1ԳլխավորԼուրերԿարծիքՆերքինՔաղաքականություն

ՀՀ պետական սահմանում ստեղծված իրավիճակը վերջին պատերազմի տրամաբանական շարունակությունն է. Հակոբյան

ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր կրկին մամուլի հաղորդագրություն էր տարածել՝ կապված ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում էր, որ Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրության մեջ, մայիսի 18-ի առավոտյան դրությամբ, փոփոխություններ չեն արձանագրվել։

365news.am-ը սահմանային իրավիճակի վերաբերյալ զրուցեց ռազմական պատմաբան Մհեր Հակոբյանի հետ։

Ըստ Հակոբյանի՝  ՀՀ պետական սահմանում ստեղծված իրավիճակը վերջին պատերազմի և նոյեմբերի 10-ի հայտարարությունների տրամաբանական շարունակությունն է։ Դրանք էլ իրենց հերթին 2018թ.-ի գարնանային հայտնի իրադարձությունների տրամաբանական շարունակությունն են։ Սրանք շղթայի հերթական օղակներն են։

Մհեր Հակոբյանի խոսքով՝ ստեղծված խնդիրն ունի մի քանի շերտեր, որոնք էլ իրենց հերթին ներքին ու արտաքին քաղաքական բաղադրիչներ ունեն։

«Առաջին բաղադրիչն այն է, որ այս ամենն ակնհայտ Հարավային Կովկասում պանօսմանիզիմի և պանթյուքիզմի քաղաքականության կյանքի կոչման գործընթաց է։ Երկրորդ բաղադրիչը Ռուսաստանի շահերի ոչ միանշանակ արտացոլումն է Հարավային Կովկասում։ ՌԴ-ն Հարավային Կովկասում ամրանալու խնդիր ունի, Ադրբեջանում ամրանալն այդքան էլ չի ստացվում, ուստի՝ խնդիր կա ամրանալ Հայաստանում։ Արտաքին հաջորդ բաղադրիչն Արևմտյան երկրների ազդեցությունն է, սակայն այս բաղադրիչն այդքան էլ ազդեցիկ չէ։

Մենք տեսանք, թե այս իրավիճակում ԱՄՆ-ն և Ֆրանսիան ինչքան ակտիվ էին ու դա, ըստ էության, հիմնականում Ռուսաստանին հակադարձելու, ինչպես նաև պանթյուրքիզմի և պանօսմանիզմին գաղափարախոսության ժամանակակից արտահայտիչներին դեմ դուրս գալու համար էր։ Սրանք են հիմնական արտաքին բաղադրիչները»,- ընդգծեց նա։

Խոսելով ներքին բաղադրիչների մասին՝ մեր զրուցակիցն անդրադարձավ ներհայաստանյան իրավիճակին՝ նշելով, որ ներհայաստանյան բաղադրիչներից մեկը գործող իշխանության ցածր վարականիշն է, որը գնալով այս վերջին 5-6 օրերի ընթացքում էլ ավելի է նվազել՝ նույնիսկ Փաշինյանի ամենահավատարիմ կողմնակիցների մոտ, մյուսն էլ այն է, որ քաղաքական դաշտի տարբեր ուժեր տարբեր կոմբինացիաներով իրար հետ հակադրությունների մեջ են մտնում  և արդյունքում ունենք այն, ինչ ունենք։

Անդրադառնալով հնարավոր ռազմական բախումներին՝ ռազմական պատմաբանը նշեց, որ դրանում կան քաղաքական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաև հոգեբանական շերտեր։

«Եթե խոսենք հոգեբանական շերտից, ապա կարող ենք նշել գործող իշխանության՝ պատերազմի հոգեբանական անպատրաստվածությունը։ Վերջին պատերազմը տանուլ տալով, իրենց մեղավորությունն ընդունելով՝ գործող իշխանությունն այնուհանդերձ կարծում էր՝ հասարակությանը «լավ» բան է ասում, որն, ըստ իրենց ձևակերպման, հետևյալ տեսքն ուներ․ «Տվեցինք Արցախը, չնայած ցավալի էր, բայց ոչինչ, փոխարենը հիմա կունենանք կայուն խաղաղություն»։ Ինչպես տեսնում ենք՝  կայուն խաղաղություն ևս չկա, ու եթե կրկին պատերազմ լինի, ապա իշխանությունների «կայուն խաղաղության» թեզը ևս հօդս կցնդի։

Փաստացի այս իշխանությունները չեն կարող պատերազմ սկսել, քանի որ և՛ իրենք են հոգեբանորեն անպատրաստ, և՛ իրենց էլեկտորատը։ Մյուս խնդիրը կրկին իշխանությունների հոգեբանական մակարդակի վրա է, այսինքն՝ երբեմնի ինքնավստահ Նիկոլ Փաշինյանից պատերազմից հետո մնաց մի սուբյեկտ, որին Ալիևն ամենալպիրշ արտահայտություններով կոպտում է։ Բացի դրանից, այս իրավիճակում կարևոր է նաև ռազմական գործոնը, քանի որ վերջին պատերազմում հայկական բանակը զգալի կորուստներ կրեց, ուստի՝ դեռևս հարցական է, թե մեր բանակն ինքն իրենով որքանո՞վ է պատրաստ նոր ռազմական գործողությունների։ Այս ամենը գումարվում է իրար ու դառնում հիմք, որի պատճառով էլ իշխանությունները վախենում են ինչ-որ քայլ անելուց ու զուտ ժամանակ են շահում՝ հուսով, որ իրավիճակը կկարգավորվի։ Այս ամենում ցավալին այն է, որ հարվածի տակ է դրվում ՀՀ-ի ինքնիշխանությունը»,- ընդգծեց Հակոբյանը։

Հարցին՝ մամուլում կրկին շրջանառվում է տեղեկատվությունը, որ հայկական կողմը պատրաստվում է Ադրբեջանին հանձնել Տավուշի մի քանի գյուղեր, արդյո՞ք նման տեղեկտավությունն իրականության հետ աղերս ունի և արդյո՞ք հայկական իշխանությունները կգնան նման քայլի, Հակոբյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ներկա իշխանության քաղաքական ամրությունը չի հերիքի դրան, բացի դրանից, նախընտրական շրջանում նրանք նման քայլի չեն գնա։ Ճիշտ է՝ վերջին պատերազմից հետո մարդիկ զգուշանում են նման կանխատեսնումներ անելուց, սակայն հուսով եմ՝ նման տեսարան չենք ունենա։ Եթե հանկարծ նման բան լինի, դա կհանգեցնի ներքաղաքական պայթյունի ու կլինի այդ քաղաքական ուժի դագաղի վրա խփված վերջին մեխը»։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close