Լուրեր

Ամռանը մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկը. ԱՆ-ն նախազգուշացնում է

ՀՀ առողջապահության նախարարությունն ամռանը աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացումից խուսափելու համար հորդորում է պահպանել հիգիենայի կանոնները, սննդամթերքը պահել պատշաճ ջերմային պայմաններում,  ընտրել թարմ սննդամթերք և այլն։ Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

«Կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն: Ամռանը աճում է նաև աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը, ինչը պայմանավորված է վարակիչ հիվանդությունների փոխանցողների բազմացման և արտաքին միջավայրում պահպանման համար նպաստավոր կլիմայական պայմաններով։ Հիվանդության տարածման վտանգը պայմանավորված է նաև արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, մանկական սնունդ, չփաթեթավորված սննդամթերք, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, գրիլ, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն և այլն) բացօթյա և այդ նպատակի համար չնախատեսված վայրերում վաճառքի իրականացմամբ»,- նշում են ԱՆ-ից:

Գերատեսչությունից հայտնում են, որ առավել բարձր ռիսկի գործոն է սննդամթերքի բացօթյա պատրաստումը և վաճառքը: Այս դեպքում չի բացառվում սննդամթերքի մանրէային երկրորդային աղտոտումը, ինչը կարող է սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների (դիզենտերիա, սալմոնելոզ, շիգելոզ, իերսինիոզ և այլն) և սննդային թունավորումների առաջացման ու տարածման պատճառ հանդիսանալ:

Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար նախարարությունը կոչ է անում.

  • հետևել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվացվել, սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո ձեռքերը լավանալ օճառով,
  • սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,
  • պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում, ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք,
  • չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն, բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,
  • սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի աղտոտումից կանխելու նպատակով,
  • առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ:

Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ, բանջարեղեն և այլն), պետք է նաև սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել