
Վերջերս Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ճապոնիայից, Միացյալ Թագավորությունից և ԱՄՆ-ից բաղկացած G-7 խմբի՝ Բրիտանիայում կայացած գագաթնաժողովում ԱՄՆ-ի կողմից ազդարարվեց, այսպես կոչված, «Build Back Better World (B3W)» (Կառուցիր ավելի լավ աշխարհ) նախաձեռնության մասին, որը Հայաստանում, կարծես, աննկատ մնաց:
Այնուհետև ՆԱՏՕ-ի՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովը և Ժնևում Բայդեն-Պուտին գագաթնաժողովն իրենց հերթին ստվերեցին Բայդենի վարչակազմի այս աննախադեպ քայլը, որը, անկասկած, նպատակ ունի հակազդել Չինաստանի՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը (Belt and Road Initiative), որին արդեն մասնակցում են ավելի քան 140 երկրներ: Նշենք, որ Չինաստանի նախագահ Սին Ծինփինի կողմից ներկայացված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը «Մետաքսի ճանապարհ»-ի ժամանակակից տարբերակն է։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և G7 երկրների մնացած առաջնորդների ներկայացրած նախաձեռնության բյուջեն կազմելու է 40 տրիլիոն դոլար։ Նախձեռնության բյուջեն կազմվելու է մասնավոր կապիտալի մոբիլիզացման արդյունքում, որը հիմնականում կենտրոնանալու է 4 հիմնական ուղղությունների վրա՝ կլիմա, առողջապահություն և առողջապահական ապահովագրություն, թվային տեխնոլոգիա և գենդերային հավասարություն։ Նախաձեռնության շահառուները ցածր և միջին զարգացվածություն ունեցող երկրներն են։
Նախաձեռնության իրականացման շրջանակը շատ լայն է լինելու՝ Լատինական Ամերկայից մինչև Կարիբյան ծով, Աֆրիկայից մինչև Հնդկական և Խաղաղ օվկիանոսներ, իսկ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն ընդգրկում է Ասիայից դեպի Եվրոպա։ Չինաստանի կողմից նախաձեռնված միջմայրցամաքային երկարաժամկետ նախաձեռնության նպատակն է զարգացնել «Մետաքս»-ի ճանապարհի վրա գտնվող պետությունների ենթակառուցվածքներն ու արագացնել տնտեսական ինտեգրացիան։
Ի տարբերություն Արևմուտքի առաջարկած նախագծի, որի բյուջեն մասնավոր կապիտալի մոբիլիզացման արդյունքում է ձևավորվելու, Չինաստանն իր կողմից սկսած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ ներարկել է պետական կապիտալ, սակայն այնպես չէ, որ միայն պետական աջակցությամբ սահմանափակվում է։ Չինաստանը ծարգրերի ֆինանսավորման ու նախաձեռնության բյուջեն կազմելու համար նաև ակտիվացրել է պետական-մասնավոր հատվածի համագործակցությունը, ինչպես նաև նախաձեռնության բյուջեի կազմման գործում մեծ դեր ունեն նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունները, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը և այլն:
Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում Պեկինն արդեն պարտավորվել է ֆինանսավորել 4․2 տրիլիոն դոլարի ծրագրեր։
Ակնհայտ է, որ G7 երկրների առաջարկը Չինաստանի հետ մրցակցելու համար է, ինչպես նաև ԱՄՆ-ն ևս մեկ անգամ ուզում է ցույց տալ, որ Չինաստանն, իր մշակած նախաձեռնությամբ երկրներին գումարներ տրամադրելով, «ստրկացնում» է նրանց՝ մեծացնելով նրանց վրա իր ազդեցությունը։ Օրինակ՝ «Համաշխարհային զարգացման» կենտրոնի 2018 թվականի զեկույցում նշվում է, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մի շարք անդամների՝ Չինաստանի նկատմամբ ընդհանուր պարտքը 2013 թվականից ի վերաճել է՝ որոշ երկրներում գերազանցելով ՀՆԱ-ի 20 տոկոսը։ Չինաստանը, արձագանքելով իր հասցեին հնչող քննադատություններին, նշել է, որ 2020թ.-ին G20 նախաձեռնության շրջանակներում 77 զարգացող երկրների համար դադարեցրել է պարտքերի մարումը։
Երկու նախաձեռնությունների միջև էական տարբերություն կա նաև շահառուների կամ թիրախային պետությունների ընտրությունների հարցում։ Չինաստանի՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը միանալու համար, ըստ էության, հստակ չափորոշիչներ չկան, մինչդեռ ԱՄՆ-ի և G7 մնացած երկրների նոր նախաձեռնության հիմնական շահառուները պետք է լինեն ցածր և միջին զարգացվածություն ունեցող, ժողովրդավարական նորմերով առաջնորդվող պետությունները։
Եթե փորձենք այս երկու նախաձեռնություններում հասկանանք Հայաստանի դերը, ապա նախ պետք է նշենք, որ Հայաստանը, կարելի է ասել, որ արդեն դուրս է մնացել Չինաստանի կողմից մեկնարկած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունից։ Նախաձեռնության շրջանակներում երկու կարևոր ֆորումներ են տեղի ունեցել՝ 2017 և 2019 թվականերին, որոնցից որևէ մեկին Հայաստանը մասնակցություն չի ունեցել, բայց ի տարբերություն Հայաստանի՝ օրինակ Ադրբեջանը 2017 թվականի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումին մասնակցել է երկրի էկոնոմիկայի նախարարի մակարդակով, իսկ արդեն 2019 թվականի ֆորումին Ալիևն անձամբ է մասնակցել։
Հիմա հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայսատանն Արևմուտքի կողմից ներկայացված ծրագրին կմասնակցի՝ մանավանդ, որ մենք կարծես թե ունենք ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ բոլոր չափորոշիչները՝ ցածր զարգացվածություն ունեցող ժողովրդավարական պետություն ենք։ Իսկ ժողովրդավարությունը կարծես թե վերահաստատվեց երկրում տեղի ունեցած վերջին ընտրություններով։
Մելինե Պեետրոսյան