1ԳլխավորԼուրերԿարծիք

Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների հանումը ոչ թե մշտական, այլ միջանկյալ որոշում է․ իրանագետ

Ավստրիայի մայրաքաղաքում մայիսի 19-ին ավարտվել է Իրանի միացյալ հանձնաժողովի և միջազգային հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) բանակցությունները, որոնք վերաբերում էին իրանական միջուկային ծրագրին։ Արևմտյան երկրների ներկայացուցիչները Վիեննայում ընթացող բանակցությունների ժամանակ համաձայնել են չեղարկել Իրանի նկատմամբ հիմնական պատժամիջոցները։ Այդ մասին հայտարարել է  Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով Վիեննայում ընթացող բանակցությունները։

Թեմայի վերաբերյալ 365news.am-ը զրուցել է իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ պարզելու՝ Վիեննայի բանակցություններով Իրանի նկատմամբ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներն ամբողջապես կհանվե՞ն, թե՝ ոչ։

Իրանագետի խոսքով՝ Վիեննայի բանակցություններում ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ իրարամերժ տեղեկատվություններ են շրջանառվում․ «Այո, Վիեննայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում հայտարարվեց, որ եկել են որոշակի համաձայնություններ պատժամիջոցները թեթևացնելու նպատակով, սակայն պետք է նշեմ, որ շատ իրարամերժ տեղեկատվություններ են շրջանառվում՝ կապված պայմանավորվածությունների հետ։ Իրանի նախագահն, անդրադառնալով բանակցությունների արդյունքներին, հայտարարել էր, որ ընդհանրապես հանվել են արևմտյան պատժամիջոցները՝ բանկային համակարգի, նավթագազային ոլորտի վրայից։

Միաժամանակ արևմտյան մամուլը հայտնում է, որ այդ պատժամիջոցների մեծ մասը ժամանակավորապես են հանված։ Այսինքն՝ կողմերը միջանկյալ լուծում են կարողացել գտնել, որի շրջանակներում 180 օրով սահմանափակվելու են պատժամիջոցների մի մասի կիրառումը, որոնք անմիջականորեն ազդում են Իրանի տնտեսության վրա, իսկ այդ ընթացքում Իրանը պետք է գործողություններ ձեռնարկի, որոնց արդյունքում ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները պետք է գան ու ուսումնասիրություններ կատարեն ԻԻՀ-ում»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ պատժամիջոցների հանման շրջանակներում ձեռքբերված համաձայնությունների վերաբերյալ եղած տեղեկատվության իրարամերժությունը պայմանավորված է նաև Իրանում հունիսի 18-ին կայանալիք  նախագահական ընտրություններով․ «Իրանի ներկայիս նախագահ Հասան Ռոհանին, ընտրությունների շրջանում այս ամենի մասին հայտարարելով, ակնկալում է, որ բարեփոխականների դիրքերը կամրապնդվեն, ու նրանք ընտրություններում հաջողություն հասնելու հնարավորություն կունենան։

Իրանում շատ լավ հասկանում են, որ սա վերջնական որոշում չէ, այլ միջանկյալ է։ Չնայած այս պայմանավորվածությունները որոշակիորեն կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա, սակայն կարծում եմ՝ գոնե այս պահի դրությամբ պահպանողականների դիրքներն էլ ավելի ամուր են, քան՝ բարեփոխիչներինը»։

Անդրադառնալով այն հարցին, որ եթե որոշումը վերջնական լինի ու Իրանի վրայից ամբողջապես հանվեն պատժամիջոցները, դա Իրանի տնտեսության վրա ի՞նչ ազդեցություն կունենա, Իսկանդարյանը պատասխանեց․ «Եթե  կողմերը վերջնական որոշման հասնեն, այսինքն՝ ժամանակավոր այս պայմանավորվածությունը վերածվի հիմնական պայմանավորվածության և Իրանը հավատարիմ մնա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության  մասնագետների ընդունման պայմանավորվածությանը, որպեսզի նրանք ուսումնասիրություններ կատարեն ԻԻՀ-ում, ու եթե այս ուսումնասիրությունների արդյունքում էլ պարզվի, որ Իրանը հավատարիմ է մնացել գործընթացներին, ապա այդ ամենի արդյունքում կհանվի Իրանի տնտեսությունը քայքայող պատժամիջոցները՝ նպաստելով այդ երկրի տնտեսության վերականգնմանը»։

Հարցին, եթե Իրանում նախագահական ընտրությունների արդյունքում պահպանողականները հաղթանակ տանեն, որոնք դեմ են Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորմանը, ապա դա ի՞նչ ազդեցություն կունենա այս պայմանավորվածությունների վերջնական կյանքի կոչման վրա, իրանագետը պատասխանեց․ «Մինչև հիմա մենք տեսել ենք, որ եթե Իրանի իշխանության գլուխ գալիս են պահպանողականները, ապա նրանք Արևմուտքի հետ այդքան էլ չեն համագործակցում, իսկ բարեփոխիչները կամ ավելի լիբերալ թևի ներկայացուցիչները փորձում են նույն Արևմուտքի հետ համագործակցության եզրեր գտնել։ Այս համատեքստում էլ, եթե նախագահական ընտրություններն ավարատվեն պահպանողականների հաղթանակով, ապա հնարավոր է՝ այս գործընթացները ոչ թե ամբողջությամբ դուրս մնան օրակարգից, այլ ուղղակի դրանց իրականացումն ավելի դանդաղի»։

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբից Վիեննայում ընթանում են Իրանի միացյալ հանձնաժողովի և միջազգային հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) բանակցությունները։ Նախատեսվում է, որ արևմտյան երկրները կհանեն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, իսկ Իրանը կիրականացնի իր միջուկային պարտավորությունները։ Համաձայնագրի մասնակից երկրների ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացնում նաև Միացյալ Նահանգների պատվիրակության հետ։ Վիեննայում Իրան-ԱՄՆ ուղիղ բանակցություններ չեն ընթանում, սակայն բոլոր պատվիրակությունները մտադիր են աշխատանքները վերջնական ավարտին հասցնել մինչև այս տարվա մայիս ամսվա վերջ։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close