1ԱշխարհԳլխավորԼուրերՏեսանյութ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հերքում է «հայ դիվերսանտների» վարկածը

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հերքել է մի շարք լրատվամիջոցների այն պնդումները, թե Քարվաճառում այն ականը, որի վրա երկու ադրբեջանցի լրագրողներ էին պայթել, «հայ դիվերսանտները» տեղադրել են 2020-ի պատերազմից հետո:

Երկու օր առաջ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ երկու ադրբեջանցի լրագրողներ են մահացել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառի շրջանում ականի պայթյունից: Ականի պայթյունի հետևանքով մահացել են AzTV-ի օպերատոր Սիրաջ Աբիշովը և ԱզերԹԱջ լրատվական գործակալության թղթակից Մագերամ Իբրահիմովը: Եվս չորս մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել մարդկանց մահվան փաստի առթիվ և հետաքննություն է վարում: Միևնույն ժամանակ երկրի գլխավոր դատախազ Կամրան Ալիևը դիմել է միջազգային կազմակերպություններին, այդ թվում ՝ ՄԱԿ-ին, Եվրախորհրդին, ինչպես նաև Amnesty International և Human Rights Watch իրավապաշտպան խմբերին՝ մեղադրելով Հայաստանի զինված ուժերին հումանիտար նորմերն ու սկզբունքները խախտելու մեջ: Ադրբեջանի իշխանությունները, ի թիվս այլ բաների, անընդհատ մեղադրում են՝ հայկական կողմը հրաժարվում է տրամադրել ականադաշտերի քարտեզները:

Ըստ ադրբեջանական կողմի՝ պատերազմի ավարտից հետո այդ տարածքներում ականներից արդեն զոհվել է մի քանի տասնյակ մարդ:

Իր հերթին «Տիգրան Մեծ» հատուկ ռազմական ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ զինված ուժերի գնդապետ Կորյուն Գումաշյանն այսօր դիմել է Ադրբեջանի քաղաքացիներին և հայտարարել, որ պատրաստ է տրամադրել Արցախի օկուպացված շրջանների ականապատ դաշտերի քարտեզները միայն մեկ պայմանով. Ադրբեջանը վերադարձնում է հայ գերիներին:

Ելույթ ունենալով «Նոյան Տապան» հեռուստաալիքով՝ Գումաշյանը պատմեց, թե ինչպես է ականապատվել տարածքը:

«Մենք շատ խելացիորեն ականապատել ենք այդ տարածքները, նույնիսկ եթե դրանք մասնագետներ բերեն Անգլիայից կամ Ռուսաստանից, միևնույն է, անհնար է ինչ-որ բան անել: Այնտեղ տեղեր կան, որոնք ականապատված են շղթաներով»,- ասել է Գումաշյանը:

Կադրերում երևում է, թե ինչպես է ռազմական ավտոբուսը պայթյում ականի վրա:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել