1ԳլխավորԼուրերԿարծիքՏնտեսություն

2017-2020թթ.-ին պետական պարտքն աճել է 27%-ով, իսկ ՀՆԱ-ն՝ 11%-ով․ սա ամենակարճ ճանապարհն է դեպի պարտքային ճգնաժամ․ տնտեսագետ

Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվեցին «ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները: Էկոնոմիկայի նախարար Ատոմ Ջանջուղազյանը քննարկման ընթացքում հայտարարեց, որ Հայաստանի արտաքին պարտքը հասել է 7 միլիարդ 968 միլիոն ԱՄՆ դոլարի, որից 7 միլիարդ 500 միլիոնը Կառավարության պարտքն է։ Ջանջուղազյանը նաև նշեց, որ Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 63․5%։

Թեմայի վերաբերյալ 365news.am-ը զրուցել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։

Խոսելով պետական պարտքի կառուցվածքի մասին՝ տնտեսագետը նկատեց, որ պետական պարտքն իր մեջ ներառում է Կենտրոնական բանկի, Կառավարության պարտքը, ներքին պարտքը՝ պետական պարտատոմսերի միջոցով ստացված պարտքը և արտաքին պարտքը, որը կառավարությունը վերցնում է կամ միջազգային ֆինանսական շուկաներում պետական պարտատոմսեր թողարկելով, կամ միջազգային կազմակերպություններից, օրինակ՝ Համաշխարհային բանկից, Արժույթի միջազգային կազմակերպությունից։

«Չնայած պետական պարտքը տարբեր կառուցվածքային բաղադրիչներ ունի, սակայն եթե դրան նայում ենք հասարակ քաղաքացու տեսանկյունից, ապա դա պարտք է, որն անկախ ամեն ինչից, պետք է սպասարկվի հավաքական հանրային միջոցներով։ Մեր բոլորի հարկերի հաշվին կամ ինչպես գործող իշխանությունն է անում՝ պարտքը պարտքով փակելու հաշվին»,- ընդգծեց Ավետիսյանը։

Տնտեսագետի գնահատմամբ՝ պետական պարտքը որպես այդպիսին վտանգավոր երևույթ չէ, ուղղակի շատ կարևոր է, թե դու՝ որպես պետություն, եթե պետական պարտքն ավելացնում ես, ապա ի՞նչ ուղղությամբ ես այն ծախսում․ «Եթե պետական պարտքը վերցնում ես ընթացիկ ծախսերը հոգալու նպատակով, ապա դա լավ չէ, քանի որ նշանակում է՝ դու չես կարողանում եկամուտները հավաքել ու ձեռքդ մեկնում ես ապագա ռեսուրսներին, որպեսզի այսօրվա ձախողումներդ ծածկես, բայց եթե պետական պարտքն օգտագործվում է երկարաժամկետ ներդրումային ծրագրերի իրականացման, ենթակառուցվածքների զարգացման համար ու ընդհանրապես արդյունավետ ծախսման համար, ապա դա արդարացված է, որովհետև նպաստում է երկրի տնտեսական ներուժին, ինչպես նաև նպաստավոր ազդեցություն է ունենում ներդրումային միջավայրի վրա»։

Ավետիսյանի պնդմամբ՝ շատ կարևոր է նաև պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության դիտարկումը․ «Պարտքային ճգնաժամը սկսվում է այն ժամանակ, երբ որ երկիրը չի կարողանում սպասարկել տոկոսները կամ վրա հասած մայր գումարը։ Սա արդեն շատ վատ երևույթ է, քանի որ պարտքային ճգնաժամն ինքնին հարվածում է միկրոտնտեսական կայունությանը և երկրում կարող է բերել ընդհանուր տնտեսական ճգնաժամի։ Իսկ ինչ վերաբերում է այսօր ներկայացված Կառավարության պարտք-ՀՆԱ 63․5 տոկոսանոց հարաբերակցությանը, ապա ես այս թիվն արժանահավատ չեմ համարում, քանի որ նախորդ տարի դա 67 տոկոս էր ու դժվար թե այս տարի պակասեր»։

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ ամենամեծ մտավախությունն այն է, որ վերջին 3 տարիներին պետական պարտքն աճել է ավելի բարձր տեմպով, քա ՀՆԱ-ն․ «Այսօր մեր պետական պարտքն ավելին է, քան 5 տրիլիոն դրամն է, և որպեսզի ավելի ակնառու լինի, ապա ասեմ, որ 2018թ.-ի սկզբին մենք ունեցել ենք 3․3 տրիլոն դրամի պետական պարտք։ 2017-2020թթ.-ին պետական պարտքն աճել է 27 տոկոսով, մինչդեռ 2017-2020թթ.-ին անվանական ՀՆԱ-ն աճել է ընդամենը 10-11 տոկոսով։ Պետական պարտքը մոտ 3 անգամ ավելի բարձր տեմպով է աճել, քան ՀՆԱ-ն։ Սա ամենակարճ ճանապարհն է դեպի պարտքային ճգնաժամ»։

Ավետիսյանի ընդգծմամբ՝ Հայաստանն արդեն իսկ գտնվում է պարտքային իրական բարձր ճգնաժամի հավանական տիրույթում։

«Խնդիրների լուծումներն էլ, չլուծումներն էլ պայմանավորված են ներքաղաքական գործընթացների հանգուցալուծմամբ։ Եթե մի իշխանություն տարեկան միջինում 10 տոկոսով ավելացնում է պետական պարտքը, այն դեպքում, երբ որ տնտեսությունն այդ ցուցանիշից 3 անգամ պակաս է աճում, վերջին տարում՝ 2020թ.-ին նախատեսվածից քիչ են նաև հարկային մուտքերը, միաժամանակ 2021թ.-ն էլ աչքի չի ընկնում տնտեսական ակտիվությամբ, ապա այս պարագայում դժվար չէ կանխատեսելը, որ այս ամենն ուղիղ ճանապարհով տանում է դեպի պարտքային ճգնաժամի»,- եզրափակեց տնտեսագետը։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close