
Տարբեր մասնագետների, թեկնածուների և քաղաքացիների կողմից ընթացող քարոզարշավը գնահատվում է լի ատելության մթնոլորտով, ապաքաղաքական և հետընտրական իրադարձությունների վտանգով հասուն։
Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հնարավոր քաղաքացիական պատերազմի վտանգին, ոչ հուսադրող հայտարարություններով է հանդես եկել նաև Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Հարցի շուրջ 365news.am լրատվականը զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։
Ըստ Արմեն Բադալյանի՝ հետընտրական փուլում հնարավոր են միայն մի քանի հանրահավաքներ, իսկ քաղաքացիական բախումներ այս պահի դրությամբ չեն սպասվում։
«Դրա համար կան մի քանի պատճառներ, մասնավորապես, իշխող քաղաքական ուժը և նրա ղեկավարությունը չունի այնքան մարդկային ռեսուրս և վարկանիշ Երևանում, որպեսզի ցնցումներ առաջացնի, երբ ԿԸՀ-ն կհայտարարի պաշտոնական տվյալները, իսկ նրանք դա կհայտարարեն՝ հիմք ընդունելով Տեղական ընտրական հանձնաժողովների արձանագրությունները, դրանից հետո իրավական գործընթաց տեղի կունենա ՝ կհայտարարվեն վերջնական արդյունքները և կնշանակվի նոր Ազգային ժողովի անդրանիկ նիստը, դրան հնարավոր է՝ հաջորդեն ինչ-որ հանրահավաքներ և վերջ, որևիցե քաղաքացիական բախում չի լինելու»,- նշեց նա։
Բադալյանը նաև նկատեց, որ քարոզարշավն ատելության մթնոլորտում ոչ թե բոլոր ուժերն են անցկացնում, այլ կոնկրետ մեկ ուժ է ատելություն տարածում և դա իշխող քաղաքական ուժն է։
«Իշխող ուժի ընտրազանգվածը դա է ուզում լսել, նա էլ հենց դա է ասում։ Իշխող ուժը դարձել է այդ ատելության պատանդը, քանի որ ուրիշ բառամթերք օգտագործելու դեպքում իր ընտրազանգվածը կկորցնի, նա էլ ձգտում է իրենց ընտրողներին պահել։ Մյուս ուժերն ատելության խոսք չեն ասում, քանի որ «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ»-ի, «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարները եթե ատելության խոսք ասեն, կկորցնեն իրենց ընտրողներին և նրանց քաղաքացիական բախումները ձեռք չեն տալիս, քանի որ իրենք հաղթող կողմ են։ Ի վերջո, հստակեցնենք՝ ատելության խոսք տարածում է միայն իշխող քաղաքական ուժը»,- ընդգծեց քաղտեխնոլոգը։
Մեր զրուցակիցն, անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցում հնչեցրած գնահատականներին, նշեց, որ իրենք ցանկանում են հայտնվել Ազգային ժողովում և, բնականաբար, պետք է մրցակիցներին վատաբանող քարոզչություն իրականացնեն, և նա օգտվել է իր քաղաքական իրավունքից։
Անդրադառնալով նախապես հրապարակներ ամրագրելու հարցին՝ բանախոսը պատասխանեց, որ դա վաղուց կիրառվող պրկտիկա է, բայց նախկինում դա արվում էր ընդդիմադիրների կողմից, իսկ իշխող ուժը սրանով ուղղակի ցանկանում է ցույց տալ իր կողմնակիցներին, որ ինքն արդեն հաղթել է։