Փաշինյանի՝ Ֆրանսիա և Բելգիա այցը պայմանավորված էր ընտրություններով. քաղաքագետ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մայիսի 31-ից հունիսի 1-ը մեկնել էր Ֆրանսիա, իսկ հունիսի 1-ից 2-ը՝ Բելգիա։ Վարչապետի պաշտոնակատարի այցերի վերաբերյալ 365news.am-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի հետ։
– Պարոն Հովհաննիսյան, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա և Բելգիա այցելությունը, արդյո՞ք որևէ կապ ունի հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հետ։
– Կարծում եմ՝ առաջին հերթին այս այցը պայմանավորված էր ընտրություններով։ Փաշինյանն ուզում էր ցույց տալ, որ աշխարհում իր հետ խոսողներ կան։ Բավականին հավաստի տեղեկատվություն կա, որ ֆրանսիական կողմը գերադասել է, որ ՀՀ վարչապետի այցը լինի հոկտեմբեր ամսին, քանի որ ընտրություններից առաջ կոռեկտ չի համարվում այդպիսի այցելությունները, այնուամենայնիվ, հայկական կողմը պնդել է, որ պետք է այցելությունը հիմա տեղի ունենա։
Բացի դրանից, ըստ իս, այստեղ երկակի խաղ է․ մի կողմից ուզում են ցույց տալ, որ ունեն արևմտյան երկրների աջակցությունը և դրանով անձամբ գործող իշխանությունն ուզում է փորձել որոշակիորեն թուլացնել իր վրա եղած ռուսական ու թուրքական ճնշումները։ Մյուս կողմից էլ հստակ ուղերձներ են տարվում, որ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական կապիտուլյատիվ գործարքները հայանպաստ են։ Կարծում եմ՝ Փաշինյանին բավականին սառն ընդունեցին, ու չեմ կարծում, որ աշխարհում կա որևէ պետություն, որը լրջորեն ընդունի Փաշինյանին և իր հետ փորձի երկարատև քաղաքական հաշվարկներ անել։
– Փաստացիորեն, Հայաստանը սահմանային լարվածության խնդրով դիմեց և՛ ՀԱՊԿ-ին, և՛ Ռուսաստանին, սակայն առ այսօր այնտեղից որևէ արձագանք չկա։ Ի՞նչ եք կարծում՝ ՀԱՊԿ-Ռուսաստան արձագանքի բացակայությունը որևէ կապ ունի՞ կատարված այցելության հետ։
– Այն, որ ՀԱՊԿ-ն ընդհանրապես չգործող կառույց է ու անվտանգության ապահովման տեսնակյունից այն մեզ որևէ բան չի կարող տալ, դա բոլորին է հայտնի ու դրա մասին գիտեն նույնիսկ ՀԱՊԿ-ի ներսում։ Եթե նկատել եք, Ռուսաստանն ինքը ՀԱՊԿ-ի մասին շատ չի խոսում, նրա դերակատարությունը չի շեշտադրում, քանի որ իրենց էլ է հասկանալի, ու ՀԱՊԿ կոչվածը չկայացած կառույց է։ Այս ամենով պայմանավորված էլ արձագանքի բացակայության պատճառը շատ պարզ է։
Ինչ վերաբերում է Փաշինյանի քայլերին, ապա, ըստ իս, Փաշինյանը գործում է այնպես, ինչպես գործում էր և՛ պատերազմի ընթացքում, և՛ պատերազմից առաջ։ Նրա քայլերն անկանոն, քաոտիկ ռեակցիոն շարժումներ են, այսինքն՝ գործում է միայն պահի թելադրանքով, ինչ-որ երևույթ-ռեակցիա կոմբինացիայով։ Միգուցե նման գործելաոճը «Հայկական ժամանակ» թերթը ղեկավարելու համար բավարարում էր, բայց երկիր ղեկավարելու համար, այն էլ այսպիսի երկիր, այսպիսի իրավիճակում ու այսպիսի տարածաշրջանում, ոչ միայն չի բավարարում, այլ մի բան էլ վնասում է։
– Իսկ ի՞նչ կասեք՝ ՄԱԿ ԱԽ-ին դիմելու մասին խոսակցություններն ու այս հանդիպումները դրա հետ առնչություն ունե՞ն:
– Խնդիրը ՄԱԿ ԱԽ տեղափոխելու համար տրամաբանական հիմք կա, սակայն կարծում եմ՝ դա պետք է արվի ոչ այնպես, ինչպես անում է Փաշինյանն ու ոչ այս կառավարության կողմից։
– Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն որերորդ անգամ հասցեական հայտարարություններ է անում՝ Ադրբեջանին կոչ անելով ՀՀ սուվերեն տարածքից զորքերը հետ քաշել։ Այսպիսի շեշտադրումներ կային նաև Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում արված հայտարարություններում։ Այս հայտարարությունները մեզ ի՞նչ կտա կամ որևէ կերպ կազդի՞ ադրբեջանական կողմի որդեգրած վարքագծի վրա:
– Ադրբեջանի պահվածքը բավականին լկտի է, բայց դրանք որոշակիորեն հստակ կարմիր գծեր չեն անցնում և, ըստ իս, այդ կարմիր գծերը թելադրված են նաև այդ հայտարարություններով ու դիրքորոշմամբ, այլ ոչ իրենց բարի կամքի դրսևորմամբ։
– Այսինքն՝ ՀՀ պետական սահմանի խախտումը, մեր տարածքում մեր զինվորների գերեվարումը կարմիր գծի անցնել չէ՞:
– Կոնկրետ գերեվարումը հստակ երևում էր, որ կարմիր գծի հատում է, նույնիսկ նրանց նկատմամբ, ընդհանուր առմամբ, բարյացկամորեն վերաբերող ՌԴ-ի համար։ Կարծում եմ՝ դա անձամբ Իլհամ Ալիևի անձնավորված դրսևորումն էր, որով ուզում էր ցույց տալ, որ իրենց հետ չի կարելի նման կերպ խոսել կամ որևէ հայտարարություն իրենց չի հետաքրքրում։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ իր հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձ էր կատարել զինվորների գերեվարման թեմային և ևս մեկ անգամ նշել, որ ստեղծված իրավիճակի լուծումը միայն Մինսկի խմբի շրջանակներում պետք է լինի ու ամեն անգամ, երբ նրանց թուրք/ադրբեջանցի գործընկերները կարմիր գծեր են անցնում, Ռուսաստանը նրանց հիշեցնում է Մինսկի խմբի մասին։
– Հիշատակեցիք Մինսկի խմբի շրջանակներում խնդիր լուծման անհրաժեշտության մասին, սակայն սրա հետ կապված տարակարծությունները շատ են։ Օրինակ՝ փորձագիտական դաշտում մի մասը պնդում է, որ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված խնդիրը դուրս է Մինսկի խմբի շրջանակներից, քանի որ այն կոնկրետ ստեղծված էր ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար, մյուս մասն էլ պնդում է, որ ստեղծված իրավիճակը հակամարտության շարունակությունն է։ Դուք ի՞նչ կասեք այս մասին:
– Շատ հստակ է, որ Մինսկի խումբը ստեղծված է երկու երկրներում փոխըմբռնելի խաղաղություն բերելու համար։ Ամբողջ աշխարհը ստեղծված իրավիճակը դիտարկում է որպես պատերազմի շարունակություն, ուստի՝ խնդիրը պետք է լուծվի հենց Մինսկի խմբի շրջանակներում, ինչքան էլ, որ Թուրքիան ու Ադրբեջանը պայքարում են դրա դեմ։
Զրուցեց Մելինե Պետրոսյանը