ԼուրերՆերքինՔաղաքականություն

ՀՅԴ-ն հանդես կգա որպես արմատական ընդդիմություն, կգործադրի քաղաքական պայքարի բոլոր միջոցները

Հայ hեղափոխական դաշնակցություն կուսակցությունը հանդես է գալու որպես արմատական ընդդիմություն  և գործադրելու է քաղաքական պայքարի բոլոր հնարավոր միջոցները՝ գործող իշխանությանը հեռացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովի հայտարարությունում, որն ասուլիսում ներկայացրեց ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Երեւանում հուլիսի 2-4 տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողով: Ժողովի արդյունքում ընտրվել է Գերագույն մարմնի նոր կազմ, ընդունվել է հայտարարություն:

Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ժողովից հետո ընդունված հայտարարությունը:

«Ժողովը, քննելով ՀՀ-ում ստեղծված քաղաքական, անվտանգային իրավիճակը, տեղի ունեցած ընտրական և հետընտրական գործընթացները, երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը, արձանագրում է, որ խորհրդարանական ընտրությունները չհանգուցալուծեցին երկրում արդեն տևական ժամանակ շարունակվող քաղաքական և ներհասարակական ճգնաժամը»,-ասված է հայտարարությունում:

Դրանում նշվում է,  թե գործող իշխանությունը հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում զանգվածաբար գործի է դրել վարչական, ֆինանսական լծակներ: Հայտարարությունում հիշեցում է արվում, որ ՀՅԴ-ն արտահերթ ընտրություններում գործընկերների հետ ձևավորել է «Հայաստան» դաշինքը՝ մասնակցություն ունենալով ընտրապայքարին: Ըստ հայտարարության՝ «Հայաստան» դաշինքը դարձել է գործող իշխանության իրական և գլխավոր այլընտրանքը:

Հայտարարությունում նշվում է, որ ՀՅԴ-ի Հայաստանի Գերագույն Ժողովը, ելնելով ստեղծված իրավիճակից, հայտարարում է, որ հետամուտ է լինելու իշխանության հեռացման պայքարին, հանդես է գալու իբրև արմատական ընդդիմություն, գործադրելու է քաղաքական պայքարի բոլոր հնարավոր միջոցները: Նշվում է նաև, որ ՀՅԴ-ն «Հայաստան» դաշինքի հետ հարգանքի և վստահության հենքով շարունակելու է գործընկերությունը՝ համատեղ ուժերով ընդհանուր նպատակների իրագործման ուղղությամբ, հավատարիմ է լինելու Արցախի Հանրապետության անկախության ճանաչման, տարածքային ամբողջականության վերականգնման, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության պայքարին:

Հայտարարությունում ասվում է, որ հայրենիքը, Հայաստանի և Արցախի հանրապետությունները, Հայոց բանակը և ժողովրդի ապագան վտանգի մեջ են: Այսպիսով ՀՅԴ Գերագույն մարմինը կոչ է անում իր կուսակցական շարքերին, երկրի ապագայով մտահոգ հայրենակիցներին շարունակել վճռական պայքարը՝ օր առաջ գործող իշխանությանը հեռացնելու և ուժեղ Հայաստան կառուցելու համար:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել