Լուրեր

«Մեր բուհական ընդունելության համակարգը ճգնաժամի մեջ է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գնահատման և թեստավորման կենտրոնում միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել էր 11058 դիմորդ, որոնցից բուհ է ընդունվել 8083-ը: 2935 դիմորդ դուրս է մնացել մրցույթից. նրանցից 1546-ը չի հաղթահարել քննության անցողիկ շեմը։ Պետական և ոչ պետական բուհերում առկա է մոտ 15 000 թափուր տեղ: Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում թափուր տեղերի մրցույթի արդյունքները հաստատելու է հուլիսի 30ին: Ինչի՞ մասին են վկայում այս թվերը: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է՝ սա խոսում է մեր բուհական ընդունելության համակարգի ճգնաժամի մասին:

«Մեր հասարակական հարաբերությունները ձևափոխումների են ենթարկվել, ընդունելության քննությունների հին կարգերը, պետության կողմից սահմանված տեղերը, առհասարակ, ընդունելության այս համակարգն իրեն վաղուց սպառել է, և պետք է անցում կատարել նոր հայեցակարգով, նոր մոտեցումներով ընդունելության նոր ձևերին: Խորհրդային տարիներին գործող պլանային տնտեսությունից դուրս ենք եկել, այն ենթադրում էր պլանավորում բոլոր ոլորտներում և գործողությունների իրականացում այդ պլանին համապատասխան: Այն ժամանակ կարելի էր հաշվարկել, թե, օրինակ՝ հինգ տարի հետո քանի տնտեսագետ, իրավաբան կամ ֆիզիկոս է անհրաժեշտ լինելու տնտեսությանը: Պետությունը կարողանում էր պատվիրել այդքան տեղեր, բուհերն էլ պատրաստում էին համապատասխան կադրեր ինդուստրիալ հասարակության համար, հետո նրանք էլ արդեն իրենց ուղին գիտեին, թե որտեղ են աշխատելու և ինչ անելու: Իսկ արևմտյան զարգացած երկրներում, որտեղ կրթական համակարգը մեր համեմատ արագացված կերպով զարգանում է, լրիվ ուրիշ համակարգ է գործում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Նա կարծում է, որ օր առաջ պետք է անցնել այդ համակարգին: «Դպրոցների շրջանավարտներն իրենց գիտելիքները ստուգում են, երբ ցանկանում են, այդ ընթացքում ձեռք են բերում իրենց գիտելիքները հավաստող փաստաթղթեր՝ բալեր կամ միավորներ: Յուրաքանչյուր տարի համալսարանները, ոչ թե պետությունը, նախարարությունը և այլն, հայտարարում են, որ այսինչ մասնագիտության համար ընդունում են այսքան միավոր հավաքած շրջանավարտներին: Այս դեպքում բացառվում է սթրեսը, պլանավորումը, բուհերն էլ որոշում են, թե որ մասնագիտությամբ քանի դիմորդ ընդունեն, ինչ նվազագույն շեմով բալեր հավաքած դիմորդներին ընդունեն: Դրանից հետո բուհը և ուսանողը որոշում են, թե ինչպես շարունակեն ուսումնառությունը»,-նշում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ կրթության ոլորտում հայեցակարգը, մոտեցումը, փիլիսոփայությունը պետք է փոխվի:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել