Ընտրություններին բարձր մասնակցությունը ձեռնտու չէ գործող իշխանությանը․ քաղաքագետ

Այսօր Հայաստանում նախընտրական 12 օր տևած քարոզարշավի վերջին օրն է։ Վաղը երկրում կլինի լռության օր, իսկ արդեն կիրակի՝ հունիսի 20-ին, քաղաքացիները կգնան տեղամասեր՝ իրենց ձայնը տալու այս կամ այն քաղաքական ուժին:
365news.am-ը 12-օրյա քարոզարշավն ամփոփել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի հետ։
– Պարոն Հովհաննիսյան, այսօր քարոզարշավի վերջին օրն է, ինչպե՞ս կգնահատեք քարոզարշավի ընթացքը։
– Ընդհանուր առմամբ, եթե նայենք ընտրողի և դիտորդի տեսանկյունից, շատ ագրեսիվ, ատելության խոսքով հարուստ, փոխադարձ կոմպրոմատներով, սեռական բնույթի, փողոցային հայհոյանքներով հարուստ քարոզարշավ էր։ Կարծում եմ՝ այսքան ցածր որակի ընտրարշավ մենք չենք ունեցել նույնիսկ 90-ականներին, երբ կանոններ որպես այդպիսին ձևավորված չէին։ Մարդիկ նույնիսկ այն ժամանակ նման բան իրենց թույլ չէին տալիս։
– Շատերը կանխատեսումներ են անում՝ կապված հետընտրական զարգացումների հետ, մասնավորապես, հավանական են համարում քաղաքացիական պատերազմը/բախումները։ Դուք ի՞նչ կասեք՝ կապված հետընտրական զարգացումների հետ։
– Եթե սկսենք նրանից, թե ինչ է քաղաքացիական պատերազմն, ապա կարող ենք ասել, որ դա քաղաքացիական սուր բախում ու ռեսուրսների պատերազմ է։ Կողմերը պետք է որոշակիորեն կարողանան ունենալ այդ պատերազմի տեխնոլոգիական ռեսուրսները։ Այս պահին չեմ կարծում, որ ունեն, սակայն դա կարող է շատ արագ փոխվել։ Քաղաքացիական բախման հրահրում է նաև զանգվածային ատելության քարոզն ու հակաքարոզը, որը որոշակի ռեսուրսների բաշխման դեպքում, օրինակ՝ բանակի պառակտման, ոստիկանությունում պառակտման և այլ դրսևորումների պարագայում կարող է բերել այդ բախումներին։
Նշանակում է, որ բոլոր նրանք, որոնց թվում է, որ կարմիր գծերին խաղալով՝ դա չեն կարող անցնել կամ չեն անցնում, ապա չարաչար սխալվում են ու հենց իրենք են պատասխանատուն ցանկացած սրման ու բախման համար, քանի որ իրենք են հասարակությանը հասցրել այդ գծին։
– Իսկ կարո՞ղ ենք հակառակ սցենարը դիտարկել, այսինքն՝ հնարավո՞ր է այս ընտրություններով երկրում իշխանափոխություն լինի ու ստեղծված իրավիճակը հանգուցալուծվի։
– Ես դրան հավատում էի մի քանի ամիս առաջ՝ դեռ այն ժամանակ, երբ կառավարությունն ամեն կերպ դիմադրում էր և ասում, որ ընտրությունների կարիքը չկա, ես ասում էի, որ նման ընտրություններն անխուսափելի էին։ Սակայն հիմա, նայելով այդ գաղափարի իրականացման որակին, ես չեմ կարող Ձեզ լավատեսություն փոխանցել՝ ասելով, որ ամեն ինչ լավ կլինի, իշխանության խաղաղ ձևավորում կլինի և այլն։
– Պարոն Հովհաննիսյան, այս ամբողջ ընթացքում տարբեր հարցումների միջոցով տարբեր կազմակերպություններ կայացրել են հասարակական կարծիքն ու քաղաքական ուժերի հնարավոր ստանալիք ձայների ստատիստիկան, սակայն այն, որ Հայաստանում այդ հարցումներն այդքան էլ արժանահավատ չեն, դա փաստ է։ Սրա հետ կապված Դուք ի՞նչ կասեք՝ խորհրդարանում ինչպիսի՞ պատկեր կունենանք։
– Ես իմ պատկերացումների մասին հիմա չեմ խոսի, սակայն ինչ վերաբերում է հարցումներին, ապա կասեմ, որ եթե մենք լինեինք առողջ հասարակություն և մեզ մոտ մասնագիտական պատվի մասին հստակ, հանրորեն սահմանված չափանիշներ լինեին, ապա այն սոցիոլոգիական ընկերությունները, որոնք տվել են իրականությանը բացարձակապես չհամապատասխանող արդյունքներ, պիտի ընդհանրապես ինքնալուծարվեն կամ հասարակությունը պետք է նրանց այնպես վերաբերվի, որ նրանք այս երկրում մասնագիտական գործունեության հնարավորությունը կորցնեն։
Բայց քանի որ մեզ մոտ այդ չափանիշները չկան, ապա այստեղ սոցիոլոգիայով կարող է զբաղվել մի մարդ, որը հանրորեն հայտնի է իր ոչ պարկեշտ մասնագիտական հմտություններով։ Մենք, ցավոք սրտի, դեռ մի քանի տարի ապրելու ենք նույն այդ սոցիոլոգների ու քաղտեխնոլոգների հետ՝ իրենց «մասնագիտական» պատկերացումները մեր վզին կրելով։
– Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք հասարակությունը կգա այն եզրահանգման, որ այս ընտրություններն իսկապես կարևոր են ու պետք է ակտիվ մասնակցել քվեարկությանն՝ ապահովելով ընտրություններին բարձր մասնակցություն։
– Ես այստեղ կարող եմ ինձ թույլ տալ վիճակագրական տվյալներ ասել ու ես համոզված եմ, որ բարձր մասնակցությունը ձեռնտու չէ գործող իշխանությանը։ Հիմնականում ընտրություններին չեն ուզում մասնակցել հիասթափված և քաղաքականությունից դժգոհ մարդիկ, եթե այս մարդիկ գնում են ընտրությունների, նրանց ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 65 տոկոսը, զուտ իրենց ըմբոստ պատկերացումներից ու դժգոհություններից ելնելով, քվեարկում է ընդդիմության օգտին։ Հենց այս կոնտեքստում էլ կարող ենք ասել, որ գործող իշխանություններին ձեռնտու չէ, որ ընտրությունների մասնակցությունը 1 մլն 100 հազարից կամ 1 մլն 200 հազարից անցնի, քանի որ հավելյալ 100 հազար ձայնից առնվազն 80 հազարն իրենց օգտին չի լինելու։
Այդ իսկ պատճառով էլ ես կարծում եմ, որ այստեղ այն խաղացողը, որը շահագրգռված է ցածր մասնակցությամբ, կառավարությունն է։ Կառավարությունն ունի կողմնակիցների ստաբիլ քանակ, որոնք գալու են ու ընտրեն իրենց, իսկ ինչքան քիչ լինի մասնակցությունը, այնքան կառավարության օգտին քվեարկողների տեսակարար կշիռն ընդհանուրի հաշվարկի մեջ մեծ կլինի։
– Ըստ Ձեզ՝ մասնակցությունն ինչպիսի՞ն կլինի:
– Կարծում եմ՝ 1 մլն 150 հազար-1 մլն 200 հազար քաղաքացի ու սա ռեալ ընտրողների մեջ, այսինքն՝ ոչ թե պաշտոնական մոտ 2.5 մլն-ի, այլ 1.5 մլն-ի պարագայում։ Մոտավորապես 60-70 տոկոսը կմասնակցի։
– Պարոն Հովհաննիսյան, մինչ պաշտոնական քարոզարշավը և քարոզարշավի ընթացքում էլ հիմնական ֆավորիտ ուժերը երկուսն էին՝ «Հայաստան» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այսօր այդ ուժերն իրենց առաջատարությունը պահպանո՞ւմ են։
– Այո, պահպանում են։ Առաջին երկու տեղերում կլինեն Ձեր նշած ուժերն ու դա մինաշանակ է։ Սա այն հարցն է, որտեղ նրանք գիտակցված և ոչ գիտակցված դաշնակիցներ են և ամեն ինչ արել են, որ իրենք լինեն ֆավորիտները։
Ընդհանրապես խորհրդարանական համակարգը ձգտում է 2-4 կուսակցության գերակայության, որպեսզի կարողանա գործել, որովհետև խորհրդարանական համակարգում մեծամասնության խնդիրը շատ հիվանդագին է և, բնականաբար, քաղաքական համակարգը փորձում է սահմանափակել իրական խաղացողների քանակը, որպեսզի հաջողվի իրական մեծամասնություն կազմումը։ Բացի դրանից, օբյեկտիվորեն հանրությունը 2-5 կուսակցությունների կողմ է նայելու։
– Բացի այդ երկու ուժերից էլ ո՞ր կուսակցությունները կարող են հաղթահարել խորհրդարան անցնելու համար սահմանված շեմը:
– Ես չէի ուզենա այդ հարցին պատասխանել, քանի որ այստեղ որոշակիորեն շահագրգռվածության խնդիր կա, բայց ասեմ, որ միանշանակ է, որ իշխող քաղաքական ուժն ունի արբանյակային քաղաքական ուժեր, որոնք նրան հնարավորություն են տալու բացարձակ մեծամասնություն ունենալ և խուսափել երկրորդ փուլից, իսկ «Հայաստան» դաշինքը կարծում է, եթե բավականաչափ քվե ստանա, ապա հանգամանքներից ելնելով՝ բոլոր ընդդիմադիր ուժերը կմիավորվեն իրենց հետ։ Ասեմ, որ սա չի նպաստելու առողջ քաղաքական դաշտի ձևավորմանը:
Զրուցեց Մելինե Պետրոսյանը