1ԳլխավորԼուրերՀարցազրույցՔաղաքականություն

Կոմպրոմատները և գաղտնալսումներն ընտրապայքարի բաղկացուցիչ մասն են. քաղաքագետ

Այսօր ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 8-րդ օրն է։ Ընտրապայքարի ընթացքում քաղաքական ուժերը սկսել են միմյանց հետ կոմպրոմատների լեզվով խոսել։ Օրեր առաջ առաջին քայլն արեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հրապարակելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ձայնագրությունը, որտեղ վերջինս խոսում է ղարաբաղյան բանակցություններից։ Նման գործիքակազմի օգտագործման պատճառների և հետևանքների մասին 365news.am-ը զրուցել է  քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։

-Պարո՛ն Վարդանյան, շատերը կանխատեսում էին, որ ներկայիս քարոզարշավը լինելու է ամենակեղտոտներից Հայաստանի նոր պատմության մեջ՝ հիմնական թեկնածուների դեմ կոմպրոմատների, ձայնագրությունների, հեռախոսային գաղտնալսումների պատճառով: Ի՞նչ է սա։ Ինչի՞ սա կարող է հանգեցնել։ Ո՞ւր կարող ենք այսպես հասնել։

-Այո, ակնհայտ էր, որ թեժ նախընտրական պայքար էր լինելու և նաև ակնհայտ էր, որ դա ուղեկցվելու էր փոխադարձ վիրավորանքներով և կոմպրոմատների հրապարակմամբ։ Մյուս կողմից, դա նորություն չէ Հայաստանի քաղաքական դաշտի համար ու միշտ էլ ամեն ընտրությունից առաջ քաղաքական ուժերի կողմից ինչ-որ կոմպրոմատներ հրապարակվել են։ Ժամանակին օրինակ հրապարակվել էր Արթուր Բաղդասարյանի և Անգլիայի դեսպանի հեռախոսային գաղտնալսումը, որում Արթուր Բաղդասարյանը կոչ էր անում Հայաստանում կեղծված ընտրությունների առիթով կոշտ հայտարարություններ անել։ Ասեմ ավելին, սա տարածված գործիք է ամբողջ աշխարհում՝ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում։ Օրինակ ԱՄՆ-ում Բուշ կրտսերի մրցակիցները գտել էին 30 տարվա վաղեմության մի դեպք, երբ Բուշ կրտսերը հարբած մտել էր ոստիկանություն և ծեծկռտուք էր սարքել։ Ամեն դեպքում, իրականում այն, ինչ կատարվում է, լավ չէ ու նախընտրելի կլիներ, որ լիներ ավելի ազնիվ ընտրապայքար, սակայն այդ ամենն ընտրապայքարի բաղկացուցիչ մասն է ու դրանից խուսափելը բավականին դժվար կլինի։ Նորից նշեմ, որ սա նոր գործիք չէ, սակայն այստեղ կարևորն այն է, որ բուն ընտրությունների օրը լինեն ազատ, անկախ, թափանցիկ ընտրություններ, որոնք ամբողջովին կարտահայտեն ընտրողների կամքը։

-Ըստ Ձեզ, նման իրավիճակում կոմպրոմատներով քարոզարշավը որևէ կերպ չի՞ վնասում կամ չի՞ վնասի երկրին։

-Իհարկե կարող վնասել։ Այսքան ամիսների ընթացքում մենք տեսանք, որ նույնիսկ իշխանության ներկայացուցիչները շատ հաճախ չհասկանալով, որ պետական գաղտնիք են բացահայտում՝ ԱԽ նիստից են դրվագներ հրապարակել։ Ցավոք սրտի, Հայաստանում այս երևույթը միայն նախընտրական ժամանակահատվածին չի բնորոշ ու չի բացառվում, որ մենք կրկին նման երևույթների ականատես կլինենք։

-Իսկ ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է, որ ԱԱԾ-ն որոշակի դեր է խաղացել և խաղում կոմպրոմատների, ձայնագրությունների, հեռախոսային գաղտնալսումների այս պայքարում։

-ԱԱԾ-ն, ցավոք սրտի, մշտապես եղել է գործող իշխանության կցորդը և մշատպես իշխանության ձեռքին եղել է գործիք՝ ընդդիմության դեմ պայքարում։ Սակայն միաժամանակ, ԱԱԾ-ն տարիներ շարունակ չի գտել այն մարդկանց, ովքեր գաղտնալսումներ են իրականացնում։ Հիմա էլ, եթե ԱԱԾ-ն չկարողանա գտնել գաղտնալսում իրականացնողներին, ապա դրանից կարելի է ենթադրել, որ ամենաբարձր մակարդակով ԱԱԾ-ին խրախուսել են, որ չգտնի այդ մարդկանց։ Ցավոք սրտի, մենք օրվա իշխանություններից անկախ ԱԱԾ չունենք և չենք ունեցել, որպեսզի կարողանա ազգային անվտանգության դեմ ցանկացած ոտնձգության՝ դա կլինի իշխանության, ընդդիմության, թե արտաքին այլ ուժերի կողմից, անաչառ մոտեցում ցուցաբերել ու համարժեք գործողություններ իրականացնել։ Մեր ԱԱԾ-ն պատեհապաշտությամբ է տարված։

-Պարո՛ն Վարդանյան, արդյո՞ք նման որակի պայքարը ժողովրդին էլ ավելի չի հեռացնի քաղաքականությունից։

-Կհեռացնի, սակայն դա ևս ցանակալի երևույթ չէ, քանի որ դա չի նպաստում Հայաստանում ժողովրդավարական քաղաքական մշակույթի զարգացմանը։ Ցանկալի կլինի, որ ընտրապայքարի մասնակիցները գործեն ժողովրդավարության և քաղաքակիրթ ընտրապայքարի շրջանակներում՝ առանց փոխադարձ վիրավորանքների։ Ամեն դեպքում, եթե մեդալի հակառակ կողմն ենք նայում, ապա կարծում եմ՝ դա միայն մեզ մոտ չէ։ Ամերիկյան վերջին դեբատների ժամանակ տեսանք, որ Թրամփն ու Բայդենը ևս միմյանց հասցեին ինչպիսի վիրավորանքներ էին հնչեցնում կամ Թրամփ-Հիլլարի Քլինթոն ընտրապայքարի ժամանակ։ Նման երևույթներից ամբողջապես չենք կարող զերծ մնալ, ուղղակի այստեղ ժողովուրդը պետք է պահանջի, որ թեկնածուներն ավելի կոռեկտ վարք դրսևորեն։ Մեր քաղաքական գործիչները շատ հաճախ առաջարկում են այն, ինչի պահանջն ունի ժողովուրդը։ Քաղաքական գործիչները հաճախ տեսնում են, որ ժողովուրդը սուր ելույթների կարիք ունի ու, ըստ այդմ էլ, կառուցում են իրեն քարոզարշավը։ Եթե քաղաքական գործիչները որոշեն իրենք իրենց համար նոր, ավելի որակով նշաձող սահմանել՝ փոխադարձ վիրավորանքի մշակույթը թողնելով հետին պլանում, ապա, ըստ իս, ժողովրդի ճաշակն էլ կփոխվի։

 Զրուցեց Մելինե Պետրոսյանը

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել