1ԳլխավորԼուրերՆերքինՔաղաքականություն

Սահմանային հատվածներից զորքի դուրս բերմամբ ու դրա փոխարեն միջազգային դիտորդների տեղակայմամբ մենք եղած ճգնաժամն էլ ավելի ենք խորացնելու․ Պետրոսյան

Օրեր առաջ, երբ ադրբեջանական ուժերը, ներխուժելով ՀՀ պետական սահման, գերեվարեցին 6 հայ զինվորի, այդ միջադեպից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հրավիրեց ԱԽ նիստ, որի ընթացքում, որպես ստեղծված իրավիճակի կարգավորման տարբերակ, առաջարկեց սահմանային հատվածներից դուրս բերել հայկական և ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, փոխարենը սահմանագծի երկայնքով տեղակայել Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող միջազգային դիտորդներ։

Թեմայի վերաբերյալ 365news.am-ը զրուցել է քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի հետ՝ պարզելու համար վարչապետի պաշտոնակատարի կողմից արված առաջարկը որքանո՞վ է իրատեսական և արդյո՞ք այդ կերպ կարող ենք լուծել ստեղծված խնդիրները։

«Մենք չենք կարողանում ընկալել ժամանակի ոգին։ Եթե այս առաջարկը լիներ մոտավորապես 2 տարի առաջ, մենք դա ինչ-որ տեղ կարող էինք պատկերացնել, սակայն հիմա մի իրավիճակ է, որ մեր հողի վրա այս պահին ռուս խաղաղապահներն են, ու եթե մենք դիմենք ԵՄ-ին, ԵԱՀԿ-ին կամ ԱՄՆ-ին ու երկուստեք մեծ ցանկություն լինի այդ առաջարկն իրագործելու, ըստ իս, դա չի հաջողվելու ու նման քայլի գնալով՝ ավելին ենք խորացնելու ճգնաժամը։ Մենք պետք է ինքներս փորձենք մեր անվտանգությունն ինչ-որ չափով երաշխավորող քայլեր անել, հետո նաև փորձենք այլ տրամաբանությամբ մեր անվտանգությունը երաշխավորել Ռուսաստանի հետ»,- ընդգծեց Պետրոսյանը։

Հարցադրմանը, որ կոնկրետ ԵԱՀԿ-ն ունի դիտորդական առաքելության հարուստ փորձ, մասնավորապես Վրաստանում և Ուկրաինայում, ինչո՞ւ պետք է նրա կողմից դիտորդական առաքելության իրականացումն էլ ավելի խորացնի ճգնաժամը, քաղաքագետը պատասխանեց․ «Իրականում իրենք մեր խնդիրը չեն կարող լուծել։ Նախ կողմերը՝ մասնավորապես ադրբեջանական կողմը չի համաձայնվի նման առաջարկի, բացի դրանից, մեր օրինակը շատ տարբեր է և՛ Ուկրաինայի դեպքից, և՛ մնացած դեպքերից»։

Անդրադառնալով առաջարկի այն բաղադրիչին, որ կարելի է սահմանին թեկուզ Ռուսաստանը ներկայացնող միջազգային դիտորդներ տեղակայել՝ Պետրոսյանը նկատեց․ «Ռուսաստանի տարբերակում պետք է դիտարկվի նաև այն հարցը, որ Ռուսաստանը երբևիցե չի հանդուժել ու չի էլ հանդուրժի իր հետ միասին այլ ուժերի ներկայություն, քանի որ այս տարածքն անմիջականորեն իր ռազմավարական շահերի տիրույթում է։ Սակայն եթե մենք Ռուսաստանը ներկայացնող դիտորդներ տեղակայենք, ապա դա անմիջապես կբացի Թուրքիայի «ախորժակը»։ Թուրքիան հիմա որևէ կերպ, ֆորմալ առումով ներգրավված չէ խնդրի կարգավորման գործում, սակայն եթե մենք ուզում ենք առաջ քաշել այդ ընդարձակված օրակարգը, ապա դրանով խթանելու ենք այդ ամենին նաև Թուրքիայի մասնակցությանը»։

Հարցին՝ ՀՀ պետական սահմանին միջազգային դիտորդների տեղակայումն ինչիպիսի՞ վտանգների կամ խնդրիների պատճառ կդառնա մեր իսկ պետության համար, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Մեր առաջին ու հիմնական սպառնալիքը սեփական իշխանությունն է։ Մենք չենք կարողանում հասկանալ, թե իրականում ի՞նչ ենք ուզում։ Ինձ համար խիստ անհասկանալի է, թե մենք ինչպե՞ս ենք հաջողում եղած ամբողջ քարտեզների ցանկից մշտապես ընտրել ու վեր հանել ամենաադրբեջանամետ կամ Ադրբեջանի շահը սպասարկող քարտեզներ։ ԽՍՀՄ-ի ժամանակ եղել են բազմաթիվ քարտեզներ, բայց մենք դրանց միջից ընտրում ենք ամենահակահայ քարտեզները և փորձում ենք դրանք իմպլիմենտացնել/ իրականացնել ու տեսնում ենք, թե ինչ տրամաբանությամբ ենք դա ուզում անել։ Եթե մենք չենք կարողանում գեներացնել մեր պետական շահը, հետևաբար չենք կարող մեր շահերը գեներացնելու նպատակով համագործակցել այլ պետությունների հետ»։

Պետրոսյանը, անդրադարձ կատարելով այն դիտարկմանը, որ վարչապետի պաշտոնակատարի կողմից արված առաջարկությունից անմիջապես հետո ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, նշեց․ «Ես հստակ չեմ կարող ասել՝ արդյո՞ք այդ առաջարկը դարձավ պատճառը կամ առիթը, որպեսզի ԱԳ նախարարը հեռանա, քանի որ բավականին լատենտ գործընթացներ են տեղի ունենում, բայց այն, որ այս ամենը փաթեթային տրամաբանության մեջ է, դա հաստատ։ Մարդիկ չեն ուզում իշխանության քայլերի պատասխանատվությունը կրեն ու դա ևս ակնայտ է։

Միաժամանակ իշխանության կողմից իրականացվող քայլերի նկատմամբ կա ըմբոստություն և՛ ՊՆ-ում, և՛ ԱԱԾ-ում, և՛ ԱԳՆ-ում։ Մեր 30 տարվա պատմության մեջ երբևիցե դեպք չի եղել, որ իշխանության և Արտգործնախարարության տեսակետներն ու դիրքորոշումները 180 աստիճանով իրարից տարբերվեն։ Երրորդ Հանրապետության պատմության մեջ սա ևս աննախադեպ բան է»։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close