1ԳլխավորԼուրերՀարցազրույցՔաղաքականություն

Ադրբեջանն այս փուլում շատ ավելի լավ աշխատեց, քան Հայաստանը․ քաղաքագետը՝ օտարերկրյա դեսպաների՝ Շուշի այցելության մասին

Հունիսի 10-ին Ադրբեջանում հավատարմագրված շուրջ 46 պետությունների դեսպաներ, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներ, Ադրբեջանի նախաձեռնությամբ այցելեցին Շուշի։ Հետաքրքրական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները հրաժարվել են  մեկնել Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող՝ Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշի։ Թեմայի վերաբերյալ 365news.am-ը զրուցել է քաղաքագետ Արեգ Քոչինյանի հետ։

-Պարո՛ն  Քոչինյան, ինչի՞ մասին էր խոսում դեսպաների՝  Շուշի այցելությունը։

-Փաստացի,  այդ այցելությունից առաջ ադրբեջանական կողմն իրականացրել է բավականին լուրջ  դիվանագիտական և կազմակերպչական աշխատանքներ։ Ադրբեջանն իր երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև երկրների ղեկավարության հետ քրտնաջան աշխատանքներ է  տարել ու կազմակերպել այն, ինչ կազմակերպել է։ Դրան զուգահեռ Հայաստանը պետք է որոշակի աշխատանք իրականացներ՝  նման միջոցառման կազմակերպումը կանխարգելելու կամ դրա ներկայացուցչականությունը նվազագույնի հասցնելու  համար։ Սա խոսում էր ուղղակի այն մասին, որ Ադրբեջանն այս փուլում շատ ավելի լավ աշխատեց, քան Հայաստանը։  Ամեն դեպքում, Հայաստանի կողմից որևէ աշխատանք չտանելու համար  կան օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներ։ Օբյեկտիվ խնդիրներից մեկը կարող է լինել էլեմենտար տեղեկատվության բացակայությունը, ինչը թեպետ, ըստ իս, լուծելի խնդիր էր ու արդարացում չէ։ Կարծում եմ՝ մենք որպես պետություն, մեր հակառակորդի կողմից կազմակերպվող նմանատիպ միջոցառումների  մասին պետք է առնվազն տեղեկացված լինենք։ Հաջորդ խնդիրն էլ այն է, որ մենք արտգործնախարար, ինչպես նաև փոխնախարարներ  չունենք ու սա ևս մեկ մարտահրավեր է, որ ինչքան հնարավոր է շուտ ոլորտը պետք է կարգի բերվի։ Եթե մեզ մոտ այդ դիրքը բաց է, ապա հակառակորդն ամեն կերպ կօգտվի դրանից։ Հիմա կարիք չկա Շուշի այցելած պետությունների ներկայացուցիչներին կշտամբել, ուղղակի անհրաժեշտ էր մինչ այցելությունն աշխատել այդ պետությունների հետ։ Ընդհանրապես, մենք պետք է դուրս գանք այն փակ շրջանակից, երբ որ ինչ-որ երկրներ, իրենց շահերից ելնելով, ինչ-որ գործողությունների են գնում, իսկ մենք սկսում ենք ասել՝ դուք մեզ հետ դաշնակից էիք և այլն, և այլն։ Նման մանկամիտ մոտեցումները մենք պետք է դադարեցնենք և սկսենք պետությունների հետ ուղղակի աշխատել։

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները հրաժարվել են այցելել Շուշի։ Արդյո՞ք սա ևս մեկ անգամ վերահաստատում է այն դիրքորոշումը, որ ԼՂ խնդիրը կարգավորված չէ ու այն դեռևս հնարավոր է կարգավորել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով։

– ՄԽ համանախագահների հրաժարումը նախ պետք է նշենք, որ ընդհանրապես կապված չէր Հայաստանի  կողմից  տարվող աշխատանքի հետ ու չայցելելը հենց այդ երկրների դիրքորշումներն են եղել։ Համանախագահող երկրների դեսպանների այցին մասնակցելուց հրաժարումը հավաստում է այն մասին, որ Արցախյան հիմնահարցը  լուծված չէ ու դա փաստ է։ Բացի դրանից, այցից հրաժարումը հաստատում է նաև այն, որ  7 շրջանները, որոնց մասին խոսելիս Ադրբեջանն օգտագործում է գրավյալ տարածքներ  տերմինը,  ու  Շուշին  և Հադրութն այդ երկրների համար  ունեն տարբեր կարգավիճակներ։ Այս ամենից զատ,  ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների՝  Շուշի չայցելելը մեզ համար ևս մեկ ազդակ էր, որ մենք ահռելի աշխատանք ունենք՝ ՄԽ ձևափաչը վերականգնելու ուղղությամբ։

– Պարո՛ն Քոչինյան, ճիշտ է՝ Հայաստանը չունի ԱԳ նախարար, բայց  ունի գոնե մեկ փոխնախարար ու վերջիվերջո ունի որպես այդպիսին նախարարություն։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նույնիսկ այցից հետո մեր՝ նման անտարբերությունն ու թեկուզ մեկ հայտարարություն չտարածելը, արդյո՞ք այս անտարբերությունը հնարավոր է որևէ կերպ արդարացնել։

-Բնականաբար ազդեցությունը շատ բացասական է լինելու, բայց ես Ձեզ հետ համաձայն չեմ, որ մենք փոխնախարար ունենք, քանի որ  չնայած որոշվել էր, որ մի փոխնախարար պետք է մնար՝ որպես  նախարարի պաշտոնակատար, սակայն վերջին փոխնախարարն էլ էր որոշել հեռանալ։ Այս պահին, փաստը մնում է փաստ, որ ԱԳՆ-ն  գլխատված վիճակում է և գլխատված գերատեսչությունից ես որևէ ակնկալիք  չեմ կարող ունենալ։ Եթե որևէ հայտարարություն լինի, ապա դա ինչ-որ մեկը պետք է հաստատի ու դրա պատասխանատվությունն իր վրա վերցնի, սակայն քանի դեռ մեր արտաքին գերատեսչությունը կարգի չի բերվել, ու նշանակումներ չեն եղել, պետք չէ այնտեղից որևէ սպասելիք ունենալ։

 Զրուցեց Մելինե Պետրոսյանը

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել