
2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցան Ազգային ժողովի 8-րդ գումարման արտահերթ ընտրություններ, և այս անգամ էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ ձայների զգալի թիվ և դարձավ մեծամասնություն խորհրդարանում, որին հաջորդում է «Հայաստան» դաշինքը, ապա «Պատիվ ունեմ» դաշինքը․ վերջինս չնայած չէր հաղթահարել դաշինքի համար սահմանված 7%-անոց անցողիկ շեմը։ Թե որքանով էր նպատակահարմար այս շրջանում երկրում անցկացնել արտահերթ ընտրություններ, թերևս, վիճելի է, բայց երկրում առաջացած քաղաքական ճգնաժամի հարցում արդեն նկատվում է լարվածության թուլացում։
Դեռևս վերջնական պաշտոնական հայտարարություններ արված չեն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից արդյունքներն ընդունելու և խորհրդարան գնալու վերաբերյալ, բայց սկզբնական շրջանում նրանք հայտարարում էին, որ չեն ընդունում ընտրության արդյունքները, և բողոքարկելու են Սահմանադրական դատարան՝ մեղադրելով իշխող կառավարությանը վարչական ռեսուրսների օգտագործման և ընտրությունների արդյունքների կեղծման մեջ։ Բայց միաժամանակ նրանք չեն ներկայացնում հստակ արձանագրություններ խախտումների վերաբերյալ, և փաստերը ցույց են տալիս, որ կաշառքի և ընտրակեղծիքների հիմնական բողոքներն ու բացահայտումները հենց վերոնշյալ ուժերի հետ է կապված՝ հաստատելով նախկին արատավոր բարքերը, և կարծես թե իրականում չկան լուրջ հիմքեր ու փաստեր Սահմանադրական դատարան դիմելու և հաջողության հասնելու համար։
Ամեն դեպքում արտասահմանյան և անկախ դիտորդները հավաստել են ընտրությունների նորմալ ընթացքի մասին, կոպիտ ընտրախախտումներ չեն արձանագրվել, աշխարհի մի շարք պետությունների ղեկավարներն էլ արդեն շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցած ազատ և արդար ընտրությունների ու հաղթանակի կապակցությամբ։ Բայց փոխարենն անհրաժեշտ է նաև նշել, որ ընտրություններին մասնակցող այլ մի շարք ուժեր ևս չեն ընդունում ընտրությունների արդյունքները՝ համարելով դրանք ոչ արդար, և իրապես արհեստականորեն երկու-երեք ուժերի շուրջ ստեղծված բեևեռացումը ստվերում թողեց մյուս կուսակցություններին, որոնք հույս ունեին թեկուզև փոքրամասնությամբ ներառվել խորհրդարանում և օրակարգ մտցնել իրենց ծրագրերը։
Իսկ այժմ եթե ընդդիմությունը, ինչպես նշել է, որոշի պայքարը շարունակել խորհրդարանի պատերի ներսում, և ՍԴ բողոքարկում տեղի չունենա, ապա ԱԺ-ի առաջին նիստը կլինի հուլիսի 5-ին։ Ի՞նչ ակնկալել մուրճ-մանգաղային, թավիշ-պողպատային տրամաբանությամբ կազմված խորհրդարանից, դեռևս վաղ է ասել, բայց որ պատերազմից հետո երկրում ստեղծված ատելության մթնոլորտը, անվերահսկելի տարիք և սեռ չճանաչող հայհոյախոսությունները լուրջ սպառնալիք են մեր երկրի ներքին և արտաքին անվտանգության համար այս բարդ շրջանում, դա փաստ է, և անկախ որևէ արդյունքից՝ անհրաժեշտ է համախմբվել ու միմիայն գերադասելով երկրի ազգային շահերը, այլ ոչ անձնական թշնամությունն ու ռևանշիզմը, լծվել հայրենիքը վերականգնելու, զարգացնելու, հզորացնելու և շրջապատող արտաքին թշնամիներին դիմակայելու գործերին։