկը գրում է, գրում են բոլորը, եթե ոչ գիրք, ապա ստատուս, առաջ էլ մարդիկ օրագրեր էին պահում: Հավանաբար, բնատուր մի բան կա, բոլորն էլ շնորհներով օժտված լինում են, միայն թե հարց է՝ կօգտագործե՞ս, կզարգացնե՞ս այդ շնորհը, թե՝ կոչնչացնես: Գրող բառն իր մեծ իմաստով ընթերցողն է տալիս ստեղծագործողին, նույն ընթերցողն էլ այն կարող է հետ վերցնել:

Ո՞ր գրողները, ստեղծագործությունները կամ մարդիկ են ամենամեծ ազդեցությունն ունեցել Ձեզ վրա:

– Հստակ չեմ կարող ասել, ընթերցելիս ամեն ինչ էլ կլանում ես: Միայն թե ուշադիր պետք է լինես ու ոգևորված չդնես գրես միանգամից, թե չէ կստացվի վատ նմանակում: Պետք է նստվածք առաջանա ներսումդ, որ սեփական ոճդ առաջանա: Գրողներին ոճով են առանձնացնում, ոչ թե պատմածի, շարադրածի բովանդակությամբ միայն:

Ձեր ստեղծագործություններից ո՞րն է Ձեզ համար ամենասիրելին և հատկապես ինչո՞ւ:

– Ամեն գրած նորը դառնում է սիրելի, ամեն անգամ, նորովի հայացք նետելով նախորդ գրածներիդ վրա, ցանկանում ես որոշ բաներ փոխել, բայց եթե առանձնացնեմ, ապա «Ռոդենի ձմեռ»-ից «Չորրորդ փողոց» պատմվածքը և «հակաՔԱՂԱՔական»-ից «Ի սկզբանե էր վերջը»: Իսկ ինչո՞ւ, հավանաբար, որովհետև անձնական տարրեր կան դրանցում:

Ի՞նչ եք ընթերցում հիմա:

– Նիկոս Կազանձակիս. «Քրիստոսը կրկին է խաչվում»:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել