Լուրեր

ԱՄՆ-ն պատրաստվում է առևտրային պատժիչ գործողություններ ձեռնարկել հայկական «Արմենալ» ընկերության դեմ. Ամերիկայի Հայ դատի գրասենյակ

ԱՄՆ Առևտրի դեպարտամենտը պատրաստվում է առևտրային պատժիչ գործողություններ ձեռնարկել ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրող և արտահանող «Արմենալ» ընկերության դեմ։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն այդ պատժամիջոցները համարում է անարդյունավետ: Այս մասին գրված է Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքում:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նշում է, որ սատարում է հավասարակշռված «կասեցման մասին համաձայնագրին», որով կսահմանվի երկկողմ կառավարելի առևտրային ռեժիմ` չլուծված խնդիրները փոխշահավետ կերպով լուծելու համար։ Նման ձևով Հայ դատի հանձնախումը կկարողանա պաշտպանել ԱՄՆ-ի ներքին շահերը` միևնույն ժամանակ խուսափելով Հայաստանի տնտեսության վրա կործանարար ազդեցությունից:

«Արմենալ»-ը Հայաստանի խոշոր հարկատուներից մեկն է, որը նշանակալի ներդրում է կատարում Հայաստանում։ Ընկերությունն ունի շուրջ 700 աշխատող։

Վերջին տարիներին «Արմենալ»-ի՝ ալյումինե փայլաթիթեղի արտահանումը կազմել է Հայաստանի Միացյալ Նահանգների ընդհանուր արտահանման ծավալի 3/4-րդ մասը, չնայած որ ներկայացնում է Միացյալ Նահանգների ներմուծման միայն փոքր մասն ու ԱՄՆ-ի ընդհանուր շուկայի էլ ավելի փոքր մասնաբաժինը։

«Հիմա, ավելի քան երբևէ, Բայդենի վարչակազմը պետք է ակտիվորեն աջակցի Հայաստանի ինքնիշխանությանը և Արցախի անվտանգությանը, խաղաղ ճանապարհով լուծի առևտրային խնդիրները՝ ակտիվորեն խթանելով ԱՄՆ-Հայաստան տնտեսական կապերը, ինչպես նաև չթիրախավորի հայ աշխատողներին պատժիչ առևտրային գործողություններով»,- այս մասին նշել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Վերջինիս պնդմամբ՝ «կասեցման մասին համաձայնագիր»-ը կլինի եկկողմանի հաղթանակ, որի միջոցով շահագրգիռ բոլոր կողմերին կտրամադրվի ժամանակ՝ առկա խնդիրները համագործակցության միջոցով լուծելու համար։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շեշտադրում է նաև այն փաստը, որ առևտրային պատժիչ գործողություններն անց են կացվելու Հայաստանում շարունակվող Covid-19 համաճարակի, տնտեսական ճգնաժամի և փախստականների ճգնաժամի ժամանակահատվածում, որը պայմանավորված է նախորդ տարի Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմամբ և Հայաստանի դեմ Բաքվի շարունակվող ագրեսիայով:

Հետաքրքրականն այն է, որ Հայաստանում նախընտրական քարոզարշավի ընթացքում խոսվում է ամեն ինչի մասին, բայց գեթ մեկ քաղաքական ուժ մինչ այժմ չի անդրադարձել այս կարևոր խնդրին:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել