1ԳլխավորԼուրերՀարցազրույցՆերքինՔաղաքականություն

Քաղաքական ուժերը պետք է քաղաքական հասունություն ունենան, որպեսզի կոմպրոմատները ներքաղաքական շրջանակներից չհանեն՝ վնասելով պետությանը․ քաղաքագետ

Այսօր ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 5-րդ օրն է։ Ընտրապայքարի ընթացքում քաղաքական ուժերը սկսել են միմյանց հետ կոմպրոմատների լեզվով խոսել։ Առաջին քայլն արեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հրապարակելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ձայնագրությունը, որտեղ վերջինս խոսում է ղարաբաղյան բանակցություններից։ Հրապարակված ձայնագրության հետևանքների վերաբերյալ 365news.am-ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

Պարոն Ղևոնդյան, երրորդ նախագահի կողմից հրապարակված ձայնագրությունն, ըստ էության, լայն քննարկման առարկա դարձավ՝ կրկին հասարակությունը բաժանելով երկու մասին։ Մի մասը պնդում է, որ բացահայտումներով լի էր, մյուս մասն էլ պնդում է, որ որևէ նոր բան չկար դրանում։ Ի վերջո, հրապարկված ձայնագրությունն ինչ-որ նոր բան բացահայտե՞ց:

– Հասարակության այն հատվածը, որը Նիկոլ Փաշինյանին է աջակցում, կարող է ասել, որ այդ ձայնագրությունը հաստատում էր այն ամենը, ինչի մասին այսքան ժամանակ խոսում էր հենց ինքն իշխանությունը, այսինքն՝ այսքան ժամանակ նրանք գործել են ի շահ Հայաստանի, փորձել են Արցախի հարցի շուրջ ձևավորված տենդենցը փոփոխել ու այդ ճանապարհին տարբեր գործիքներ են օգտագործել։

Մյուս հատվածը, որը կարծում է՝ այդ ձայնագրության մեջ սենսացիա, բացահայտումներ կան, ընդամենը քննարկում է Արցախի հարցի շուրջ ձևավորված տենդենցի փոփոխման միջոցները։ Ընդհանուր առմամբ՝ այդ ձայնագրության մեջ եղած տեղեկատվությունը որևէ կերպ չի վնասում Հայաստանի շահերին՝ ընդհակառակը բխում է Հայաստանի շահերից։ Ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները ցանկանում են ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանը սխալ ճանապարհով է փորձել լուծել Արցախի հարցը։ Ամեն դեպքում այդ ձայնագրությունն ինքնին բացասական նշանակություն չուներ իշխանության համար, եթե ոչ դրական նշանակություն։

Եթե մի փոքր ավելի խորը վերլուծենք, կարող ենք նշել, որ երկու քաղաքական ուժերը՝ ՔՊ-ն և «Պատիվ ունեմ» դաշինքը որոշակիորեն միմյանց օգնում են ՝ ընդդեմ երրորդ քաղաքական ուժի՝ «Հայաստան» դաշինքի։ «Հայաստան» դաշինքն իշխանություն դառնալու հնարավորություններ չունի, բայց ԱԺ-ում երկրորդ ուժ լինելու հնարավորություն ունի, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ «Հայաստան» դաշինքի հետ պայքարում է ընդդիմության տեղը չգրավելու համար։

Փաստացիորեն, «ՔՊ»-ն և «Պատիվ ունեմ» դաշինքն այն գործընթացներում, որոնցում նրանց շահերը կարող են համընկնել, կարող են շատ հանգիստ առանց որևէ պայմանավորվածության աջակցել միմյանց։

Այսինքն՝ թեկուզ անուղղակիորեն, բայց «Պատիվ ունեմ» դաշինքն օգնո՞ւմ է գործող իշխանությանը:

– Այո, կարող ենք և այդպես ասել։ Նրանք մեկը մյուսին անուղղակիորեն օգնում են։ Սակայն միաժամանակ հակառակ տենդենցն էլ ենք տեսնում, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերադարձ չի լինելու ո՛չ անցյալին, ո՛չ էլ անցյալի անցյալին։ Սա որոշակիորեն տարանջատում էր «Պատիվ ունեմ»-ին «Հայաստան» դաշինքից։ Այդ կերպ փորձ արվեց հասարակությանը ցույց տալ, որ այդ ուժերը մեկ միասնական ուժ չեն, այլ իրարից տարանջատված են։ Սա ևս անուղղակի աջակցություն էր այդ երկու ուժերին։ Նման գործընթացները նորմալ են ու ցույց են տալիս երկրում ժողովրդավարության մակարդակի որոշակի բարելավումը։

Պարոն Ղևոնդյան, ճիշտ է՝ Դուք նշեցիք, որ այդ ձայնագրությունն իշխանության վրա որևէ բացասական ազդեցություն չունեցավ, բայց այն, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար բանակցային գործընթացների ուղին շեղել է, իսկ դա էլ որոշակիորեն հանգեցրել է ներկայիս իրավիճակին, այդ ամենն իշխանության համար արդեն իսկ վնաս չէ՞:

– Ամեն դեպքում ես չեմ կարծում՝ դա կարող էր վնաս հասցնել, քանի որ բանակցությունների գծի փոփոխման մասին վարչապետը հայտարարել էր՝ ասելով, որ ինքը եկել է բանակցություններն իր կետից տանելու համար, քանի որ նախկին բանակցությունները տանում էին փակուղի, իսկ փակուղին կարող էր լինել պատերազմ։

Իհարկե, այս դեպքում էլ մենք ունեցանք պատերազմ, բայց, ըստ իշխանության, իրենք, գոնե, փորձեցին ինչ-որ մի բան անել, այլ ոչ թե էլ ավելի ձգձգեցին ու հասցրեցին այն մակարդակին, որ Հայաստանն այլևս հակազդելու որևէ բան չունենար։

Ըստ Ձեզ՝ նման իրավիճակում կոմպրոմատներով քարոզարշավը որևէ կերպ չի՞ վնասում կամ չի՞ վնասի երկրին ու երկրի պետական շահերին։

– Արդեն իսկ նշեցի, որ գործընթացները բավականին հախուռն են և քաղաքական առումով անորոշ, ուստի՝ պետությանն անհրաժեշտ է ժողովրդավարական գործընթացների անցնել։ Ժողովրդավարական գործընթանցների անցնումն ինքնին իրենից ենթադրում է կոմպրոմատներով պայքար, սակայն քաղաքական ուժերը պետք է այնքան քաղաքական հասունություն ունենան, որպեսզի այդ կոմպրոմատները դուրս չհանեն ներքաղաքական շրջանակներից և չվնասեն պետությանը։ Արդյո՞ք մեր քաղաքական ուժերն այդքան հասուն են՝ կարծում եմ, որ ոչ։

Զրուցեց Մելինե Պետրոսյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close