1ԱրտաքինԳլխավորԼուրերՀարցազրույցՔաղաքականություն

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այն աստիճանի վտանգավոր չէր, որ առաջացներ ՀԱՊԿ անհանգստությունը. քաղաքագետ

ՀԱՊԿ-ն ամիսներ անց արձագանքեց Հայաստանի՝ երկրի սահմաններին տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված դիմումին։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից մայիսի 12-ին ՀՀ պետական տարածք ներթափանցմանը, հայտնել է, որ Հայաստանի հարավում սահմանային իրավիճակի սրումը չի մտնում ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ: ՀԱՊԿ պատասխանի վերաբերյալ 365news.am-ը զրուցեց քաղաքագետ Վահրամ Հովյանի հետ։

Պարոն Հովյան, ինչո՞ւ այսքան ժամանակ անց միայն ՀԱՊԿ-ը պատասխանեց Հայաստանի դիմումին և արդյո՞ք իրականում սահմանային իրավիճակը չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին:

– Հարցը պետք է դիտարկել երկու դիտանկյունից՝ քաղաքական և իրավական։  Քաղաքական համտեքստը նրանում է, որ ՀԱՊԿ-ն, անսալով Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականությանը, փորձում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով ու խնդիրը դիտարկում է որպես սահմանազատման և սահմանագծման գործընթացի մի մաս։ Իսկ իրավական համատեքստն էլ այն է, որ այն իրավիճակը, որը ձևավորվել է, ՀԱՊԿ-ի պայմանագրային դրույթներին այնքան էլ չի համապատասխանում՝ չկան ռազմական գործողությունները, չկան մեր տարածքից ներս շատ խորացում։

Թշնամու որոշ զորախմբեր մեր սահմանից ներս են գտնվում, սակայն իրավիճակը կայուն է, դուրս չի եկել վերահսկողությունից ու անհրաժեշտ է, որ այդ խնդիրը բանակցությունների միջոցով լուծվի՝ այն տեղավորելով սահմանազատման և սահմանագծման գործընթացի համատեքստում։ Այս ամենի պատճառով էլ, ըստ իս, ՀԱՊԿ-ն առայժմ ձեռնպահ մնաց կտրուկ միջամտությունից։

– Չնայած ներկայումս իրավիճակը կայուն է, այնուամենայնիվ, սահմանային իրավիճակի պատճառով մենք զոհ ենք ունեցել ու երբեմն-երբեմն նաև բախումներ են եղել։ Փաստացի, պետք է իրավիճակը կտրուկ լարվի՞, որ անվտանգային կառույցն արձագանքի։

– Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին այն հոդվածով, որը նախատեսում է իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններ, այլ ոչ թե անմիջապես ռազմական ինչ-որ օգնության տրամադրում։ Ըստ էության՝ ՀԱՊԿ-ն այդ խորհրդակցություններն անցկացրեց և որոշակի արձագանք եղավ։ Նրանք հայտարարեցին, որ իրավիճակին հետևում են ու նրանց արձագանքը պետք է պայմանավորված լինի իրավիճակի զարգացմամբ։

– Պարոն Հովյան, մենք կարո՞ղ էինք ոչ թե ՀԱՊԿ կանոնադրության 2-րդ, այլ 4-րդ հոդվածով դիմել այդ կառույցին ու արդյո՞ք այդ դեպքում արձագանքն այլ կլիներ։

– Կարծում եմ՝ 4-րդ հոդվածով դիմելու հիմքեր չկային։ Հայաստանը ճիշտ է արել, որ 2-րդ հոդվածով է դիմել։

– Ըստ Ձեզ, քանի որ Հայաստանն առաջին երկիրն էր, որ դիմել էր ՀԱՊԿ-ին, ու փաստացի ՀԱՊԿ-ը որևէ քայլ չարեց, արդյո՞ք այս ամենը որևէ կերպ կարող է ազդել ՀԱՊԿ-ի՝ որպես անվտանգային կառույցի վարկանիշի վրա։

– Չեմ կարծում, որ սա այնպիսի իրավիճակ է, որը կարող է մեծ ազդեցություն ունենալ ՀԱՊԿ վարակնիշի վրա։ Ճիշտ է՝ բացասական երևույթ է, երբ որևէ ռազմաքաղաքական կառույցի անդամ պետության նկատմամբ ռազմական գործողություններ կամ սադրանքներ են իրականացվում ու միայն այս փաստը կարող է որոշակի ազդեցություն ունենալ այդ կառույցի վրա, սակայն դա այդքան էլ էական ազդեցություն չի լինի։

Ամեն դեպքում դեռևս ավելորդ են ՀԱՊԿ-ի անգործունակության մասին խոսակցությունները, քանի որ իրավական առումով իրավիճակն այնպիսին չէր, որ ՀԱՊԿ-ի կողմից կտրուկ արձագանքի արժանանար։ Կրկնեմ, որ, իհարկե, ցանկալի չէ, որ համարձակվել են ռազմաքաղաքական կառույցի անդամ պետության վրա, ռազմական գործողություններ իրականացրել, բայց միևնույն ժամանակ դա այն աստիճանի վտանգավոր չէ, որ առաջացնի ՀԱՊԿ անհանգստությունը։

– Վերջին շրջանում ՀԱՊԿ մեկ այլ անդամի՝ Տաջիկստանի սահմանին է լարված իրավիճակ՝ կապված Աֆղանստանում թալիբների ակտիվացման հետ։ Չնայած դեռևս Տաջիկստանը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին, այնուամենայնիվ, եթե դիմի, ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք այս դեպքում ՀԱՊԿ-ը որևէ կերպ կաջակցի իր անդամ պետությանը։

– Դա ամբողջապես պայմանավորված կլինի օբյեկտիվ իրականությունից։ Եթե ՀԱՊԿ անդամ պետություն ներխուժում, տարածքի բռնազավթում կամ էլ ահաբեկչական գործողություններ լինեն, ապա, բնականաբար, նաև կառույցն անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի, քանի որ այդ իրավիճակում ՀԱՊԿ-ն ուղղակի պարտավոր կլինի քայլեր ձեռնարկել։ Բայց եթե իրավիճակի սրում չլինի ու ստեղծվի մոտավորապես այնպիսի իրավիճակ, ինչպիսին հայ-ադրբեջանական սահմանին է, ապա, ըստ իս, ՀԱՊԿ-ի արձագանքն էլ կլինի այնպիսին, ինչպիսին եղավ Հայաստանի դեպքում։

Թալիբների՝ Տաջիկստան ներխուժումն անմիջական սպառնալիք են Ռուսաստանի ազգային անվտանգությանը։ Արդյո՞ք Ռուսաստանն, ազգային անվտանգության իր իսկ շահերից ելնելով, կողմնակալ կգտնվի ու ՀԱՊԿ-ի միջոցով կփորձի իրավիճակին արագ լուծում տալ:

– Այն, որ ՌԴ-ի անվտանգությանը սպառնացող վտանգ կա, դա փաստ է, սակայն, ըստ իս, Ռուսաստանը դեռևս կփորձի առկա խնդիրները լուծել տեղական պետությունների զինված ուժերի հետ համագործակցության միջոցով, սակայն այլ հարց է, եթե այդ կերպ չստացվի խնդիրը լուծել, ահաբեկիչները ներթափանցեն տվյալ երկրներ ու անմիջական սպառնալիք դառնան ՌԴ-ի համար, ապա այդ պարագայում հնարավոր է գործարկվեն ՀԱՊԿ-ի մեխանզիմները։

Զրուցեց Մելինե Պետրոսյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close