Եթե Ռոբերտ Քոչարյանը չի սպառնում, ինքն ընտրող չունի․ Արթուր Մանուկյան (տեսանյութ)

365news.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը
– Պարոն Մանուկյան, նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց այն արդեն թափ է առել։ Եվ ամենաակտիվը 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Դուք կարո՞ղ եք ասել՝ ո՞վ Ռոբերտ Քոչարյանին դարձրեց գործոն։
– Ռոբերտ Քոչարյանի գործոն դառնալը բազմաշերտ է, իհարկե։ Ռոբերտ Քոչարյանին դարձրել է գործոն իր անցած կյանքը, որն ինքը պաշտպանելու խնդիր ունի։ Ռոբերտ Քոչարյանին գործոն է դարձրել մեր օրենսդրական դաշտը, որը, պարզվում է, հոդվածուներ, հետո, երբ հոդվածով մեղադրանք ես ներկայացնում, իր չգիտեմ՝ ինչի շնորհիվ,-այսինքն՝ բոլորը գիտեն ինչի շնորհիվ, բայց քանի որ ապացուցելի չէ, չեմ բարձրաձայնում,-պարզվեց այդպիսի հոդվածը հակասահմանադրական է։
– Իսկ գործող իշխանությունը մեղք չունի՞։
– Գործող իշխանությունն իր մեղքն ունի, որովհետև գործող իշխանությունը մտածեց, որ այդպիսի չարիքներն արմատախիլ են լինում դանդաղ, երկար, օրենսդրական ճանապարհով, որի հետ կարելի է համաձայնվել կամ չհամաձայնվել։
– Երեկ պարոն Քոչարյանն ասել է, որ եթե պատրաստ եք չորեքթաթ ապրել, գնացեք, ընտրեք այս իշխանություններին։ Ի՞նչ է նա հասկացնում այս արտահայտությամբ։
– Քանի որ Ռոբերտ Քոչարյանը հայերեն լավ չգիտի, կարծում եմ, որ ինքն էլ չի հասկանում, թե ինչ է խոսում։ Չրեքթաթ․․․ Ինքը հասկանո՞ւմ է՝ ի՞նչ է ասում, ո՞ւմ է ասում։
– Ինքը նկատի ունի, որ մենք հիմա ապրում ենք չորեքթաթ, հավանաբար, ինչպես կենդանի։
– Չգիտեմ՝ Ռոբերտ Քոչարյանը «Պրիվետ, Ռոբ» արտահայտության համար մարդ է սպանել, ամեն դեպքում հրամայել է, որ սպանեն։ Եվ նույնիսկ այդ մարդու մահանալը նրան բավարար չէր, որովհետև կցանկանար նրան մի երկու բան ասել։
Ռոբերտ Քոչարյանի նմանների հետ ես երբեք չեմ շփվել և և այդ տեսակ երևույթներին նույնիսկ գրականության մեջ չեմ հանդիպել։ Գրողներին խորհուրդ կտամ մի քիչ ուսումնասիրել, որովհետև այդ մարդը հազվագյուտ պատահող կենդանիներից է մարդկության պատմության մեջ։ Երբ քո ասելով մարդ են սպանել, բայց դա քեզ համար քիչ է, դա տարօրինակ է։ Չգիտեմ՝ մասնագիտության բերումով հորինված կամ չհորինված կերպարների հետ շատ եմ շփվել, բայց այսպիսի կերպար դեռ չեմ հանդիպել։
– Պարոն Մանուկյան, «Քաղաքացիական պայմանագիրն» իշխանության եկավ նախկինների դեմ պայքարի հրամայականով։ Ինչո՞վ եք բացատրում, որ նախկիններն այսօր ավելի կենսունակ են Հայաստանի քաղաքական դաշտում, քան ներկաները։
– Ես հիմա ուղիղ եմ խոսում, առանց քաղաքական տողատակերի։ Նախկինները հարուստ են, մենք այդքան ռեսուրս չենք կարող տրամադրել, չունենք նախ, երկրորդ՝ բյուջեից չենք կարող տրամադրել, որպեսզի իրենց հակադարձենք, հակադրվենք, ստեղծենք էդքան TV-ներ, ռադիոներ։ Իսկ նախկինները հարուստ են չգիտես՝ որտեղից։ Ոչ ոք չգիտի որտեղից։
Այ էդ պարզաբանելու ընթացքը մեր քաղաքական ուժը որոշեց, որ պետք է անի երկար, դանդաղ, հիմնովին։ Այսպես էր ամեն դեպքում փաստարկվում և փաստարկվում է հիմա էլ, որը, էլի եմ ասում՝ մեկին համոզում է, մյուսին չի համոզում։ Օրինակ՝ ինձ սկզբից չէր համոզում, հիմա ես գտնում եմ, որ արագ փոփոխություններն արագ էլ վերանում են։ Հիմնովին փոփոխություններ են պետք, որը դանդաղ է ավելի։
– Ուրեմն՝ ձեր արածն ինչո՞վ էր հեղափոխություն։
– Մեր արածը մեծ հեղափոխություն էր, մեծ հեղափոխություն էր այն առումով, որ երկար, երկար տարիներ հայ ժողովուրդն ինքն իրեն հայելու դեմ չէր կարող նայել ու ասել, որ այս իշխանությունը,-լավն է, վատն է, դա չենք քննարկում,-իր ընտրած իշխանությունն է։ Երբ նայում ես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի անցած ճանապարհը, նաև 96-ին չէր եղել իշխանություն, որին ժողովուրդը նայի, ասի՝ հա, լավ է, վատ է, դժգոհ եմ, էս մի բանից դժգոհ եմ, մյուսից շատ դժգոհ եմ, էս մեկից գոհ եմ, ցանկացած գնահատականի դեպքում լիներ մի անհերքելի գնահատական, որ սա իմ ընտրած իշխանությունն է։
Դա հեղափոխում է մարդկանց, դա տալիս է մարդկանց սեփական իշխանության զգացողություն, որն ինքը պետք է պահի ու երբեք չկորցնի։ Եվ նույնիսկ եթե մենք սխալ իշխանություն ենք, ինքն ունի էդ բանալիները, թե ոնց ընտրի իր ճիշտ իշխանությունը։
– Բայց այնպես է ստացվել, որ ձեր իշխանության այլընտրանքը դարձել է նախկինը։
– Դա այլընտրանք չէ։ Դա հանրության տարբեր վախերն են։ Եթե հանրության մեջ չկա վախ, նախկիններից ոչ մեկը գոյություն չունի։ Եթե մարդու միջից բոլոր վախերը հանում ես, դրսից եկող վախերը, ներսից եկող վախերը, իրենցից եկող վախերը․․․ Եթե Ռոբերտ Քոչարյանը չի սպառնում, ինքն ընտրող չունի։ Ռոբերտ Քոչարյանը մի բան գիտի՝ վախեցնել ու սպառնալ։ Եվ հիմա նա փորձում է վախերը հաղթահարած ժողովրդի վախերը բռնել։ Ում վախերը որ նա բռնել է, այդքանն է իր ավարը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Զրուցեց Մհեր Արշակյանը