ԱշխարհԼուրեր

Թուրքիան, հերթական անգամ խախտելով ՄԱԿ-ի որոշումները, նոր սադրանքների է գնում Կիպրոսում

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Հանրապետության նախագահ համարվող Էրսին Թաթարը Հունաստանի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարությունների կողմից լուրջ քննադատությունների արժանացան երկուշաբթի օրը Վարոշա քաղաքի մի մասի վերաբացման և վերաբնակեցման մասին համատեղ հայտարարությունից հետո։ 

Հիմնական խնդիրն այն է, որ 1974 թ.-ին Կիպրոսի էթնիկ թուրքերին պաշտպանելու և ինքնորոշման իրավունքն իրականացնելու պատրվակով թուրքական բանակի՝ Կիպրոս ներխուժումից հետո Ֆամագուստայի օկուպացված հատվածը (Վարոշան) առաջին անգամ որոշվել է վերաբացել։

Հատկանշական է, որ հայտարարությունն արվել էր Էրդողանի՝ հյուսիսային Կիպրոս երկօրյա այցի ժամանակ, որը համընկնում էր Կիպրոս թուրքական բանակի ներխուժման տարելիցի հետ։

Թաթարի խոսքով՝ իշխանությունները ծրագրում են դադարեցնել շրջանի մի մասում գործող ռազմական դրությունը, և քաղաքի 3,5%-ին կտրամադրվի քաղաքացիական կարգավիճակ։       

Իր ելույթում Էրդողանը քննադատել էր «կիպրոսցի թուրքերի թշնամիներին» և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին։

«Նրանք բոլորը հանդես են գալիս Կիպրոսի մասին ելույթներով։ Մենք կլսենք դրանք, բայց մեզ համար միևնույն կլինի, թե ինչ կասեն նրանք»,- ասել էր Էրդողանը և հավելել․ «Մենք չենք լսելու նրանց խորհուրդները․․․ Մենք կանենք այն, ինչ մեզ պետք է»։

Թուրքիայի ղեկավարը կրկնել էր նաև իր կոչը Կիպրոսում խնդիրը «լուծել երկու պետությունների հիմքով»՝ քննադատելով Եվրոպական միությանը, որը հերքում էր այդ գաղափարը։ Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենն ավելի վաղ Նիկոս իր այցի ժամանակ հայտարարել էր, որ ԵՄ-ն երբեք նման գաղափարը չի ընդունի։ 

Ավելի ուշ Հունաստանի և Կիպրոսի ղեկավարներն, ի պատասխան թուրքական կողմի գործողությունների, քննարկել են իրենց համակարգված դիվանագիտական գործունեության ակտիվացումը։

Երեքշաբթի Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը քննարկել են Կիպրոսի թուրքերի ղեկավարի և Թուրքիայի նախագահի այն հայտարարությունները, որտեղ խոսվում է հունական նախկին տարածքներում նոր վերաբնակեցումների նպատակի մասին։    

Հունաստանի Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել էր Թուրքիայի հայտարարությունները և նշել, որ այդ ձևով փոխվում է քաղաքի փակ կարգավիճակը, ինչն էլ հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին և Եվրախորհրդի որոշումներին՝ դրանք համարելով կոպիտ խախտումներ։

«Հունաստանն ամենախիստ կերպով դատապարտում է Թուրքիայի նախագահի այսօրվա հայտարարությունը փակ քաղաք Վարոշայի մի մասի բացման մասին»,- ասվում է հայտարարությունում, որտեղ հստակորեն հիշատակվում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1984թ.-ի 550, 1992թ.-ի 789 և 1999 թ.-ի 1251 բանաձևերը, ինչպես նաև Եվրոպական խորհրդի որոշումները, որտեղ Թուրքիային կոչ էր արվում ձեռնպահ մնալ միակողմանի որոշումներից և սադրիչ քայլերից, որոնք կարող են ապակայունացնել տարածաշրջանը։

Բացի այդ, Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ «Հունաստանը Կիպրոսի հետ լիարժեք համագործակցությամբ հավատարիմ է կիպրական խնդրի լուծմանը՝ երկշրջանային և երկհամայնքային դաշնության սկզբունքով, ինչպես դա որոշված է ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան որոշումներով և փոխհամաձայնեցված է Եվրոպական խորհրդի սկզբունքների հետ»։

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը կիպրոսցի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում տեղակացրել էր, որ հունական կողմը Թուրքիայի անօրինական գործողությունների մասին տեղյակ է պահել նաև ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտոր Նուլանդին։

ԱՄՆ-ի արձագանքը չուշացավ և հուլիսի 20-ին Պետքարտուղարության կայքում հրապարկվեց պետքարտուղար Էնթոնի Բլինկենի քննադատող հայտարարությունը։

«Կիպրոսի թուրքերը և Թուրքիան արհամարհել են միջազգային հանրության և ՄԱԿ-ի ԱԽ կոչերը՝ դադարեցնելու բոլոր միակողմանի գործողությունները Վարոշայի նկատմամբ։ ԱՄՆ-ն Վարոշայում Հունաստանի թուրքերի գործողությունները թուրքերի աջակցությամբ դիտարկում է որպես սադրիչ քայլ՝ անընդունելի ու անհամապատասխան կարգավորման բանակցություններին կառուցողական մասնակցելու իրենց նախկին պարտավորվածությունների հետ»,- ասվում է հայտարարությունում։

Մեծ Բրիտանիայի Արտաքին քարտուղար Դոմինիկ Ռաաբը Twitter-ում, կիսվելով Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության հայտարարությունով, իր գրառման մեջ քննադատել էր թուրքական գործողությունները Վարոշայում և ընդգծել, որ դա «հակադիր է ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումներին և վտանգում է Կիպրոսի կարգավորման գործընթացը։ Մենք այն անհապաղ կքննարկենք ԱԽ անդամների հետ»։           

Կիպրոսյան Վարոշայի հարցով գործնական քայլերն արդեն տեսանելի են դառնում Միացիալ Նահանգների կողմից։ Դրանք հիմնականում վերաբերում են հնարավոր պատժամիջոցների կիրառմանը։ Այդ մասին Կոնգրեսում իր ելույթում նշել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական գծերով օգնականի թեկնածու Քարեն Դոնֆրիդը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է բաց լինի եվրոպական դաշնակիցների հետ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ համատեղ աշխատանքի ծավալման համար, եթե այն շարունակի խախտել օրենքի գերակայությունը։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել