
Ինչպես արդեն հայտնի է, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ֆիլիպ Ռիկերի ակտիվ մասնակցությամբ ադրբեջանական կողմն ազատ արձակեց հակամարտության ընթացքում գերեվարված Հայաստանի 15 քաղաքացիների, ովքեր Վրաստանի տարածքով արդեն վերադարձել են Հայաստան:
Շաբաթ օրը Վրաստանի կառավարությունն այս մասին հայտարարություն տարածեց, որտեղ մի քանի ուշագրավ շեշտադրումներ են առկա: Մասնավորապես նշվում է, որ Վրաստանի վարչապետի ակտիվ մասնակցությամբ է, որ հայկական կողմն Ադրբեջանին փոխանցել է ականապատ դաշտերի կարևոր քարտեզները: Վրաստանի վարչապետն անձամբ անընդհատ կապի մեջ էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Հատկանշական է, որ հայտարարության մեջ վրացական կողմը հատուկ ընդգծում է, որ Վրաստանի ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի գործունեության և այս գործընթացում Վրաստանի զգալի մասնակցության շնորհիվ է կատարվել «Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության իրավիճակը բարելավելու ուղղությամբ նշանակալի այս քայլը. «Այս փաստն էական խթան կհաղորդի Վրաստանի մերձավոր հարևանների միջև հարաբերությունների լարվածության հետագա նվազմանը: Վրաստանի վարչապետը ողջունում է հարևան երկրների այս որոշումը, որը պետք է հիմք դնի տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և երկարաժամկետ հեռանկարում համագործակցության մթնոլորտ ստեղծելու համար»:
Հայտարարության մեջ, կարծես, հատուկ է ընդգծվում ամերիկացիների ակտիվ մասնակցության կամ ներկայության և ռուսների բացակայության փաստն այս գործընթացում, վրացական կողմը նշում է, որ սկզբից ի վեր իրենք ակտիվորեն համագործակցել են ամերիկացի գործընկերների, ինչպես նաև հայ և ադրբեջանցի գործընկերների հետ:
Այնուհետև վրացական կողմը գոհունակությամբ ողջունում է, որ Վրաստանն այս գործընթացի մի մասն է:
«Այս օրը կարևոր օրինակ և առաջընթաց կհանդիսանա հարևանների միջև բարդ խնդիրների լուծման գործում: Ապագայում Վրաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում օժանդակություն տրամադրել իր գործընկերներին և ակտիվորեն մասնակցել գործընթացներին, առաջին հերթին մարդասիրական խնդիրների լուծմանը»,- ասված է հայտարարության մեջ:
Հարկ է նշել, որ հայտարարության մեջ կարմիր թելով անցնում է այն միտքը, որ տարածաշրջանի բարդ խնդիրները կարող են և պետք է լուծվեն 3 հարևանների միջև: Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ հարցը դրական լուծում ստացավ, քանի որ Վրաստանն ակտիվորեն համագործակցում էր իր հիմնական ռազմավարական գործընկերոջ` ԱՄՆ-ի հետ:

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտնել է, որ գործարքը պատրաստվում էր երեք ամիս:
«Վերջին 2-3 ամիսների ընթացքում մենք շատ ակտիվ ենք եղել մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ` այս արդյունքին հասնելու համար: Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք ունենք այդպիսի արդյունք, և մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջին հերթին մեր ռազմավարական գործընկերներին` Ադրբեջանին և Հայաստանին, ովքեր շատ լավ գիտակցեցին, որ անհրաժեշտ է կատարել ընդառաջ քայլեր տարածաշրջանում երկկողմ խաղաղության և կայունության հաստատման համար»,- ընդգծել է Վրաստանի արտգործնախարարը, որի ղեկավարած գերատեսչությունն, ինչպես կարելի է ենթադրել, ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմագերիների վերադարձի հարցում:

Եվ այդ ֆոնին առավել ցցուն է դառնում հայկական արտաքին գերատեսչության բացակայությունն այս գործընթացում: Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ Վրաստանի կառավարության հայտարարության հետ տարածված նկարներում երևում է ՀՀ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, այլ ոչ թե ՀՀ ԱԳՆ որևիցե ներկայացուցիչ: