1ԳլխավորԼուրերԿարծիքՆերքինՔաղաքականություն

Ձեզ դրեք Նիկոլ Փաշինյանի տեղը ու տեսեք՝ կկեղծի՞

Երկու օր առաջ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ եթե իշխանությունը կեղծի ընտրությունը, լինելու են հետընտրական գործընթացներ, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի հետևանքներ։

Անմիջապես հետո մարդը վստահեցրել է, որ այս իշխանությունը չունի բավարար ռեսուրս նման կարգի լկտիություն ցուցադրելու համար։

Ուրեմն ինչո՞վ ես սպառնում, հանգիստ գնա ընտրության ու հաղթիր, Նիկոլ Փաշինյանը քեզ ամեն ինչ է տվել դրա համար։ Քաղաքական ոչ մի ուժի կամ դեմքի համար Փաշինյանն այնքան անձամբ չի հարթել կանաչ ճանապարհ, որքան հենց քեզ համար։ Ուրեմն ինչո՞ւ ես սպառնում։ Փաշինյանը քանի՞ գլխանի է, որ կեղծելու ու վարչական ռեսուրս կիրառելու քո երևակայությունն ունենա։ Իսկ սպառնում ես, որովհետև շատ ուշադիր ես յութուբյան և ֆեյսբուքյան քո դիտումների արձագանքների նկատմամբ։ Ինչ-ինչ, բայց Փաշինյանից սովորել ես ուշադիր լինել լայքերի նկատմամբ։ Իսկ դրանք քեզ ոչ մի լավ բան չեն ասում։

Դու գիտես, որ հասարակությունը քո վերադարձը չի ուզում, այլապես Սյունիքում քո թիմակիցները յուրաքանչյուր տատանվող ընտրողի բաց տեքստով 50 հազար դրամ ընտրակաշառք չէին խոստանա, Էջմիածնում խոսում են նույնիսկ 100 հազար դրամի մասին, որովհետև այնտեղ Փաշինյանի մեջքն ամուր է։ Ինչպես կարելի է ենթադրել, այսպիսի Հայաստանում հետընտրական զարգացումներ խաղարկելն առանձնապես դժվար չի լինի, բայց փոքրիկ խնդիր կա, հիմա շունը տիրոջն ավելի չի ճանաչում ու մարդկանց հոգսը չէ, թե ով կեղծեց ու ով չկեղծեց։

Դու փորձելու ես թեման փակել հենց ընտրակաշառքով, որովհետև դա լինելու է միակ ոչ վերահսկելի հանցագործությունն ամբողջ ընտրական գործընթացի ընթացքում։ Ժողովրդին փողոց հանելը նախկինի ուժերից վեր է, դրա փոխարեն ավելի սպասելի է արյուն թափելը, որպեսզի մարդիկ, ի վերջո, ընդհանրապես թքեն ամեն ինչի վրա ու իրար դեմ դուրս գան։

Այսպիսի Հայաստանում հետընտրական պրոցեսն ավելի նման կլինի քաղաքացիական բախումների, որովհետև զուտ ընտրակեղծարարության համար փողոց դուրս եկող չկա, նրան փողոցի այլ «սծիմուլ» (քո բառն է) է պետք։ Իսկ այդպիսի «սծիմուլ» քո լրատվամիջոցներն այս գլխից ապահովում են։

Ի՞նչ է կատարվում հիմա։ Այսպիսի ագրեսիվ հակաքարոզչություն չի եղել նույնիսկ 2008-ին ընդդեմ իշխանության՝ կապիտուլյանտ, վիժվածք, մահաբեր։ Այսպիսի պիտակներ ունեցողին ու նրա կողմնակիցներին անցյալ դարի երեսնականներին ու քառասնականներին առանց մեղադրանքի կհավասարեցնեին ժողովրդի թշնամու հետ ու կգնդակահարեին։

Փաշինյանը Հայաստանի աչքի լույսը չէ։ Ու նա ձեր կանոններով չի խաղում ընտրությունների ընթացքում։ Հայաստանին դուք եք կապել ՀԱՊԿ-ի պոչից ու հիմա տեսնում եք, որ ձեր այնքան փառաբանած ՀԱՊԿ-ն այստեղ ուղղակի ոչինչ չի անում, որպեսզի մենք հանգիստ զբաղվենք ընտրություններով։ Ի՞նչ է նշանակում հազարավոր խնդիրներ ունեցող Հայաստանին սպառնալ հետընտրական զարգացումներով՝ ակնարկելով, որ հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։ Ձեզ դրեք Նիկոլ Փաշինյանի տեղը ու տեսեք՝ կկեղծի՞։ Թե՞ մտածում եք՝ Նիկոլ Փաշինյանն է իրեն դրել ձեր տեղը։

Արամ Գրիգորյան

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close