1ԳլխավորԼուրերՀարցազրույցՆերքինՏեսանյութՔաղաքականություն

Էդ փաստաթուղթը միայն ինքն ունի ու Միքայել Մինասյա՞նը. հիմա դա ո՞նց հասկանանք․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

365news.am-ի զրուցակիցն է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը

Պարոն Մարուքյան, հնարավո՞ր է դեմարկացիայի կամ դեմիլիտացիայի փաստաթուղթ ստորագրվի առանց ԱԺ հաստատման կամ ՍԴ կողմից Սահմանադրությանը վերաբերող կարծիքի։

– Մենք այսօր արել ենք հայտարարություն, որ ՀՀ տարածքային ամբողջականության հետ կապված, ինչպես նաև քաղաքական բնույթի, ինչպես նաև սահմանների հետ կապված որևէ փաստաթուղթ չի կարող ստորագրվել առանց ԱԺ վավերացման։ Ինչո՞ւ, որովհետև քաղաքական բնույթի փաստաթուղթ է սահմանների հետ կապված փաստաթուղթը, իսկ Սահմանադրությունն ասում է, որ քաղաքական բնույթի փաստաթուղթը վավերացվում է ԱԺ կողմից, երկրորդ՝ Սահմանադրությունն ասում է, որ մարդու իրավունքների վերաբերյալ,-ազատությունների սահմանափակում, պարտականություններ, որոնք առնչվում են մարդու իրավունքներին,-նույնպես պետք է վավերացվի ԱԺ կողմից։

Սահմանի հետ կապված ցանկացած հարց մարդու իրավունքների հարց է, հետևաբար, ցանկացած փաստաթուղթ, որ հիմա կառավարությունը կստորագրի, եթե այն կվերաբերի մեր սահմաններին, եթե այն կվերաբերի Հայաստանի քաղաքական դերակատարմանը որպես պետություն, այն միանշանակ խորհրդարանի վավերացմանը ենթակա է։ Եվ դրա համար մենք ԱԺ հայտարարության տեքստ ենք դրել շրջանառության մեջ, որով հրավիրել ենք արտահերթ նիստ։

Այդ հայտարարությունն այն մասին է, որ Սահմանադրության արդեն իսկ իմ կողմից ձեզ նշած հոդվածները պետք է պահպանվեն և աներկբա է, որ այդ հայտարարության համաձայն չի կարող լինել գործող կառավարության կողմից Հայաստանի նկատմամբ ստանձնված պարտավորություն, որը չվավերացնի խորհրդարանը և ՍԴ-ով չանցնի։

«Իմ քայլն» ասում է, որ հայտարարությունը սահմանների մասին չէ, երկրորդ՝ ինքը հայտարարություն է, ոչ թե համաձայնագիր, որը կարիք զգա քննարկվել խորհրդարանի կողմից, կամ համապատասխանի Սահմանադրությանը, երրորդ՝ այն մտադրությունների մասին փաստաթուղթ է։

– Հասկացանք, մենք չենք տեսել փաստաթուղթը մեկ, այսինքն՝ չկա փաստաթուղթ, դուք ասում եք՝ նա ասում է, նա ասում է։

Իրենք ասում են, որ եղած տեղեկությունները մեդիատեռորի շրջանակներում են շրջանառում։

– Հասկացանք։ Ես չեմ բացառում։ Կարող է՝ մեդիատեռոր է։ Մեդիատեռորը կարող է դադարել, եթե կա հրապարակված փաստաթուղթ։ Մենք պահանջել ենք հրապարակված փաստաթուղթ, չի հրապարակվել։ Հիմա պահանջում ենք արտահերթ նիստ, թող գան, արտահերթ նիստում հրապարակեն, ասեն՝ մեդիատեռորի արդյունք է էս ամեն ինչը։ Թող գան ասեն, որևէ խնդիր չկա։ Ո՞րն է մեր ասելիքը՝ մենք ասում ենք՝ ժողովուրդ, ժողովրդի թիկունքում բան մի բանակցեք, մեկ, երկրորդ՝ ժողովրդի թիկունքում որևէ բանակցված բան դուք չպետք է ստորագրեք։

Եվ երրորդ՝ դուք հրավիրել եք արտահերթ ընտրություններ, որպեսզի այս ճգնաժամից դուրս գանք։ Արտահերթ ընտրության շրջանը չի նախատեսում որևէ նոր բանակցություն, որևէ նոր բան ստորագրել, որովհետև եթե դուք այդ լիազորություններն ունենայիք, մենք ընտրություններ չէինք հայտարարի, ձեր մանդատն այլևս այն մանդատը չէ, որը դուք ունեք ժողովրդից ստացած։

Հետևաբար մենք ի՞նչ ենք ասում՝ ասում ենք մինչև ընտրությունները որևէ բան մի բանակցեք, մի ստորագրեք ոչ մի բան, գնանք ընտրությունների, ընտրություններին ձևավորված նոր իշխանությունը թող գնա վերաբանակցի, բանակցի, ստորագրի, որովհետև կունենա մեր ժողովրդի տված նոր մանդատը՝ թարմ, հետպատերազմական, Հայաստանի մանդատ կունենա։ Սա է մեր ասածը։

Պարոն Մարուքյան, վարչապետի պաշտոնակատարն ասում է, որ կոռեկտ չի համարում աշխատանքային փաստաթուղթը հրապարակել․․․

– Ընդունելի չէ․․․ Եթե դա ընդունելի լիներ, մենք էլ արտահերթ նիստ չէինք հրավիրի։ Հիմա կոռեկտ չէ․․․ Էդ փաստաթուղթը միայն ինքն ունի ու Միքայել Մինասյա՞նը։ Հիմա դա ո՞նց հասկանանք։ Բա լավ, որևէ այլ պետական, ընտրված կամ նշանակված ինստիտուտ, որը լիազորություններ է իրականացնում, չպե՞տք է իմանա՝ ինչ է կատարվում։ Էս է վիճակը։

Իշխանական պատգամավորներից այսօր ակնարկում էին, որ եթե չենք հրապարակում, ապա հետաքրքրվող բարձրաստիճան այրերը կարող են գալ ծանոթանալ, տեսնել, որ ոչ մի վտանգավոր բան չկա ու դա ասեն հանրությանը․․․

– Դա էլ է աբսուրդ, որովհետև որևէ բարձրաստիճան պաշտոնյա, որն այդ իշխանությունից չէ, թեկուզ․․․ Իրենք ի՞նչ են ասում՝ ասում են, ընդդիմությունը թող գա, կարդա ու ասի, չէ՞, գաղտնի։ Հիմա ընդդիմությունը գա կարդա ու դառնա ձեր խոսնա՞կը։ Խնդիր չկա։ 100 տոկոս մեր շահերի՞ց է բխում։ Ընտիր է, քավ լիցի։ Լավ է։ Հրապարակեք, ժողովրդի էս անհանգստությունը, լարվածությունը կդադարի։

Հրապարակեք, տեսնենք՝ մեր երկրի շահերից է բխում, որևէ խնդիր չկա։ Եթե դուք չեք կարողանում մեդիադաշտում կամ ընդհանրապես մեր ժողովրդին ասել խոսք, որը կբավարարի ձեզ վստահելուն կամ հավատալուն, որ որևէ վատ բան չեք անում, դուք ունեք մեծ պրոբլեմ։ Հետևաբար այդպիսի պրոբլեմ ունեցող իշխանությունը թող ոչ մի բան ո՛չ ստորագրի, ո՛չ բանակցի, ո՛չ էլ ասի, որ որևէ պրոցես եմ անում։ Թող ընտրություններ լինեն, ընտրություններից հետո ձևավորված իշխանությունը կանի։

Ի՞նչ խնդիր է լուծելու այսօրվա արտահերթ նիստը։

– Այսօրվա արտահերթ նիստը լուծելու է հետևյալ խնդիրը՝ տեղեկատվությունը ստանալ, մեկ, երկրորդ՝ հայտարարությունն ընդունել,-եթե քվեարկեն մեր գործընկերները,-առ այն, որ առանց խորհրդարանի վավերացման չի կարող նման փաստաթուղթ ստորագրվել կամ ստորագրված փաստաթուղթն ուժի մեջ մտնել և ՀՀ-ի համար պարտականություններ սահմանել։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close