1ԳլխավորԼուրերՀարցազրույց

Ես կուզեի ԱԺ-ում ունենալ օգնականներ, որոնք ինձնից շատ կվարձատրվեին․ Բաբկեն Թունյան

365news.am-ի զրուցակիցն է ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը

Պարոն Թունյան, օրերս Եվրամիությունը հայտարարել է, որ պատրաստ են «օպերատիվ կերպով շատ մեծ ներդրում իրականացնել Հայաստանի տնտեսության վերականգնման համար»։ Մասնավորապես տնտեսության ո՞ր հատվածները նկատի ունի ԵՄ Եվրահանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը։

– Խոսքն, ըստ էության, վերաբերում է ֆինանսական միջոցներին, որոնք Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում հատկացվելու են Հայաստանին։ Ընդ որում՝ ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին, Վրաստանին, Ուկրաինային։ Եվ գումարի չափը սկզբնական շրջանում 1,6 միլիարդ եվրո էր, հետո Եվրոպական խորհրդի նախագահը, երբ Հայաստանում էր, հաստատեց, որ ևս 1 միլիարդ եվրոյի ֆինանսավորում են ներգրավելու։ Այսինքն՝ 2,6 միլիարդ եվրո 5 տարվա ընթացքում ԵՄ-ն տրամադրելու է Հայաստանին, և կարծում եմ, որ խոսքն այդ ծրագրի մասին է։

Եվ ի՞նչ է ենթադրում այս ծրագիրը, ո՞ր ուղղությամբ է կիրառվելու այս ներդրումը։

– Այդ գումարը 5 ուղղություններով է տրվում, ուղղություններն իրենք մատնանշել են։ Առաջինը՝ ՓՄՁ ոլորտի զարգացում, երկրորդ՝ թվայնացում, տեխնոլոգիաներ, երրորդ՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի կոնկրետ ֆինանսավորում, չորրորդ՝ Սյունիքի՝ այսինքն հարավային շրջանների ամրապնդում, և հինգերորդը կոնկրետ Երևանի համար՝ «Կանաչ Երևան», տրանսպորտ, ավտոբուսներ, թափոնների կառավարում և այլն։

Այսինքն՝ 5 ուղղություն նրանք մատնանշել են, սակայն թե յուրաքանչյուր ուղղությամբ ի՞նչ ծրագրեր կիրականացվեն, թողնված է յուրաքանչյուր երկրին։ Հիմա Հայաստանի դեպքում մենք ենք ներկայացնում, կառավարությունում արդեն մի քանի անգամ այդ թեման քննարկվել է ու ծրագրերի ընդհանուր շրջանակները կան։ Իհարկե, այդ ծրագրերն իրենցից ներկայացնում են համ ներդրումներ ենթակառուցվածքներում, համ ծախսեր կարողությունների զարգացման համար, ուղղակի ֆինանսավորում, վարկային էժան միջոցներ։ Այսինքն՝ համապարփակ ծրագրեր են, որոնք նպաստելու են համ աշխատատեղերի ավելացմանը, համ ենթակառուցվածքների բարելավմանը, համ էլ գիտության ու կրթության համակարգերի վերազինմանը։

Ռուսաստանից այսպիսի ծրագրեր Հայաստանում կա՞ն։

– Այս ծավալի ու այս ընդգրկման ծրագրեր չեմ հիշում, որ եղած լինեն, ներդրումներ, իհարկե, եղել են, կան, կլինեն, վարկային միջոցներ, հիշում եմ՝ մի անգամ խոշոր ծրագիր եղավ ռուսական՝ 500 միլիոն դոլարի վարկ էր, կան ծրագրեր, որոնք ռազմական համագործակցությանն են վերաբերում, որոնց մասին շատ ինֆորմացիա չկա, բայց այս տիպի ու այս ծավալի ֆինանսավորում չի եղել ոչ միայն Ռուսաստանից, այլև ընդհանրապես ոչ մի երկրից։

Ընդ որում՝ տարածաշրջանի երկրներից Հայաստանին ամենաշատ ֆինանսավորումն է տրվել, սա մեկ, և երկրորդ՝ առաջին անգամն է, որ ԵՄ-ն կամ ցանկացած միջազգային կառույց այդ գումարը տալիս է ոչ թե իրենց սեփական ծրագրերն իրականացնելու համար, այլ ինքն ուղղությունները մատնանշել է, ու մենք ենք որոշելու, թե ինչի վրա ծախսենք։ Այսինքն՝ գործելու ազատություն ու ճկունություն է տրված։ Թե այդ գումարն ինչպե՞ս կծախսվի, ինչքանո՞վ արագ կծախսվի ու արդյունավետ և ի՞նչ արդյունք կունենա, դա կախված է մեզնից։

Պարոն Թունյան, 2,6 միլիարդ եվրո տրամադրելու հարցում որևէ դեր ունի՞ այն փաստը, որ, եթե չակերտներում ասենք, ԵՄ-ի համար «այլևս Ղարաբաղի խնդիր չկա»։

– Չէ, չեմ կարծում, այս ծրագիրը կարծում եմ՝ ավելի շատ կապ ունի 44-օրյա պատերազմի հետևանքները հաղթահարելու հետ, որովհետև տեսնում են, թե ինչ է կատարվել, երկիրն ինչ վիճակի մեջ է, այս ծրագրի հետ կապ ունեն նաև Հայաստանում քաղաքական պրոցեսները, տեղի ունեցած ընտրությունները և այլն։ Ու նշվել է, որ Հայաստանը վերահաստատեց, որ ընթանում է ժողովրդական ճանապարհով։ Ուզում եմ նշել, որ խոսքը միայն Հայաստանին չի վերաբերում, այլ Արևելյան գործընկերության ֆինանսավորումը ստացած բոլոր երկրներին, ուղղակի Հայաստանին հատկացված գումարի չափն ավել է ու ավել չափն է, երևի, պայմանավորված ձեր նշած գործոններով։

Վերջերս մամուլում տպագրվեց Հայաստանի հարավն ընդգրկող մի քարտեզ, որում նշված էի Սիսիանից դեպի Քաջարան նոր ճանապարհային հանգույցները, որոնք պետք է կառուցվեն ԵՄ-ի տրամադրած ֆինանսական միջոցներով։ Ըստ այդ քարտեզի՝ նոր ճանապարհը շրջանցելու է այսօր գործող ճանապարհը, որի մի մասն անցնում է Ադրբեջանի տարածքով։ Դա այդպե՞ս է, թե՝ ոչ։

– Չեմ կարող ասել, թե ինչ քարտեզի մասին է խոսքը։

Տեսեք, «Հյուսիս-հարավ» ճանապարհը, որը մենք այսպես թե այնպես պետք է անենք, կկառուցվի ԵՄ-ի մոտ 600 մլն եվրոյով։ Հիմա այսպես է՝ կարող է ընդհանուր ծրագրի արժեքը լինի մոտավորապես 1 միլիարդ եվրո, մենք իրենցից վերցնենք 600 միլիոնը։ Բայց այդ ճանապարհի հատվածը թունելներով,-դուք, հավանաբար, նկատի ունեք Սիսիան-Քաջարան հատվածը,-բնականաբար, այս ֆինանսավորման շրջանակներում է լինելու։ Որովհետև այդ «Հյուսիս-հարավի» մասը շատ կոնկրետ է։ Բայց բացի այդ ծրագրից, կա նաև հարավային շրջանների ամրապնդման ծրագիրը, հիմնականում Սյունիքի մարզի, ու դա հիմնականում վերաբերելու է տուրիզմին ու ենթակառուցվածքներին։

Այսինքն, բացի «Հյուսիս-հարավից», կլինեն մարզային ծրագրեր, առանձին գյուղական համայնքներում որոշակի ծրագրեր, այդ թվում՝ ճանապարհաշինություն, դպրոցաշինություն, տնտեսության վերականգնում, ու կարծում եմ, որ այդ երկուսի համակցությունը լավ արդյունք է տալու։

Այս գումարի մեջ չկա՞ մեր սահմանների ամրապնդումը։

– Եթե սահմանների ամրապնդումը ռազմական իմաստով նկատի ունեք, բնականաբար՝ ոչ, չկա։

Իսկ տեխնոլոգիական իմաստո՞վ։

– Մնացածն արդեն մեր հայեցողությամբ է։ Հիմա եթե մենք այդ գումարով հեռավոր մարզերում լուծում ենք ճանապարհների խնդիր, կոմունիկացիայի, լուսավորության, ջրի, այդ ամենն անուղղակիորեն սահմանի ամրապնդում է նշանակում, որովհետև սահմանն ամուր է բնակչությամբ, որն այնտեղ աշխատում է, իսկ բնակիչը մնում է, եթե այնտեղ կան ապրելու ու աշխատելու համար նորմալ պայմաններ։

Պարոն Թունյան, մենք հաշվետո՞ւ ենք լինելու ԵՄ-ին կատարված աշխատանքների համար։

– Բնականաբար, մենք հաշվետու ենք լինելու ոչ միայն Եվրամիությանը, այլև մեր սեփական հասարակությանը, որովհետև այդ գումարը գալիս է ու բյուջետային ծախսերի հետ սինխրոն ծախսվելու է, այնպես չէ, որ գնալու է լցվի մի առանձին կաթսայի մեջ ու այդտեղից ինչ-որ այլ ծրագրեր ֆինանսավորվեն։ Դրանք մեր բյուջետային ծրագրերի, կառավարության ծրագրերի ռազմավարությանը համահունչ պետք է ծախսվեն, ու ուզում եմ նշել, որ այդ գումարը նվեր չէ։ Այդ գումարը տրվելու է 4 գործիքներով, մի մասը դրամաշնորհներն են, այսինքն՝ անվերադարձ գումար է, մյուս մասը երաշխիքներն են, մյուս մասն արտոնյալ վարկեր են։

– Այսինքն՝ կա մի մաս այդ գումարում, որը մենք վերադարձնելու ենք։

– Այո։ Այդ 4 գործիքներն են ու ինչ համամասնությամբ կծախսվեն, այսինքն, որ մասը կլինի դրամաշնորհ, որ մասը, ասենք, էժան վարկ, ու որ մասը՝ երաշխիք, այս պահին դեռ պարզ չէ, բայց այդ համակարգը շատ ճկուն է ու կախված նրանից, թե մեր ծրագրերը որքանով մեր եվրոպացի գործընկերների համար ընդունելի կլինեն, որ մասն իրենց համար առաջնային կլինի, հավանական է, որ այդ մասով մենք կունենանք ավելի էժան միջոցներ։ Բայց, իհարկե, գումարի մի մասը վերադարձվելու է։ Սա էժան փող է։ Կա արտոնյալ վարկ, կա երաշխիք, որը նշանակում է, որ իրենց միջոցով հնարավորություն ունենք էժան փող ներարկել տնտեսության մեջ առանց գրավի ապահովման կամ մնացած խստացումների։

Վերջերս մեծ աղմուկ հանեց պատգամավորներին 250 հազար դրամ «ձեռքի ծախս» տալու մասին օրինագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Պարոն Թունյան, Հայաստանում ոչ մեկի աշխատավարձը չի ավելանում, ինչո՞ւ պիտի ձերն ավելանա, թեպետ, սա աշխատավարձի անվան տակ չի տրվում։

– Ճիշտ էլ նշեցիք՝ աշխատավարձի ավելացում չէ ու այդ գումարը՝ 50 հազար դրամը պատգամավորական, գործում է, կարծեմ՝ 2013 թվականից ու այդ ժամանակից Հայաստանում շատ բաներ թանկացել են, ու ընդ որում՝ բոլոր այն ուղղություններով, որտեղ պատգամավորները գործ են ունենում։ Իսկ պատգամավորի գործունեությունը հայտնի է, դա միայն օրենսդիր աշխատանքը չէ, կան շփումներ, հանդիպումներ, տարբեր ծախսեր, որոնք պետք է պատգամավորը կատարի ու դրա արդյունքում որոշակի բարձրացում է տեղի ունեցել։

Շատերն ասում են, որ այդ գումարի ավելացումը փոխարինում է պարգևավճարներին ու նշվում է, որ ամեն ամիս պարգևավճար էին ստանում, հիմա այդ 250 հազարը կստանան։ Ուզում եմ մի անգամ ևս նշել, որ այդպիսի բան չկա, վերջին անգամ պարգևավճար ենք ստացել 2020-ի մարտին։ Ես ինքս ավելի հակված կլինեի ավելի ճկուն համակարգի, ինչպես եվրոպական երկրներում է կամ Բունդեսթագում։ Կան պատգամավորներ, որոնք ստանում են աշխատավարձ, աշխատավարձից բացի ունենում են նաև ֆոնդ, ասենք՝ Բունդեսթագում այդ ֆոնդն ամսական 20 հազար եվրոյի չափ է, ու այդ ֆոնդը պատգամավորները կարող են տնօրինել իրենց հայեցողությամբ, նկատի չունեմ, որ այդ ֆոնդի գումարով գնան հանգստանալու։

Այդ ֆոնդի գումարով կարող են հետազոտություններ պատվիրել, աշխատակազմ պահել կամ ծախսել ինչ-որ սեմինարներ կազմակերպելու համար, ու այդ գումարի համար հստակ հաշվետվություն է ներկայացվում ու աուդիտի է դա ենթարկվում։ Այդ մեխանիզմը եթե մեզ մոտ աշխատեր, շատ ավելի ճկուն կլիներ ֆինանսավորման մեխանիզմը։ Այս դեպքում չեմ կարծում, թե 250 հազարն այն գումարն է, որի շուրջ արժեր այդքան շատ աղմուկ բարձրացնել։ Ուզում եմ նշել, որ ԱԺ-ն իր այդ որոշմամբ բյուջեի համար լրացուցիչ ծախս չի առաջացնում, պատգամավորների թվի կրճատմանը զուգահեռ ավելի շատ խնայվում է, քան ավելանում։

Ուզում եմ նշել, որ ԱԺ-ն 2020-ի ընթացքում նախատեսվածից մոտ 1,5 միլիարդ դրամ ավելի քիչ գումար է ծախսել, այդքան գումար տնտեսվել է ու բյուջե է վերադարձվել։ Եվ ուզում եմ նշել, որ եթե մենք ուզում ենք ունենալ էֆեկտիվ խորհրդարան, որպեսզի պատգամավորը զբաղված չլինի, ծանրաբեռնված չլինի կենցաղային այլ խնդիրներով, գոնե որոշակի փոխհատուցման համակարգ պիտի աշխատի։ Համաձայն եմ՝ մեզ մոտ պատգամավորի աշխատավարձն ավելի բարձր է, քան՝ ուսուցչի կամ զինվորականի աշխատավարձը։ Բայց բոլոր երկրներում է այդպես ու պետական քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդկանց աշխատավարձը պիտի համարժեք լինի, որպեսզի այդ մարդիկ գան պետական համակարգ աշխատելու ու այնտեղից չգնան ու որոշակիորեն համ հոգեբանորեն, համ ֆիզիկապես տրամադրվեն ու լծվեն պետականաշինության գործին։

Ես ավելի կողմ կլինեի, եթե մենք ունենայինք ավելի ճկուն մեխանիզմ, որովհետև, օրինակ,-ես իմ փորձից եմ ասում,-նորմալ բարձրակարգ մասնագետներ գտնել, բերել ԱԺ որպես փորձագետ աշխատելու, շատ դժվար է, որովհետև գործող համակագն այնպիսին է, որ թույլ չի տալիս նրան բարձր աշխատավարձ տալ։ Իսկ ես, օրինակ, կուզեի ունենալ օգնականներ, որոնք ինձնից շատ կվարձատրվեին, նրանց խորհուրդները հաստատ մեր պետության համար շատ ավելի մեծ արդյունք կապահովեին, քան այն գումարը, որ նրանց վճարվում է։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել