Լուրեր

Կասեցվել է մսամթերքի և զովացուցիչ ըմպելիքների արտադրամասերի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, «Ազարիա» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրամասում (Երևան) իրականացվող վերահսկողության ընթացքում, հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ. կիևյան կոտլետի պատրաստման արտադրական սենքը, մսախյուսի (ֆարշ) մշակման սարքավորումները, գործիքները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, արտադրամասերի պատերն ու հատակը չեն ունեցել հարթ-մաքրվող մակերես: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Անհատ ձեռնարկատեր Կարեն Խասիկյանին պատկանող զովացուցիչ ջրերի՝ լիմոնադի, արտադրությունում (Տավուշի մարզ, գ․ Կողբ) ստուգում են իրականացրել ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները և պարզել, որ սննդի կառույցների ներքին մակերեսները քարից են, երեսապատված չեն որևէ նյութով, առաստաղը և միջնապատը ծածկված են պոլիէթիլենային թաղանթով, չկա սանհանգույց, հանդեձարան, գործընթացների ընթացքում և դրանց միջև ընկած ժամանակահատվածում հնարավոր չէ ապահովել խաչաձև աղտոտումից պաշտպանումը, չունեն լվացող և ախտահանող նյութեր, աշխատակիցը չի  ենթարկվել  պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չունի սանիտարական գրքույկ: Նաև՝ չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու և վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ:

Եվս մեկ զովացուցիչ ըմպելիքի՝ «Անդրանիկ Սիմոնյան» ՍՊԸ-ին պատկանող, արտադրությունում (Արարատի մարզ) ստուգում են անցկացրել Տեսչական մարմնի Արարատի մարզային կառույցի տեսուչները: Այստեղ նույնպես արձանագրվել են վերը նշված ընկերություններում արձանագրված՝ ՀՀ օրենսդրության պահանջների հետ անհամատեղելի, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Նշված երեք ընկերությունների գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել