ԼուրերՆերքինՔաղաքականություն

Սերժ Սարգսյանը քվեարկեց հանուն անվտանգ, տնտեսապես զարգացած ՀՀ-ի և Արցախի

Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 29/45 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:  Նա նշեց, որ իր ընտրությունը կատարել է դեռ 33 տարի առաջ, այսօր էլ իր վերաբերմունքը չի փոխվել:

«Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի, Արցախի հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության, հանուն մեր հասարակության հաշտեցման»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ կարևորելով հասարակության պառակտվածության խնդիրը լուծելը: Նա ընդգծեց, որ պառակտված հասարակության պարագայում հնարավոր չէ ինչ-որ բանի հասնել՝ ոչ անվտանգություն, ոչ տնտեսական առաջընթաց:

Անդրադառնալով ընտրությունների ընթացքին՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ ամբողջ իրավապահ համակարգը, հատկապես քարոզարշավի վերջին օրերին, լծված է իրենց դաշինքի դեմ բիրտ ուժ կիրառելու գործին՝ անօրինական խուզարկություններ, ձերբակալություններ: «Պատիվ ունեմ» դաշինքն ուշադիր հետևում է իրադարձություններին: Սերժ Սարգսյանը նշեց, որ օրվա երկրորդ կեսին միջանկյալ հայտարարությամբ հանդես կգան:

Հարցին, թե խորհրդարանում որ այլ ուժերի հետ է «Պատիվ ունեմ» դաշինքը պատկերացնում համագործակցության հնարավորությունը, Սերժ Սարգսյանը նշեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը:

«Այս ընտրությունները նախորդներից զգալիորեն տարբերվում են, և հիմա շանսերի վերաբերյալ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է: Ընտրությունների արդյունքներից հետո կխոսենք նման հարցերի մասին»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը չի սատարում «Պատիվ ունեմ» դաշինքին, այլ սատարում է «Հայաստան» դաշինքին, Սերժ Սարգսյանը նշեց, որ դա Կարեն Կարապետյանին պետք է հարցնել:

Քվեարկության ընթացքը նկարահանում էին նաև միջազգային լրատվամիջոցներ: Վրացական լրատվամիջոցներից մեկը հետաքրքրվեց հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման առնչությամբ ՀՀ երրորդ նախագահի դիտարկումներով: Սերժ Սարգսյանը նշեց, որ, ըստ երևույթին, աշխարհում դժվար է որպես օրինակ գտնել պետություններ, որոնք հազարամյակներ ապրել են կողք կողքի և միմյանց դեմ լուրջ պատերազմներ չեն մղել: «Մենք պետք է դա հասկանանք ու զարգացնենք»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել