
Հայաստանի համար այս ծանրագույն շրջանում ամենակարևոր առաջնահերթություններից մեկը տարածաշրջանի հարևան պետությունների հետ հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելն է, և այդ կարևոր պետություններից մեկն Իրանն է, որը, կարելի է ասել, աշխարհում քրիստոնյա-իսլամ անմիջական սահմաններով խաղաղ և բարիդրացիական համակեցության եզակի օրինակներից մեկն է, որը և այս տարածաշրջանում սպառնալիք հանդիսացող Թուրքիային հակակշռող հիմնական ուժերից մեկն է։
Ընդամենն օրեր առաջ Իրանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որում հաղթանակ տարավ պահպանողական թևի ներկայացուցիչ Աբդոլռեզա Ռահմանի Ռաիսին։ Ռաիսին արտաքին քաղաքականության վերաբերյալ իր ելույթում նշել է, որ միտված է աշխարհի բոլոր երկրների հետ՝ հատկապես հարևանների, վարել լայն և հավասարակշռված քաղաքականություն՝ գերադասելով ազգային շահերը։ Եվ ինչպես տեսնում ենք, այս ժամանակահատվածում Վիեննայում ընթանում են փուլային բանակցություններ Իրանի պատժամիջոցների վերացման ուղղությամբ, և թեկուզ սպասվող մասնակի լավ արդյունքի դեպքում էլ Իրանի և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության մեջ դրական տեղաշարժեր կլինեն, ինչը նաև հնարավորություն կստեղծի Հայաստանի և Իրանի միջև առկա տնտեսական հարաբերությունները դնել ավելի բարձր մակարդակի վրա և արդեն սկսել համագործակցություն նաև այլ հարթակներում։
Չնայած որ Իրանը որպես շիա մուսուլմանական պետություն իրենից պահանջվող աջակցություն ու դրական վերաբերմունք է ցուցաբերում իր շիա հարևան Ադրբեջանին, բայց իրականությունն այլ է․ կան ավելի խորը հարցեր, որտեղ 2020 թվականի պատերազմից հետո ստեղծված իրավիճակը հստակ մարտահրավերներ է ստեղծել նաև Իրանի համար՝ մեծացնելով հավակնոտ Թուրքիայից եկող վտանգները։ Հայաստանն Իրանի համար հարավ-հյուսիս կենսական-տնտեսական կարևոր «խողովակ» է, և Հայաստանի հարավի շուրջ ստեղծված իրավիճակը մեծ անհանգստություններ է պատճառում նաև Իրանին։ Իր անհանգստությունն ավելի մեղմ բարձրաձայնելու բավականին հետաքրքիր ձև էր ընտրվել Իրանի կողմից, երբ մայիսի վերջին Իրանի ԱԳ նախարարի այցի հետ միաժամանակ Հայաստան էր եկել նաև Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության ղեկավարը, և այդ այցի շրջանակներում ամենաբարձր մակարդակով քննարկվեց «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցումը, Մեղրիի ազատ տնտեսական գոտու վերաբերյալ հարցեր, նույնիսկ ստորագրվել է փաստաթուղթ, որն ըստ իրանական աղբյուրների՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել երկաթուղային ցանցի միջոցով բեռնափոխադրումներ իրականացնել Իրանից դեպի Ռուսաստան և Եվրոպա։
Հայաստանը մեծ ջանքերի գնով պետք է հետևողական լինի այս նախաձեռնությունների իրականացմանը, որը կմեծացնի Իրանի շահագրգռվածությունը Հայաստանի հարավային սահմանների անվտանգության պահպանման և ի օգուտ դրան հետագա քայլերի հարցում։
Իսկ ինչ վերաբերում է միջուկային ծրագրի համաձայնագրի շուրջ բանակցություններին, չնայած Իրանի արմատականները կտրուկ դեմ են ԱՄՆ-ի հետ 2015-ին կնքած միջուկային համաձայնագրին, Ռաիսին հայտարարել է, որ իրենք պետք է հավատարիմ մնան համապարփակ միջուկային համաձայնագրին՝ որպես պայմանագիր և պարտավորություն, ինչը և որոշակի դժգոհություններ է առաջացրել արմատականների ճամբարում, որոնք վերջին տարիներին օգտագործել են բազում միջոցներ տապալելու համար միջուկային համաձայնագիրը։ Ռաիսին նշել է, որ ԱՄՆ-ն պարտավոր է վերացնել իրանական ժողովրդի նկատմամբ կիրառվող բոլոր ճնշող պատժամիջոցները, որը և կդառնա քաղաքական քննարկման գլխավոր առանցքներից մեկը։ Եվ նաև ընդգծել է, որ Իրանը ձգտում է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը և օգտագործում է այս գիտությունը այլ տարբեր ոլորտներում։