
Այսօր՝ հունիսի 22-ին, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հանդես են եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում խոսել են ընտրությունների արդյունքների մասին։ Մասնավորապես՝ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ միգուցե մանդատը չվերցնի, քանի որ ինքը գործադիրի մարդ է ու իրեն չի պատկերացնում օրենսդիրում, բացի դրանից, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է նաև, որ խորհրդարանական ընտրություններում պարտվում են նրանք, ովքեր չեն անցնում խորհրդարան՝ փաստացիորեն չճանաչելով իրենց պարտությունը։
Ընտրությունների արդյունքների, ինչպես նաև խորհրդարան անցած առաջին ընդդիմադիր ուժի ներկայացուցիչների հայտարարությունների վերաբերյալ 365news.am-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։
Բաղդասարյանն, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կողմից մանդատ վերցնելու հավանականության մասին, նշեց․ «Չեմ կարծում՝ Քոչարյանը կլինի խորհրդարանում, քանի որ դա առաջին դեպքը կլինի, որ երկրի նախկին ղեկավարը շարքային պատգամավորի կարգավիճակով է շարունակում իր գործունեությունը։ Ըստ իս՝ չի վերցնի մանդատն ու կփորձի դրսից ղեկավարել խորհրդարանում իրենց բավականին ծանրակշիռ ներկայությունը»։
Հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահն ու իր թիմն այսօր գիտակցո՞ւմ են, որ ընտրությունների արդյունքների վրա մեծապես ազդել է նախկինների վերադարձի վտանգը, ի՞նչ արդյունք կունենայինք, եթե ընդդիմադիր ուժերն այդ ամենը մինչև ընտրությունները հասկանային, քաղաքագետը պատասխանեց, որ եթե իրենք մինչև ընտրությունները դա գիտակցեին ու ընդունեին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը, ապա այսօր այս պատկերը չէինք ունենա։
«Վատ է, որ նրանք հետին թվով են այդ ամենը գիտակցում։ Ընդ որում՝ ասեմ, որ այդ գործոնն իսկապես շատ լուրջ գործոն էր ու այդ պայմաններում «Հայաստան» դաշինքի ստացած 21 տոկոսը բավականին լուրջ թիվ է»,- նկատեց քաղաքագետը։
Անդրադառնալով Քոչարյանի այն հայտարարությանը, որը խորհրդարանական ընտրություններում պարտվում են նրանք, ովքեր չեն անցնում խորհրդարան, Բաղդասարյանն ընդգծեց, որ ամեն դեպքում այս արդյունքները Ռոբերտ Քոչարյանի և իր թիմի համար պարտություն էին, քանի որ ընտրությունների նախօրեին նրանք, գրեթե, վստահ էին իրենց հաղթանակի վրա:
«Բնականաբար, սա «Հայաստան» դաշինքի համար պարտություն էր, սակայն սա նաև պետության պարտությունն էր, քանի որ պարտության է գնում այն երկիրը, որտեղ պարտված, քաղաքական բոլոր ինստիտուտները ոչնչացրած քաղաքական ուժը 54 տոկոս վստահություն է ստանում։ Այդպես չի լինում։ Սա պետության ջախջախման հերթական փաստն էր։ Դրանում հավասար մեղավորություն ունեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որովհետև իրենք իրենց դեմքով ներկայանալով որպես հիմնական ընդդիմադիր ուժեր, միաժամանակ գիտակցելով իրենց նկատմամբ հասարակության բացասական տրամադրվածությունը՝ մտան քաղաքական դաշտ՝ նպաստելով Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը»,- ասաց մեր զրուցակիցը։
Ապա, խոսելով ձևավորվելիք 8-րդ գումարման ԱԺ-ի որակի մասին, նա նշեց, որ ըստ իրեն՝ նախորդ և ձևավորվելիք խորհրդարանների միջև մեծ տարբերություն չի լինի, քանի որ այս ընդդիմությունն այս իրավիճակում ոչինչ անել չի կարող։
Հարցին՝ արդյո՞ք խորհրդարանի այս կազմով և ընտրությունների նման արդյունքներով մենք չենք բախվի նոր արտահերթ ընտրությունների, քաղաքագետը պատասխանեց․ «Այո, հնարավոր է, սակայն դա արդեն արտաքին քաղաքական գործոններով է պայմանավորված, ներքաղաքական խնդիրները դրա հետ կապ չունեն։ Եթե արտաքին հարցերում՝ մասնավորապես անվտանգային հարցերում ֆորս մաժորներ լինեն, ապա Հայաստանի ներսում ցնցումներ են լինելու, իսկ այդպիսի մտավախության հիմքեր կան, քանի որ ամեն դեպքում մենք փաստացի դեռևս պատերազմական իրավիճակում ենք, սահմանաjին լարվածություններ դեռ կան, ունենք ռազմագերիների հարց և այլն։ Այս բոլոր դրվագները ցնցումների հանգեցնելու բավականին մեծ պոտենցիալ ունեն»։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ ամեն դեպքում տեղի ունեցած ընտրությունները ներքաղաքական լարվածությունը չթոթափեցին, և երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, մեղմ ասած, այդքան էլ ազնիվ չէ։
Մելինե Պետրոսյան