1ԳլխավորԼուրերԿարծիքՆերքինՔաղաքականություն

Որևէ տարածքի հանձնումն աղետալի կլինի, սակայն Քյարքիի հանձնումն էլ ավելի պայթյունավտանգ կլինի․ քաղաքագետ

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Telegram»-ի իր ալիքում հրապարակել է մի փաստաթղթի լուսանկար, որը, նրա պնդմամբ, պատրաստվում են ստորագրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Առավոտյան Կառավարության նիստի ընթացքում էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն այդ փաստաթուղթը ստորագրելու է, որովհետև 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին։ Ըստ տարածվող տեղեկատվության՝ փաստաթղթում խոսք է գնում Արարատի մարզի մեկ գյուղի, Տավուշի մարզի 7 գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու մասին։

Որևէ տարածքի հանձնումը աղետալի կլինի, սակայն Քյարքիի հանձնումն էլ ավելի պայթյունավտանգ կլինի, քանի որ այն կարևոր ճանապարհ է Վայոց ձոր-Սյունիք հատվածում։ 365news.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

«Հայաստանի իշխանությունը չպետք է որևէ տեսակի տարածքի հանձնման պատրաստ լինի՝ նույնիսկ Արծվաշենը վերադարձնելու պայմանով»,- նկատեց Վարդանյանը։

Քաղաքագետի խոսքով՝ ստեղծված իրավիճակում խնդիրն այլ տեղում է ու, իր խորին համոզմամբ, Ռուսաստանն Ադրբեջանի առջև դրել էր Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամակցության հարցն ու 44-օրյա պատերազմում ՌԴ-ի չեզոքությունը և Հայաստանին բավարար չափով չօգնելը հետևանք էր այն բանին, որ Ռուսաստանը 2016-ին տարավ Լավրովի պլանը, որը նախատեսում էր 7 շրջանների հանձնում Ադրբեջանին․ «Ամեն դեպքում դա Ադրբեջանի «սիրուն աչքերի» համար չէր անում ու դա ուներ հստակ գին։ Իմ խորին համոզմամբ՝ դա ԵՏՄ-ին Ադրբեջանին անդամակցությունն էր։ Հիմա եկել է Ադրբեջանի պարտքերը վերադարձնելու ժամանակը»։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ մինչ Ադրբեջանը կմիանա ԵՏՄ-ին կան մի շարք խնդիրներ, որոնք պետք է կարգավորվեն․ «Եթե Ադրբեջանը միանում է այդ տնտեսական միությանը, ապա միության անդամ երկրները պետք է միմյանց հետ ունենան դիվանագիտական հարաբերություններ և բաց սահմաններ, այլապես տրամաբանական չէ, որ գտնվելով նույն տնտեսական միության կազմում՝ անդամ երկրները չունենան բաց սահմաններ։ Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Ադրբեջանը նախապայմաններ է ներկայացնում, որ Հայաստանը ճանաչի տարածքային իր ամբողջականությունը և իրականացնի սահմանագծում ու սահմանազատում»։

Մենք կապ հաստատեցինք նաև իրավաբան Գևորգ Դավթյանի հետ՝ պարզելու համար հնարավո՞ր է նման փաստաթուղթ ստորագրվի առանց ԱԺ հաստատման կամ ՍԴ կողմից Սահմանադրությունը համապատասխանելու վերաբերյալ կարծիքի։

Դավթյանի խոսքով, օրինակ՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումն իրավաբանության հետ որևէ առնչություն չունի, քանի որ գործնականում որևէ մեկը չի կարող գաղտնի երկրի անունից որևէ բան ստորագրել, քանի որ եթե եռակողմ փաստաթուղթ է, դա իրենից ենթադրում է, որ միջազգային իրավական փաստաթուղթ է, որի ստորագրումը պարտականություններ ու պարտավորություններ է առաջ բերելու ու դրա ստորագրման համար անհրաժեշտ էր ստանալ և՛ ԱԺ համաձայնություն, և՛ անհրաժեշտության դեպքում ՍԴ-ի՝ սահմանադրականությանը չհակասող որոշումը։ Նույն կերպ պետք է վարվել ցանկացած փաստաթուղթ ստորագրելու պարագայում։

«Եթե Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված փաստաթուղթը ևս նոյեմբերի 9-ի նման գաղտնի կերպով ստորագրվի, ապա դա նույնպես դե յուրե իրավական նորմերի կանոնների հետ որևէ առնչություն չի ունենալու։ Այստեղ այլ հարց է, որ այդ փաստաթղթի ստորագրումը կանգնեցրել է կամ կկանգնեցնի էլ ավելի մեծ աղետի առաջ»,- ընդգծեց Դավթյանը։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close