1ԳլխավորԼուրերՀարցազրույցՆերքինՔաղաքականություն

«Վերջին հաշվով ՀԱՊԿ-ը պետք է ցույց տա՝ ինքը կենսունա՞կ է այսպիսի խնդիրները լուծելու»․ Անդրանիկ Քոչարյան

365news-ի զրուցակիցն է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

-Պարոն Քոչարյան, Ռուսաստանն առաջարկել է, որպեսզի միջնորդ դառնա հայ-ադրբեջանական սահմանազատման աշխատանքներին։ Դա ի՞նչ է նշանակում։

-Դա նշանակում է, որ Ռուսաստանն ուզում է ինքն էլ մասնակցել այդ սահմանազատման հետ կապված խնդիրներին լուծումներ գտնելու գործընթացին։ Որովհետև սահմանազատման խնդիրները մշտական պրոբլեմ է եղել դեռ խորհրդային ժամանակներից։ Սահմանազատման խնդիրներ ունենք թե Վրաստանի հետ,-կան այդպիսի հատվածներ հայ վրացական սահմանում,-այստեղ էլ առաջին պատերազմից առաջ չսահմանազատված տարածքների արդյունքում առաջին պատերազմը եղավ։ Երբ սովետական կայսրությունն էր, հա՞, այն ժամանակ այսպիսի խնդիրներ չկային, որովհետև մենք միասնական անվտանգային համակարգում էինք և իրար վրա չէինք կրակում։ Բայց երբ Սովետական Միությունը փլուզվեց, պարզվեց, որ այդ ճանապարհներն իրենց մեջ լուրջ վտանգներ են պարունակում, և ընդհանրապես միջպետական սահմանների հետ կան լուրջ խնդիրներ, բայց միասնական անվտանգային համակարգում այդ խնդիրները սառեցվել էին։

Դրանք գլուխ բարձրացան, դարձան առաջին պատերազմի հիմնասյունը, հետագայում մենք պատերազմի ընթացքում ունեցանք կորուստներ, հետո ունեցանք հաջողություններ, հետո տևական ժամանակ՝ 1994-ի հրադադարից հետո մենք չկարողացանք մեր հաջողությունները զարգացնել և այս պատերազմում կրեցինք պարտություն։ Հիմա նույն իրողությունների առաջ ենք կանգնած՝ սահմանազատման խնդիրները նորից գլուխ են բարձրացրել։ Դրանց լուծումները պետք է գտնել, որովհետև այսօր իրենք կգան, կնստեն ինչ-որ բարձունքի վրա, վաղը մենք կգնանք, կնստենք մեկ այլ բարձունքի վրա, կսկսենք էստեղ կրակել, վաղն իրենք կկրակեն, և դա եթե հիմա չլուծվի, կդառնա տարածաշրջանային հետագա նոր լարվածության պատճառ, և դրա արդյունքում նաև կարող են այլ շահեր ունեցող թե պետությունները և թե քաղաքական օրակարգի մեջ ներառված ուժերը այս ամենը դարձնել իշխանության համար կռվի շատ լավ միջավայր։

-Մեր ՊՆ-ն հայտարարել էր,  որ եթե Սև լճի շուրջ լարվածությունը ձգձգվի, ադրբեջանցիների դուրս մղումը մեր տարածքից, կարող են իրականացնել ռազմական ճանապարհով։ Խոսքը նոր պատերազմի մասի՞ն է։

-Ոչ, խոսքը պատերազմի մասին չէ։ Պարզապես ՊՆ-ն ասում է՝ մեզ համար սահմանի այդ հատվածում սահմանազատման խնդիր չկա, դուք անցել եք պետական սահմանը, իսկ եթե դուք անցել եք պետական սահմանը, Զինված ուժերը իրավասու են իրականացնել ուժային գործողություն լոկալ բնույթի։ Բայց դա չի նշանակում, որ մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Դա նշանակում է, որ նախ մենք պետք է սպառենք բոլոր հնարավորությունները, ոչ մի պետություն չի հանդուրժի իր պետական սահմանի գոնե մեկ միլիմետրի կորուստ։

-Դուշանբեում ավարտվել է ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպումը։ Ի՞նչ կարելի է սպասել այդ հանդիպումից։

-Այսօր արդյունքները կտեսնենք։ Վերջին հաշվով դիմել ենք ՀԱՊԿ-ին, բայց երկրորդ կետով թող ԱԳ նախարարներն ասեն, թե ինչպես են տեսնում խնդրի լուծումը։ Վերջին հաշվով ՀԱՊԿ-ը պետք է ցույց տա՝ ինքը կենսունա՞կ է այսպիսի խնդիրները լուծելու, թե՞ ոչ։ Եթե ինքն իր կենսունակությունը ցույց տվեց, նշանակում է` ինքը շանս ունի զարգանալու, կայանալու որպես ընդհանուր անվտանգային միջավայր։ Եթե չկարողանան լուծել․․․ Ի վերջո առաջին անգամն է, որ ՀԱՊԿ-ն առնչվում է նման միջնորդության, միջնորդությունն առկա է, և իրենք պետք է կայացնեն որոշումներ անկախ նրանից, թե որոնք են ՀԱՊԿ անդամ պետություննները՝ մեզ համար հարգելի՞ են, սիրելի՞ են, թե՝ ոչ։ ՀԱՊԿ-ն այս պահին միասնական կառույց է, և եթե ինքը չկարողացավ այս խնդրով գնալ հանգուցալուծման, ուրեմն մենք էլ կմտածենք, թե ինչպես ենք այն լուծելու խաղաղ ճանապարհով, իսկ ՊՆ-ի հայտարարությունն ասում է, որ խնդիրը բոլոր դեպքերում պետք է ստանա լուծում, որովհետև խնդիրը  վերաբերում է մեր պետական սահմանի գրավմանը։ Իսկ հայ-ադրբեջանական սահմանազատման խնդիրները քաղաքակիրթ լուծելու համար շատ կարևոր է, որ ադրբեջանցիները դուրս գան մեր տարածքից, որից հետո մենք կքննարկենք խնդրո առարկա դարձած հարցերը։

-Ձեր կարծիքով` ՀԱՊԿ-ը այս պահի դրությամբ կարողանու՞մ է այս խնդրի տակից դուրս գալ։

-Ես կարծում եմ` ՀԱՊԿ ասածի մեջ ամենածանրակշիռ դերն ունի Ռուսաստանի Դաշնությունը։ Մենք էլ ենք ՀԱՊԿ անդամ։ Դուք տեսաք, թե ինչպես Ռուսաստանը ծանր տարավ Խաչատուրովի դեմ քրեական միջնորդությունը, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցվեց։ Այսինքն, ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրները Ռուսաստանի համար շատ զգայուն են։ Բայց այս խնդիրը մեր պետության համար է շատ զգայուն, դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում։ Սա կարող էր լոկալ խնդիր լինել, բայց քանի որ արտահերթ ընտրությունների շեմին ենք, այլ լոկալ խնդիրը կարող է ավելի գլոբալ խնդիրներ առաջացնել՝ Սյունիքի գործադիր իշխանության ղեկավար կազմը ներգրավեց սրա մեջ, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը իր հերթին օգտագործեց այս թեման, Ռոբերտ Քոչարյանը։ Օր առաջ պետք է այդ միջավայրը սառեցնել, որպեսզի բանակը կարողանա կենտրոնանալ իր առջև ծագած այս խնդրի շուրջ ու լուծի այն։

Բայց դրանից առաջ ուզում էին բանակին բերել Երևան քաղաք, հիմա բանակին անընդհատ ասում են՝ գնացեք, կրակեք, բայց էդ կրակել պահանջողները թող հիշեն, որ մի օր էդ հարցն իրենց տրվելու է։ Էդպիսի կրակել առաջարկողները 44-օրյա պատերազմի ընթացքում, այդ նույն քաղաքական ուժերի էլիտան,-ես չեմ ասում, որ այդ ուժերի մեջ չեն եղել մարդիկ, որոնք էս պատերազմում տվել են ամեն ինչ,-այ էդ հնչեցնողները իրենց ընտանիքը, իրենց ընտանիքի անդամներն ինչպիսի՞ մասնակցություն են ունեցել այս պատերազմում, իրենց զավակները իրենց տեսքով, իրենց մերձակա հարազատությամբ․․․ Կա մեկը՝ նախկին վարչապետ։ Ես գիտեմ, որ նրա զավակին ծանուցագիր է ուղարկվել պատերազմի ժամանակ ներկայանալու, եթե չեմ սխալվում։ Ես ուզում եմ հասկանալ՝ նրա զավակը ներկայացա՞վ, կամ այդ նախկին վարչապետը զանգե՞ց նրան ասելու, որ՝ որդիս, ներկայացիր, երկիրը պատերազմի մեջ է, բոլորս պետք է մասնակցենք։ Կամ ՌԴ-ում հյուպատոս աշխատած ավանդական կուսակցություններից մեկի նախկին ներկայացուցիչը իր որդուն ԱՄՆ ուղարկելուց առաջ գուցե ասեր` տղա՛ս, Ամերիկա մի գնա, երկիրը պատերազմի մեջ է, կարող է նաև քո կարիքը զգացվե՞լ, մյուսի որդին Խոսրովի անտառում ձիու հետ արված լուսանկար էր տեղադրում Ֆեյսբուքում իբր թե պատերազմի գոտում է՝ չիմանալով, որ ձին խրտնում է ամենափոքր գմփոցից։ Հիմա, իհարկե, զորակոչվելիս հաշվի են առնում, տարիքը, հիվանդությունը, բայց էստեղ խնդիրը դա չէ։

Հիմա, երբ անընդհատ պատերազմի կոչեր են անում, նախորդ պատերազմից հետո ամեն ինչ արե՞լ են, որ արդյունքը չլիներ այսպիսին։ Իրենք կրակելու կոչ անելու բարոյական այդ իրավունքը պետք է ձեռք բերեին։ Հիմա եթե այդպիսի կոչեր անեին մեր զոհված զինվորների ընտանիքները, ես նրանց կհասկանայի։ Բայց նրանք այդպիսի կոչեր չեն անում։ Նրանք այդ բարոյական իրավունքը ունեին։ Բայց կոչեր են անում նրանք, որոնք մասնակցության հետագիծը պարզ չէ։ Այստեղ է խնդիրը, որ դրանց պետք է քաղաքական հարթակից շպրտել մի կողմ և պետությանը հնարավորություն տալ կենտրոնանալու իր առջև դրված խնդիրների վրա։ Բայց առավոտից իրիկուն մենք հայտնվել ենք ոչ միայն ֆեյք միջավայր, այլ ֆեյք անվտանգային միջավայր ենք ձևավորում հակառակորդի համար։ Այդ միջավայրը պետք է օր առաջ ոչնչացվի, որպեսզի պետությունը, ուժային կառույցները կենտրոնանան իրենց բուն խնդիրների վրա, մենք առավոտից իրիկուն բամբասանքները հերքելով ենք զբաղված։ Պատերազմը խաղ ու պար չէ։

-Երբ Ռուսաստանն ասում է, որ պատրաստ է զբաղվել հայ-ադրբեջանական դեմարկացիայով, նշանակու՞մ է, որ մեր պետական սահմանին կան վիճելի հատվածներ, որտեղից պետք է նահանջենք։

-Ռուսաստանն ասում է՝ կան դեմարկացիայի հետ կապված խնդիրներ, նահանջել կամ առաջ գնալն անընդհատ ճշտումների պրոցես է։ Ասում եմ ձեզ, քնած վիճակից խնդիրն անընդհատ արթանալու է կամ արթնացնելու են։ Տեսեք, ոչ ոք չի ասում, որ կա Քյարքիի կամ որևէ այլ անկլավի խնդիր կա, բայց նույն Հայաստանի տարածքում նույն Նաիրա Զոհրաբյանն ի՞նչ ասեց՝ որ այստեղ բանակցում են Քյարքիի թեմայով։ Երբ դա իրականում այդպես չէ։ Բայց Ադրբեջանի լրատվական կայքերը դա ֆիքսեցին, ու դա կարող է խնդիր առաջացնել նմանաբովանդակ խնդիրների հուշումը անընդհատ գնում է ՀՀ տարածքից ու տպավորություն է, որ,-չեմ ասի, թե գորածակալ են,-բայց իրենց գործողությունները հուշում են, որ առանց փաստաթուղթ ստորագրելու իրենք գործակալական ծառայություն են մատուցում մեր հակառակորդին։ Բազմաթիվ հրապարակումներ են արվում, որոնք մեր շահերից չեն բխում։ Նախկին մարզպետ, Նաիրա Զոհրաբյան, ինչ-որ թերթեր առավոտից իրիկուն ծառայություն են մատուցում մեր հակառակորդին։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close