ԱշխարհԼուրերԿարևոր

Թուրքիան առաջարկում է կառավարել Քաբուլի օդանավակայանը Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո

Թուրքիան առաջարկել է ապահովել Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը և կառավարումը Աֆղանստանից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս ուժերի դուրսբերումից հետո: Բայց ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ Անկարան որոշակի պայմաններ է դնում, որոնք, ըստ ամենայնի, պետք է դեռ լուծվեն, քանի որ երկու երկրների ղեկավարները պատրաստվում են հանդիպել հաջորդ շաբաթ, տեղեկացնում է Reuters-ը:

«Աֆղանստանից Միացյալ Նահանգների դուրս գալու որոշումից հետո Թուրքիան առաջարկ է արել ապահովել Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը: Այս շրջանակներում բանակցություններ են ընթանում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ»,- ասել է թուրք պաշտոնյաներից մեկը:

Օդանավակայանի պահպանման և միջազգային թռիչքների ապահովման հարցում Թուրքիայի դերը կարող է նպաստել Անկարայի և Արևմուտքի հարաբերությունների բարելավմանը:

Հիշեցնենք, որ այդ հարաբերությունները խիստ սրվել են Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ C-400 համակարգերի գնման, ինչպես նաև եվրոպական երկրների հետ Միջերկրական ծովում հորատման իրավունքների շուրջ տարատեսակ վեճերի պատճառով:

Սակայն, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ ամեն դեպքում Անկարայի այս առաջարկը կախված է դաշնակիցներից ակնկալվող որոշակի աջակցությունից:

«Մենք մտադիր ենք Աֆղանստանում մնալ՝ կախված պայմաններից: Որո՞նք են մեր պայմանները: Դա  քաղաքական, ֆինանսական և նյութատեխնիկական աջակցությունն է: Եթե դրանք բավարարվեն, մենք կարող ենք մնալ Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանում»,- Աքարի խոսքերը մեջբերել է թուրքական ՊՆ-ն:

ԱՄՆ որոշ պաշտոնյաներ ասել են, որ իրենք ողջունում են թուրքական առաջարկը, բայց Անկարան այդ առաքելության համար պահանջում է չափից դուրս ամերիկյան աջակցություն: Պաշտոնյաները վկայակոչում են նաև ԱՄՆ-ի որոշ մտահոգություններ Թուրքիայի հուսալիության վերաբերյալ` հաշվի առնելով այդ երկրի հետ ունեցած տարաձայնությունները: Միաժամանակ նշվել է, որ Վաշինգտոնը կգտնի այդ առաջարկի գործարկման տարբերակ:

Նախատեսվում է, որ ՆԱՏՕ-ի առաջնորդներն Աֆղանստանի հարցը կքննարկեն հաջորդ երկուշաբթի կայանալիք գագաթնաժողովում, որտեղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ կհանդիպի Ջո Բայդենի հետ:

Թուրքիայի կողմից ռուսական С-400 ՀՕՊ համակարգի գնումը Վաշինգտոնին ստիպեց անցյալ տարի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի ռազմաարդյունաբերական համալիրի նկատմամբ: Սակայն, օդանավակայանի վերաբերյալ թուրքական պլանը կարող է բարի կամքի դրսևորման հազվադեպ հնարավորություն ստեղծել:

Նշենք, որ երկու երկրները տարաձայնություններ ունեն նաև Սիրիայի քուրդ զինյալներին ԱՄՆ աջակցության, իսրայելա-պաղեստինյան հակամարտության և Թուրքիայի պետական ​​Halk բանկի դեմ ԱՄՆ-ում ընթացող դատական ​​գործի շուրջ:

Իրականում թուրքական առաջարկն արվեց բավականին հարմար պահի` ԱՄՆ զորքերի պլանային դուրսբերումից երեք ամիս առաջ Աֆղանստանի ամբողջ տարածքով բախումներ են սկսվել: Երկուշաբթի հայտնի դարձավ, որ վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 24 աֆղանական զինծառայող է սպանվել կամ վիրավորվել «Թալիբան» շարժման գրոհների արդյունքում: Իսկ Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը կարող է որոշ երկրների համոզել պահպանել դիվանագիտական ​​ներկայությունը Աֆղանստանում:

Օրինակ՝ անցյալ ամիս Ավստրալիան, անվտանգության նկատառումներից ելնելով, փակեց այնտեղ իր դեսպանատունը: Ակնհայտ է, որ ինչքան քիչ լինի միջազգային ներկայությունը, այնքան շատ է հավանականությունը, որ երկրում արագ կտիրի համատարած քաոս, ինչն էլ իր հերթին թույլ կտա Աֆղանստանը հերթական անգամ վերածել ահաբեկչական հանգրվանի:

Այս պահին Թուրքիան ավելի քան 500 զինծառայող ունի Աֆղանստանում՝ ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում: Ըստ թուրքական կողմի՝ օդանավակայանի անվտանգության ապահովման և կառավարման համար անհրաժեշտ կլինեն լրացուցիչ զորքեր:

Ինչ վերաբերում է Աֆղանստանի կառավարության և 2001թ.-ին ԱՄՆ ներխուժման արդյունքում իշխանությունից հեռացված «Թալիբան» շարժման բանակցություններին, ապա դրանք դադարեցվել են զորքերի դուրսբերման ֆոնին: Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են սադրանքների մեջ: Այս պահի դրությամբ պարզ չէ, թե իսլամիստ «Թալիբանը» կընդունի՞ Թուրքիայի ռազմական ներկայության երկարացումը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել