1ԳլխավորԼուրերՀարցազրույցՔաղաքականություն

Ռուսաստանը ներկա պահին առաջնային չի համարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը․ քաղաքագետ

Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները ԼՂ հարցում համընկնում են, ու մենք ղարաբաղյան հակամարտությունն ավարտված ենք համարում։ Այս մասին հուլիսի 22-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «AzTV» պետական ​​հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

«Մենք քննարկել ենք տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը՝ ներառյալ «Զանգեզուրի միջանցք»-ն ու հետպատերազմական շրջանը։ Մոտեցումների հարցում մենք տարաձայնություններ չունենք: Մենք՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, հավատում ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունն ավարտվել է»,- ասել է Ալիևը։

Վերջինիս հայտարարությունների, ինչպես նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ 365news.am-ը զրուցել է քաղաքագետ Վահրամ Հովյանի հետ։

Պարոն Հովյան, ըստ Ալիևի, Ռուսաստանն ու Ադրբեջանը հավատում են, որ պատերազմն ավարտվել է ու ԼՂ հակամարտությունն այլևս գոյություն չունի։ Ինչպե՞ս կարող ենք սա բացատրել, եթե և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարները Մոսկվա իրենց այցելություններից հետո հայտարարություններ են տարածում, որ Պուտինի հետ հանդիպումներից հետո լիակատար փոխըմբռնում ունեն:

– Արցախյան հարցին Ռուսաստանի մոտեցումը շատ հստակ է, ու նրանք բազմիցս պաշտոնապես, բաց տեքստով ասել են, որ Ռուսաստանը ներկա պահին առաջնային չի համարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, նրանց համար հիմա առաջանայինը տարածաշրջանում իրավիճակի կայունացումն է, տարածաշրջանային պետությունների միջև հարաբերությունների բնականոնացումն ու հաղորդակցային ուղիների բացումը։ Նրանք այդ ուղղություններով ակտիվ աշխատանքներ են իրականացնում, իսկ կարգավիճակի հարցը թողնում են ապագային, երբ որ հարաբերությունները կկարգավորվեն ու տարածաշրջանում կայունություն կլինի։

Այս համատեքստում, իմ կարծիքով, Ռուսաստանի դիրքորոշումը ճշմարիտ է, որ հարցը կարգավորված է։ Ինչ վերաբերում է Ալևին, ապա իրենց պարագայում մի քիչ դժվար է ասել, թե իրենք ինչ են հասկանում՝ հարցը կարգավորված համարելով։ Եթե, ըստ իրենց, կարգավիճակի հարցը լուծված է, ապա, բնականաբար, սխալվում են, իսկ եթե իրենք նկատի ունեն, որ խնդիրն առանց կարգավիճակի հարցի է կարգավորված, ապա դա կարող ենք մեկնաբանել որպես խոստովանություն, որ իրենք հաշտվել են այն մտքի հետ, որ Արցախն Ադրբեջանի մաս չի կարող կազմել։

Չնայած Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին սադրիչ գործողություններ է իրականացնում, այնուամենայնիվ, այդ երկիրը մեզ է «կոչ է անում» հրաժարվել «ռևանշիզմից», որը տարածաշրջանում կնվազեցնի պատերազմի ռիսկը։ Արդյո՞ք այս հակասությունները նկատելի չեն:

– Ադրբեջանական մոտեցումը շատ հստակ է ու սա տարիների ձեռագիր է։ Ադրբեջանը տարիներ շարունակ ամեն ինչ արել է արցախյան հիմնախնդրի էությունը նենգափոխելու և ազգերի ինքնորոշման խնդրից տարածքային վեճի վերածելու համար։ Ցավոք սրտի, դրան որոշ չափով նպաստել են նաև մեր  դիվանագիտության կողմից թույլ տված որոշակի վրիպումները։

Ամեն դեպքում, ադրբեջանական իշխանություններին չի հաջողվել, ու կարծում եմ՝ չի էլ հաջողվելու ամբողջությամբ խեղաթյուրել Արցախյան հիմնախնդրի էությունը։ Բացի դրանից, այն երբեք չի դառնա ուղղակի տարածքային խնդիր, ինչպես նաև, եթե նույնիսկ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, հաշտության պայմանագիր կնքվի, միևնույն է, դրանով խնդիրը չի դադարի գոյություն ունենալ քանի դեռ լուծված չէ կարգավիճակի հարցը։

Այստեղ ուզում եմ նաև մեկ այլ բան շեշտենք, որ եթե նույնիսկ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններն ամբողջությամբ կարգավորվեն, միևնույն է, Արցախյան խնդիրը կընկալվի իր բուն էությամբ՝ այսինքն ոչ թե երկու երկրների միջև եղած տարածքային վեճ, այլ հենց ինքնորոշման խնդիր։ Կոնֆլիկտը կշարունակի մնալ, բայց ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ Արցախի և Ադրբեջանի միջև, բացի դրանից, քանի որ այս տարածաշրջանում կան նաև ռուս խաղաղապահներ, այդ հակամարտությունն ինչ-որ տեղ կարող է դիտարկվել ռուս-ադրբեջանական։ Սա իմ սուբյեկտիվ կարծքին է։

Պարոն Հովյան, Ալիևի պնդմամբ՝ «Զանգեզուրի միջանցք»-ը պետք է բացվի, ինչպես որ նախատեսված է 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետով, մինչդեռ բոլորս էլ գիտենք, որ եռակողմ համաձայնագրի 9-րդ կետում «Զանգեզուրի միջանցք» ասվածի վերաբերյալ որևէ խոսք չկա։ Մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի Ադրբեջանը և՛ դադարի ինչ-որ պահանջներ ներկայացնելուց, և՛ վերջապես հասկանա, որ «Զանգեզուրի միջանցք» ասվածը չի եղել և չի էլ կարող լինել:

– Այստեղ շատ բան չկա անելու։ Նոյմենբերի 10-ի եռակողմ փաստաթղթում ամեն ինչ սևով սպիտակի վրա գրված է ու այնտեղ նշվում է միայն տարածաշրջանում հաղորդակցային ուղիների բացման մասին ու որևէ խոսք չկա որևէ միջանցքի մասին։

Հայկական կողմը պետք է ամուր պահի իր դիրքորոշումն ու վկայակոչի այդ փաստաթուղթը՝ ցույց տալով, որ դրանում խոսք է միայն հաղորդակցային ուղիների ապաշրջափակման մասին։ Եթե իրենք հաղորդակցային ուղիների բացման մեջ դիտարկում են նաև ինչ-որ միջանցքի հարց, ապա այդ ամենի հետ կապված ՀՀ վարչապետը մի դիտարկում է արել, որ այդ նույն տրամաբանությամբ էլ մենք կարող ենք խոսել «Նախիջևանյան միջանցք»-ի մասին։ Ռուսաստանը ևս անդրադարձել է միջանցքի թեմային և նշել, որ բանակցություններում «միջանցք» հասկացության վերաբերյալ քննարկումներ չկան։

Ադրբեջանի ղեկավարն իր հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ ինքն ու Պուտինը միմյանց վստահող քաղաքական գործիչներ են։ Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանի ղեկավարության և Ռուսաստանի ղեկավարության միջև նման վստահություն կա՞:

– Անձնական հարաբերություններն, իհարկե, կարևոր են ու, կարծես թե մենք էլ անձնական հարթությունում որևէ լուրջ կոնֆլիկտ չենք տեսնում։ Ամեն դեպքում երկկողմ հարաբերություններում անձնական հարաբերությունների դերը չպետք է գերագնահատել, քանի որ, ի վերջո, կան պետություն ու պետական շահեր։

Պետություններն իրենց շահերի հիման վրա են մշակում և իրականացնում իրենց արտաքին քաղաքականությունը, առավել ևս Ռուսաստանի նման պետությունները։ Ցանկացած պարագայում կարևորը պետական շահն է, իսկ անձնական հարաբերությունները կարող են ուղղակի օժանդակ դեր խաղալ։

Զրուցեց Մելինե Պետրոսյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել