1ԳլխավորԼուրերԿարծիքՏնտեսություն

Փաշինյանի՝ «Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատի» ազգայնացման վերաբերյալ հայտարարությունը պոպուլիստական է․ տնտեսագետ

Երեկ՝ հունիսի 15-ին, Քաջարանում նախընտարական քարոզարշավի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երկու հայտարարություն արեց՝ կապված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հետ:

«Այսօր երկու կարևոր հայտարարություն ունեմ անելու։ Առաջինն այն է, որ ասում են, թե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատողներին սպառնացել են՝ ասելով, ով որ գնա ու երթի մասնակցի, աշխատանքից հանելու ենք։ Ես ձեզ հիմա խոստանում եմ, որ մինչև հուլիսի կեսերը ձեզ սպառնացողներից որևէ մեկը չի աշխատելու կոմբինատում։ Երկրորդ հայտարարությունն էլ այն է՝ հերիք է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» սեփականատերեր մնացին որոշ բաշիբոզուկներ։

Հայաստանի ժողովուրդն իր մասնաբաժինն է ունենալու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում»։ Գաղտնիք բացեմ՝ հիմա բանակցային գործընթաց է գնում այդ ուղղությամբ, ու եթե ոմանք բանակցություններում կառուցողական դիրքորոշում ունենան, լավ է, բայց եթե չունենան կառուցողական դիրքորոշում, ապա, միևնույն է, Հայաստանի ժողովուրդը կոմբինատի բաշիբոզուկներից իր բաժինը, ուշադիր եղեք իր բաժինը՝ այսինքն օտարերկրյա ներդրողների որևէ բան չի սպառնում, թեկուզ ազգայնացման մասին օրենքով, ստանալու է»,- հայտարարել էր Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ 365news.am-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

Խոսելով ինչ-որ մեկին աշխատանքից ազատելու մասին՝ Պարսյանը նշեց, որ Հայաստանում ցանկացած աշխատավոր պետք է պաշտպանված լինի Աշխատանքային օրենսգրքի դրույթներով։

Անդրադառնալով արդեն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» հայ ժողովրդին իր մասնաբաժինը վերադարձնելու վերաբերյալ հայտարարությանը՝ թեկուզ ազգայնացման մասին օրենքով, Պարսյանը նշեց․ «Նախ պետք է իմանանք, որ ընդերքն ազգային է։ Կառավարությունն այս կամ այն ընկերությանը տրամադրում է ընդերքի օգտագործման թույլտվությունը։ Նույն այս կառավարությունը, եթե կարծում է՝ ընդերքը պետք է վերադարձվի ժողովրդին, ապա պետք է իմանա, որ այն արդեն իսկ ժողովրդինն է։ Ամեն դեպքում, եթե կառավարությունը կարծում է՝ անարդար ձևով է տվել ընդերքի օգտագործման թույլտվությունը, ապա ցանկացած ժամանակ կարող է վերանայումներ իրականացնել»։

Տնտեսագետի պնդմամբ՝ Փաշինյանի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ազգայնացման վերաբերյալ հայտարարությունը պոպուլիստական հայտարարություն է, քանի որ պարզ չէ, թե արդեն իսկ ազգային ընդերքն ինչպե՞ս է ազգայնացնելու, շե՞նքն է ազգայնացնելու։

«Այստեղ շատ կարևոր է, որ պետությունը պոպուլիստական այս շղթայից դուրս գա։ Մինաշանակ է, որ ընդերքը պետք է մնա ազգային և շահագործվի ազգային ուժերի կողմից, ինչպես նաև ընդերքի շահագործումից պետությունը մեծ օգուտներ պետք է ունենա։ Ընդերքի շահագործումը չպետք է լինի ի հաշիվ հաջորդ սերունդների, ինչը հիմա տեղի է ունենում։

Մենք անընդհատ գերշահագործում ենք ընդերքն ու նույն այս կառավարությունը, երբ որ հայտարարում է, որ հարկերի գերհավաքագրում ենք ունեցել, պետք է գիտակցի, որ դա նաև այդ ընդերքի շնորհիվ է։ Նրանք ընդերքը գերհաշագործելով կարողանում են տնտեսական ցուցանիշներ, հարկային մուտքեր ապահովել, դրա մասին չեն խոսում, գնում հասնում են Սյունիք ու հայտարարում, որ ընդերքը շահագործողները մեզ վնասում են։ Այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական հակառակորդ Վահե Հակոբյանին ուղղակի փորձում է տնտեսական գործոնով հարվածել։

Ինչո՞ւ նույն կերպ այլ հանքավայրերի մասին չի խոսում։ Կարծում եմ՝ ճիշտ չէ, որ վարչապետը տնտեսական երևույթներն ու գործոնները միացնում է քաղաքական գործընթացներին։ Այստեղ կան նաև օտարերկյա կապիտալի մասնակցություն, ու եթե մենք ուզում ենք, որ օտարերկրյա կապիտալ գա Հայաստան, ապա նման հայտարարություններով մենք հակառակ էֆեկտն ենք առաջացնում։ Կոչ եմ անում՝ այս պահին նման պոպուլիստական ու պետությանը վնասող հայտարարություններ անելուց զերծ մնալ»,- եզրափակեց Պարսյանը։

 Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close