Լուրեր

Դրամի արժեզրկման ժամանակ բենզինը թանկանում է, արժեւորման ժամանակ շուկան լուռ է. ինչու բենզինի գները չեն նվազում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

Հայաստանում բենզինի շուկան արդեն մի քանի շաբաթ է չի արձագանքում դոլարի նկատմամբ դրամի արժեւորմանը: Վերջին ամիսներին բենզինի գներն անընդհատ աճում էին, որոնք հիմնականում պայմանավորված էին միջազգային շուկայում գների աճով եւ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկամբ: Ընդ որում, վերջինիս ազդեցությունը շատ արագ էր նկատվում. օրինակ, եթե դրամն արժեզրկվում էր դոլարի նկատմամբ, հենց նույն օրն էլ լցակայաններում բենզինի գնի աճ էր նկատվում 10-20 դրամով:

Ապրիլին մեկ դոլարի փոխարժեքը հասել էր մինչեւ 540 դրամի, իսկ բենզինի շուկան շատ արագ դրան արձագանքել էր: Արդեն մեկուկես ամիս է բենզինի 1 լիտրի գինը 480-500 դրամ է: Այսօր դոլարի առք ու վաճառքը 480-490 դրամ է, սակայն  բենզինի գինը նույնն է մնում:

Նման դեպքերում քաղաքացիները խնդրի լուծում են սպասում հիմնականում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, որը, սակայն, այնքան էլ արագ չէ ուսումնասիրություններ իրականացնում: Իսկ ավելի կոնկրետ՝ մինչեւ 6 ամիս կարող է տեւել դա:

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ մեր տեղական շուկայում վառելիքի գները ոչ միայն դոլարի փոխարժեքով է պայմանավորված, այլեւ միջազգային գներով: «Եթե միջազգային շուկայում թանկանում կամ էժանանում է բենզինի գինը, մեզ մոտ անմիջապես այդ ազդեցությունը չի դրսեւորվում: Նախ բերված խմբաքանակը սպառվում է, հետո արդեն հաջորդ փուլի խմբաքանակի վրա է ազդում: Հիմա, եթե մեզ մոտ փոխարժեքի նվազում է եղել, սակայն տեղական շուկայում բենզինի գինը նույնն է մնացել, ենթադրվում է, որ միջազգային շուկայում վառելիքի գինն է ավելի թանկացել»,- ասաց Թունյանը՝ հավելելով, որ հարցի հիմնական հասցեատերը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է:

Դիտարկմանը՝ ներմուծողները անգամ ցածր գնով ներմուծած լինելու դեպքում արագ արձագանքում են թանկացումներին, իսկ նվազեցման դեպքում լուռ են, պատգամավորն արձագանքեց. «Ցավոք սրտի, միշտ այդպես է եղել: Թանկանալու ժամանակ սովորաբար արագ թանկացնում են, որպեսզի հետագա թանկացումների ռիսկը չեզոքացնեն, այսինքն իրենք իրենց ապահովագրեն: Շուկան այնպիսին է, որ 2-3 մեծ խաղացող են ու նրանք են թելադրում խաղի կանոնները»:

Ըստ նրա` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը բոլոր լծակներն ունի հասկանալու՝ այդտեղ չարաշահում տեղի ունեցե՞լ է թե՛ գնանկման, թե՛ գնաճի ժամանակ: Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ խոշոր խաղացողները պայմանավորվածություն ձեռք բերեն գնի վերաբերյալ, Թունյանը պատասխանեց. «Չեմ կարող այդ հարցին պատասխանել, ոչ էլ ցանկանում եմ ինչ-որ մեկին մեղադրել դրա մեջ: Ամեն դեպքում հասարակության մեջ բենզինի շուկայի նկատմամբ ավանդաբար այդ կասկածը եղել է, որ կարող են պայմանավորվել: Երեւի հիշում եք, որ ժամանակին միաժամանակ նույն օրը, նույն ժամին բոլորը գինը փոխում էին՝ ավելացնում կամ նվազեցնում»:

Նա ընդգծեց՝ դա շուկայական տնտեսության մրցակցային կանոնների խախտում է, հակամրցակցային համաձայնություն, եւ եթե ապացուցվի, որ նման բան կա, ապա դրա համար համապատասխան պատիժներ կան սահմանված:

Տնտեսագետ Արմեն Քթոյանը մեր զրույցում նշեց, որ եթե նույնիսկ կան գործոններ, որոնք տրամաբանորեն նպաստում են գների նվազմանը կամ աճին, ապա կան նաեւ որոշ սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս, որ դա տեղի ունենա անմիջապես. «Այսինքն, եթե կա ազդեցություն եւ արդյունքը որոշ ժամանակ հետո է լինում, դա կոչվում է կոշտություն»:

Ըստ նրա՝ կոշտությունը միշտ էլ ավելի ընդգծված բնույթ ունի, երբ գները նվազում են: «Ինչ վերաբերում է մեր շուկային, վերջին 2 օրերի ընթացքում փոխարժեքի կտրուկ տատանումների նոր ալիք է նկատվում, բայց վառելիքի շուկայի գները պայմանավորված են այն պրոցեսներով, որոնք տեղի են ունեցել շատ ավելի վաղ, օրինակ՝ պաշարների ձեռքբերումը: Այսինքն այս պահին սա չի անդրադառնա այն ձեւով, ինչպես քաղաքացիներն են ցանկանում»,- ասաց տնտեսագետը:

Քթոյանի խոսքով՝ փոխարժեքը գործոններից մեկն է, որը նպաստում է գների նվազմանը, բայց կան նաեւ այլ գործոններ, որոնք հակառակ ուղղությամբ են գներն ուղղորդում, եւ արդյունքում չի արձանագրվում գների այն փոփոխությունը, որը ցանկալի կլիներ: «Այստեղ 2 ասպեկտ կա, մի դեպքում համեմատաբար բարձր գներով ձեռք բերված պաշարներն են, որոնք դեռ առկա են, եւ մյուսը՝ փոխարժեքի գործոնը, որը նոր է սկսել ընդգծված ձեւով արտահայտվել: Հիմա կարելի է ակնկալել, որ եթե փոխարժեքի այս միտումները շարունակվեն պահպանվել, առաջիկա 10 օրերի ընթացքում մենք կունենանք վառելիքի շուկայի գների վրա ազդեցություն: Օրինակ՝ 10 դրամով կարող է բենզինն էժանանալ»,- նշեց նա:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել